Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սեպտեմբերի 29-ը Սրտի համաշխարհային օրն է, ինչը նշանակում է, որ մարդիկ եւս մեկ հնարավորություն ունեն` «անտեղի» բժշկի այցելելու: Սրտաբանները շարունակում են հորդորել, որ մարդիկ տարվա մեջ մեկ անգամ, եթե նույնիսկ բողոքներ չունեն, այցելեն սրտաբանի` հիվանդությունը սկզբնական փուլում ախտորոշելու նպատակով: Ամեն տարի շուրջ 17 միլիոն մարդ է մահանում սիրտ-անոթային հիվանդությունների հետեւանքով: Ինչ ենք անում մենք` սրտի առողջ աշխատանքն ապահովելու համար. ծխում ենք կամ շնչում ուրիշի ծխախոտի ծուխը, խմում, ուտում` ինչ ասես եւ երբ ասես եւ սիրում նստակյաց կյանք վարել...
Սրտաբան Աննա Հարությունյանի խոսքերով, սիրտ-անոթային հիվանդությունների պատճառը սխալ ապրելակերպն է, որի պատճառով մարդկանց մեղադրել պետք չէ.«Նախ չկան համապատասխան պայմաններ, որ ընտրություն ապահովեն, բայց, այնուամենայնիվ, գոնե թույլատրելիի սահմանը կարող են պահպանել, ասենք` սնվել սննդակարգով»:
«Հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման» ՀԿ-ի նախագահ Սեդրակ Մամուլյանի կարծիքով, ճիշտ սնվելը եւ սննդակարգին հետեւելը շատ ցավոտ հարց է մեր երկրում, քանի որ մարդիկ ուտում են միայն քաղցը հագեցնելու համար` առանց մտածելու հետագա հետեւանքների մասին:
«Մանավանդ հանրային սննդի օբյեկտներում որեւէ չափանիշներ չկան առողջ սննդի: Տոկոսայնությունն այնքան ցածր է ոչ ճիշտ սնվելու, որ ավելի հեշտ է խոսել, թե ինչպես են սնվում այսօր, քան` ինչպես պետք է սնվեն: Սնվելու կուլտուրա չկա` ոչ սպասարկողն է առաջարկում առողջ սնունդ, ոչ էլ հաճախորդը գիտի այդ մասին»,-ասաց Մամուլյանը:
Նրա հավաստմամբ, նաեւ սխալ է օգտագործվում համադրությունները` թե խմիչքի եւ թե կերակրի: Փորձառու խոհարարը կոչ է անում սննդակարգը պահպանել, եւ աղանդերը, որը պետք է նպաստի մարսողության գործընթացին, լինի իրոք աղանդեր:
«Սրտի համար, բնականաբար, ամենից վնասակարը խոլեստերինի առկայությունն է, ինչն էլ ավելորդ ճարպային զանգվածներից է առաջանում: Եթե ճիշտ սնվենք եւ ճիշտ խմիչք օգտագործենք, ասենք` մսեղենի հետ կարելի է օգտագործել կարմիր անապակ գինի, համոզված եղեք, որ կնվազեն սրտային հիվանդությունները»,-հավաստիացնում է պարոն Մամուլյանը:
22-ամյա Ռոմելլա Դավթյանը եւ սովորում է, եւ աշխատում: Ռոմելլան աշխատում է օգտագործել առողջ սնունդ, բայց սննդակարգով սնվել ուղղակի չի կարող:
«Երբեմն ստացվում է, որ առավոտյան նախաճաշել չեմ հասցնում, իսկ աշխատանքի վայրում բուֆետ չունենք, որ չոր սնունդի փոխարեն այլընտրանք ունենանք: Փորձում եմ խուսափել միայն գազավորված ըմպելիքներ օգտագործելուց եւ գունավոր եւ անհայտ ծագման քաղցրավենիքից»,-ասում է Ռոմելլան` հավելելով, որ գարնանը սրտի գանգատներ է ունեցել, սակայն բժշկի այցելելուց հետո պարզվել է, որ ծանրաբեռնվածությունից է` կանցնի:
«2-3 օր հետեւեցի բժիշկների ցուցումներին, սակայն հետո նորից բնականոն ռեժիմով սկսեցի օրն անցկացնել. միայն նշանակված հանգստացնող դեղերն էի խմում: Ուղղակի Հայաստանում չկան առողջ ապրելակերպին խթանող պայմաններ, ընդհակառակը, ամեն ինչ այնպես է §դասավորված¦, որ մարդկանց կյանքը կարճանա»,-ասաց Ռոմելլան:
Սրտաբանի դիտարկմամբ, Հայաստանում սիրտ-անոթային հիվանդությունները երիտասարդանում են, իսկ պատճառը սոցիալական վիճակն է.«Ընդ որում, սոցիալական վիճակ ասելով` պետք չէ հասկանալ միայն ֆինանսը, քանի որ վերջին շրջանում մեծ թվով ապահոված ընտանիքի երեխաներ էլ են մեզ այցելում: Ուղղակի երիտասարդները սկսել են ավելի շուտ մեծանալ, պատանեկությունից չափահաս մարդ անցումը միանգամից է լինում»,-ասում է Հարությունյանը:
Ուշագրավ է հանգամանքը, որ սրտի իշեմիք հիվանդության պատճառով մահվան դեպքերի շուրջ 25 տոկոսը, իսկ սրտաբանի պնդմամբ, կան մարդիկ, ովքեր ծխելուց եւ խմելուց չեն հրաժարվում, երբ անգամ սրտի վիրահատություն են տարած լինում:
«Մենք նաեւ շատ նստակյաց ենք, այնինչ անհրաժեշտ է շատ շարժվել: Պետք է հրաժարվենք յուղոտ, աղի սննդից եւ գազավորված ըմպելիքներից. փոխարենն անհրաժեշտ է շատ միրգ եւ բանջարեղեն ուտել»,-խորհուրդ է տալիս սրտաբանը:
Եկեք Սրտի համաշխարհային օրն անցկացնենք առողջ սրտով, եւ չստացվի այնպես, որ «Գելի գլխին ավետարան են կարդում, ասում է` հոտս փախավ»...
Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ