Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի շփման գծի երկայնքով` Աղդամի, Տերտերի եւ Գերանբոյի շրջաններում, 2700 մ երկարությամբ պաշտպանական պատ կառուցելու` ադրբեջանցիների նախաձեռնությունը, ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանի կարծիքով, զուտ քարոզչական նպատակ հետապնդող ակցիա է, քանի որ նման պաշտպանիչ պատնեշի անհրաժեշտություն ադրբեջանական սահմանամերձ բնակավայրերի պարագայում պարզապես չկա:
«Սա հերթական քարոզչական ակցիան է` ուղղված արտաքին լսարանին: Նպատակն էլ այն է, որ հայի արյունարբու կերպարն ավելի ամրապնդեն միջազգային հանրության ընկալումներում, եւ ես չեմ բացառում, որ այն դառնա Ադրբեջան այցելող պետական պատվիրակությունների արարողակարգի մաս` թե, տեսեք, հայերն ինչ սադիստ են, մարդասպան են եւ այլն, եւ այլն»,- yerkir.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց փորձագետը:
Նրա հավաստմամբ` վաղ թե ուշ ադրբեջանցիները պետք է համակերպվեն, որ այսօրվա ռազմաճակատի գիծը Արցախ-Ադրբեջան կամ Հայաստան-Ադրբեջան պետական սահմանն է, եւ պատը, որ իրենք կառուցում են քարոզչական նպատակով, հատկապես` սահմանամերձ գյուղերի ադրբեջանցիների ընկալումներում ակամա կհասունացնի հենց այդ գաղափարի գիտակցումը:
«Պատ` նշանակում է, որ Ադրբեջան պետությունն այդտեղ վերջացավ, այսինքն` որ այդ պատից այն կողմ այլեւս երբեք իրենցը չի լինելու, եւ Արցախն անդառնալիորեն կորցնելու զգացողությունը կամրապնդվի իրենց մոտ»,- նշեց Դ. Ջամալյանը` հավելելով, որ սա գուցե այն դեպքն է, երբ չկա չարիք առանց բարիքի:
Նշենք, որ Vesti.Az-ն այսօր տեղեկություն էր տարածել, թե պատի կառուցման նպատակը հայկական կողմի կրակոցներից տեղի բնակիչներին պաշտպանելն է: