կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-10-05 18:31
Առանց Կատեգորիա

Նկարչությունը կյանքն է` շրջանակով երիզված

Նկարչությունը կյանքն է` շրջանակով երիզված

Այսօր Երեւան քաղաքի պատմության թանգարանում կբացվի Անկախության 20-ամյակին նվիրված Նիկոլ Աղաբաբյանի ցուցահանդեսը, որտեղ ցուցադրված են նկարչի վերջին տարիների ստեղծագործությունները: Աղաբաբյանը սիրում է «ծուռ նստել, դույզ` խոսել», եւ խոսում է այնպես, ինչպես նկարում է. բառը կանգ չի առնում եւ ոչ մի փակ դռան առջեւ: Նկարչի անցած ճանապարհը խճանկարների շարք է հիշեցնում. հակասական, բայց ամբողջի մեջ` օրինաչափ են:

-20 ամյա անկախությունն ինչ-որ պատկերի մեջ տեղավորվո՞ւմ է:

-Դժվար է ասել, քանի որ ես կուզենայի, որ մենք ավելի լավ վիճակում լինեինք, քան` ենք: Մեր ժողովուրդն ավելիին է արժանի: Եւ որպեսզի մենք ավելի լավ վիճակի մեջ չլինենք, գերտերություններն անում են ամեն ինչ:

-Քաղաքական անցուդարձը որքանով է ձեր նկարներում տեղ գտնում:

-Գիտեք, որ ասենք, թե արվեստը կապ չունի քաղաքականության հետ, սխալ կլինի, քանի որ եթե արվեստն օրվա շնչով չապրեց, ոչ մի բանի պիտանի չէ: Նկարչությունն այսօրվա արտացոլումը պետք է լինի: Ուղիղ արտացոլմանը ես կողմ չեմ, ի վերջո, նկարչությունն իր խնդիրներն եւ իր խոսելու լեզուն ունի: Այն հոգեւոր դաշտի բացերը լրացնելու անհրաժեշտությունն է ապահովում, իսկ հոգեւոր դաշտում պետք չէ քարոզել: -

Նկարչի աչքերում ամեն ինչ գույնի է վերածվում. քաղաքական որ կուսակցությանն ինչ գույն կտաք:

-Բոլորն անգույն են եւ կամ այն գույնն են ստանում, որը որ հարմար է. քամելեոն են, դժբախտաբար: Եւ, ընդհանրապես, ես այն կարծիքին եմ, որ մենք այն ժողովուրդը չենք, որ պետք է կուսակցություններ ունենանք: Մենք կուսակցություններ ստեղծելու արդյունքում կորցրինք մի ահռելի երկիր: Եթե նախկինում կուսակցություններն ինչ-որ խնդիրներ եւ գաղափարախոսություններ ունեին, հիմա միայն նեղ անձնական հարցեր են լուծում: Որեւէ մի կուսակցություն այսօր ազգի ցավով չի առաջնորդվում:

-Այսինքն` մարդն էլ է անգույն դառնում` դառնալով կուսակցական:

-Միանշանակ: Մարդն իր տեսակը, անհատականությունը կորցնում է: Այլ բան է, որ արեւմուտքում կուսակցությունները ազգապահպան ահռելի գործ են անում եւ արել, այլ խնդիր է Հայաստանը: Մի գաղափար կա` երկիրը սարքել, բայց քանդվում է երկիրը, այն դարձել է ինչ-որ մեկի §դուքյանը¦: 3 տարում կարելի է ծաղկող երկիր դարձնել Հայաստանը:

-Արվեստագետներից շատերը գնացել կամ գնում են երկրից: Ձեզ ինչն է կապում այստեղ:

-Կարծում եմ` մի սերունդ մինչեւ վերջ իր պատերազմը պետք է տա, քանի որ յուրաքանչյուր սերունդ գալիս եւ կես ճանապարհին կանգնում է, իսկ եկողը նորից սկզբից է անում ամեն ինչ: Հերոսանալ պետք չի, պետք է մարդավարի ապրել: Առիթը եղավ, երկիրը պաշտպանելու, պաշտպանեցինք, անհրաժեշտությունը կա` ուղղակի ապրել երկրում, պետք է ապրել ու քայլեր անել, խոսել, բարձրաձայնել: Թողնել-գնալ... Գիտեք`ես, միեւնույնն է, դավաճանություն եմ համարում: Անելիք ունեմ, ի վերջո, ինձ հաց ուտելը չի հետաքրքրում: Միեւնույնն է, այնտեղ գնացողները կարոտից սատկում են. չհաշված որ մնացողներին էլ մենակ են թողնում: Լավ կլինի, որ յուրաքանչոյւր հայորդի գնա, աշխարհը շրջի, որ իր երկրի արժեքը զգա:

-Շատ է կյանքն իր խոսքով տարբերվում նկարում պատկերված գույների փսփսոցից:

-Չեմ կարծում, որ տարբերվում է առհասարակ: Ճիշտ է, օրինակ, նկարում շատ հակասական են գույները, բայց վերջում պատկերն օրինաչափ է շատ, հարմոնիա կա: Հակասականությունը գալիս է մեր երկրից, ռելիեֆից. ամեն մի հայ մի աշխարհ է: Կյանքից զատ չի նկարչությունը. չէ որ գոյություն ունի էներգետիկ դաշտ. իզուր չէ, որ հենց հրապարակում է Ազգային պատկերասրահը:

-Պոետների, նկարիչների համար արեւը երկրորդ աստված կարծեք թե լինի: Ինչ կասեք Դուք:

-Այո, առանց լույսի, արեւի ոչ մի բան էլ չի լինի: Անարեւ ինչ նկար: Անարեւ նկարում են հյուսիսային ժողովուրդները, ռուսները: Ես Պետերբուրգում ցուցահանդես էի բացել, եւ մարդիկ, ովքեր եղել էին Հայաստանում` ասում էին` ահա, Հայաստանը, իսկ ովքեր չեն եղել` ասում էին` այսպիսի գույներ հնարավոր չէ: Լույսն է, որ տանում է խաղաղության: Եռագույնի նշանակությունը սխալ է մեկնաբանվում, քանի որ կարմիրը Աստծո, կապույտը` Քրիստոսի, իսկ ծիրանագույնը` Սուրբ Հոգու գույնն է, իսկ մեր եռագույնը սուրբ երրորդություն է խորհրդանշում:

 

Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ