կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-09-27 10:31
Առանց Կատեգորիա

ԱԶԳ. Անկարան պահանջներ է ներկայացնում Բաքվին

ԱԶԳ. Անկարան պահանջներ է ներկայացնում Բաքվին

Ինչպես եւ կարելի էր ենթադրել` Անկարա-Թել Ավիվ լարվածությունից, ադրբեջանա-իսրայելական սերտ հարաբերություններին լուրջ մարտահրավեր նետվեց: CNNTurk-ի տեղեկացմամբ, որն իր հերթին մեջբերում է իսրայելական Yediot Ahronot պարբերականից, Բաքվում Թուրքիայի դեսպան Հուլուսի Քըլըչը իր երկրի անունից պահանջել է Բաքվից` «վերանայել Իսրայելի հետ ունեցած տնտեսական ու ռազմական հարաբերությունները»:

 

Իր հերթին, Բաքվում Իսրայելի դեսպանը փոխադարձաբար նշել է. «Շատ կարեւոր է, որ ոչ մի երրորդ երկիր չկարողանա վատացնել Իսրայելի եւ Ադրբեջանի միջեւ առկա սերտ հարաբերությունները»: Նշենք, որ հարաբերություններն այդ, իրոք, բավական սերտ են: Մասնավորապես` Իսրայելի ու Ադրբեջանի միջեւ տարեկան ապրանքաշրջանառությունը կազմում է 2 մլրդ դոլար: Բացի սրանից` Իսրայելն իր էներգետիկ կարիքները հոգում է մեծ մասամբ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղով տարանցվող ադրբեջանական ու ղազախական էներգառեսուրսներից:

 

Ռազմական գործակցության վերաբերյալ նկատենք, որ իսրայելցի մասնագետները կրթում են ադրբեջանցի սպաներին, ժամանակակից զենք են վաճառում Բաքվին: Կան նաեւ ադրբեջանա-իսրայելական համատեղ զինարտադրության որոշ օրինակներ: Հետեւաբար Քըլըչի պահանջը բավական հետաքրքրական արձագանք է ենթադրում Բաքվից: Իսկ մինչ այդ դիտարկենք զուգահեռ ընթացող մեկ այլ իրադարձություն: Ինչպես վկայում են թուրքական աղբյուրները, այդ երկրի նախարարների խորհրդի որոշմամբ հայ-թուրքական զույգ արձանագրությունները նորից մտել են Մեջլիսի մեծ օրակարգ, ընդ որում ինչպես վարչապետ Էրդողանը, այնպես էլ ԱԳ նախարար Դավութօղլուն բազմիցս էին կրկնում, որ հայ-թուրքական գործընթացը «անցած փուլ է»:

 

Այս իրադարձությունը «Ռեգնում»-ի հայտնի վերլուծաբան Ստանիսլավ Տարասովին «Թուրքիան նոր խաղի է պատրաստվում Երեւանի հետ» խորագրով վերլուծության հիմք է տվել: Տարասովը մասնավորապես եզրահանգում է, որ «ֆորմալ առումով այստեղ ոչ մի արտասովոր բան տեղի չի ունեցել, քանի որ Թուրքիան ինչպես չէր պատրաստվում վավերացնել այդ արձանագրությունները նախկինում, այնպես էլ չի պատրաստվում դա անել այժմ»:

 

Սակայն այս քայլը հաստատապես կարելի է դիտարկել որպես «թուրքական մեսիջներ», ընդ որում` երեք ուղղություններով: Նախ` աշխարհն ու Հայաստանն են, առ այն, որ` հայ-թուրքական գործընթացը մեռած չէ: Անկարան, հատկապես ԵՄ-ի հետ բանակցությունների գալիք փուլին ընդառաջ, նման քայլի կարիքն իրոք ուներ: Երրորդ` մեսիջ դեպի Ադրբեջան, որ այսուհետեւ Բաքվի հետ հարաբերություններում Անկարան կարող է եւ պատրաստ է գործի դնելու «հայկական խաղաքարտ»: Այս վերջին եզրահանգմանն է եկել նաեւ` ադրբեջանական «Զերկալո»-ն, որի վկայությամբ` «եթե Բաքուն շարունակի քայլել դեպի Իսրայել, ապա Թուրքիան մեծ հաջողությամբ կօգտագործի իր հայկական խաղաթղթերը»:

 

Այսպիսով` Թուրքիա-Իսրայել-Ադրբեջան հարաբերությունների առկա վիճակը էապես պատճառում է Մեջլիսում հայ-թուրքական արձանագրությունների նորից հայտվելու հանգամանքը: Հատկանշական է, որ այս ամենում մտորելու բազմաթիվ հարցեր ունի հիշյալ եռանկյունու մի կողմը միայն` Բաքուն, ու ամենեւին էլ պատահական չի ընդգծում Տարասովը. «Բաքուն հայտվել է շատ բարդ իրավիճակում»: