կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-09-26 15:51
Քաղաքական

48 կգ քաշով ո՞նց կարող էր ոստիկան ծեծել

48 կգ քաշով ո՞նց կարող էր ոստիկան ծեծել

«Հայաստանը գտնվում է քաղաքական ճգնաժամի մեջ, եւ երկիրն առողջացնելու համար մենք պահանջել ու պահանջում ենք արտահերթ համապետական ընտրություններ»,- այսօր ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Բոստանջյանի հետ համատեղ ասուլիսում հայտարարեց ՀԺԿ քարտուղար, ՀԱԿ ներկայացուցիչ Գրիգոր Հարությունյանը:

 

Բոստանջյանն էլ, իր հերթին, նշեց, որ արտահերթ ընտրությունների անցկացումը ՀԱԿ-ի համար ինքնանպատակ է դարձել, մինչդեռ ամեն ինչի մեջ պետք է տրամաբանություն դնել:

 

«Երբ ժողովրդի ճնշման տակ իշխանություններն անցկացնում են արտահերթ ընտրություններ, դա լրիվ ուրիշ բան է, ձեր սիրած լցոնումները, ձեր սիրած «մեր դեմ խաղ չկա»-ները վերանում են: Սակայն իշխանությունները հակված չեն նորմալ ընտրություններ անցկացնել, դրա համար էլ այդպիսի իշխանություններին քշում են»,- հակադարձեց Գ. Հարությունյանը:

 

Ի պատասխան Վարդան Բոստանջյանն առաջարկեց պարզապես վերցնել ու փոխել կարգերը. «Էլ ինչի՞ եք էդպիսի խոսքերով ձեզ չարչարում»:

 

Այնուհետեւ բանավիճողներն անցան երկխոսության թեմային: ԲՀԿ-ական գործիչը նկատեց, որ երկխոսության առկախումը հատուկ արված քայլ էր, որ երկխոսությունը դադարեցվել է ընդդիմության կողմից, եւ իշխանություններն այն առկախելու համար որեւէ քայլի չեն դիմել, որ եթե իրենք տրամադրված լինեին այն առկախելու, պարզապես չէին սկսի եւ այլն: Այնուհետեւ նշեց, որ իր համար առնվազն զավեշտալի է, երբ որոշ երիտասարդների Կոնգրեսում որակում են որպես քաղբանտարկյալներ եւ նրանց պատճառով առկախում երկխոսությունը:

 

«Անձամբ ինձ համար հասկանալի չէ ընդդիմության տրամադրության այդ հանկարծակի փոփոխությունը: Դա զարմանք առաջացրեց բոլորի մոտ, թե ինչպե՞ս կարելի էր նման ձեւով առկախել երկխոսությունը»,- տարակուսեց Վ. Բոստանջյանը:

 

ՀԱԿ ներկայացուցիչը նրան խորհուրդ տվեց չզարմանալ` հիշեցնելով, որ իշխանության ձեռագիրն իրենց հայտնի է` «2008թ. մարտի 1-ի կոտորածից հետո էլ ասում էին` եկեք երկխոսենք»:

 

Անդրադառնալով կալանքի տակ գտնվող ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանին` Գ. Հարությունյանը նշեց, որ Առաքելյանը քաշի պատճառով անգամ բանակ չի զորակոչվել, ո՞նց կարող էր ոստիկան ծեծել. «48 կգ քաշ ունեցող փոքր-մոքր տղա է... Ասում են` ոստիկան է ծեծել... Պարզապես դա առիթ էր. շատ լավ հասկանալով, որ, ունենալով կալանավորված ակտիվիստներ, ՀԱԿ-ը երկխոսությունը չէր շարունակի, իշխանությունը գնաց այդ քայլին»:

 

«Խոշոր հարցերը թողած` ես նման հարցերի վրա չէի կիզակետվի` ում բաց թողեցին, ում բռնեցին եւ այլն»,- խորհուրդ տվեց Բոստանջյանը, ապա հավելեց, որ քաղաքական էթիկայի տեսակետից սխալ է, երբ ինչ-որ մի քաղաքական ուժ մեկ այլ ուժի պահանջներ է ներկայացնում. «Ասում եք` տվեք մեզ իշխանություն... Է, չենք տալիս, ուզո՞ւմ եք` գրոհով ձեր պահանջները իրականացրեք, ո՞վ է ձեր ձեռքը բռնել»:

 

Այնուհետեւ Բոստանջյանը նշեց, որ երկխոսությունն այն եզակի, լավագույն միջոցն էր, որի պարագայում երկու կողմերն էլ կարող էին միմյանց հասկանալ, սակայն երկխոսության առկախումն էական նշանակություն չի ունենա, որովհետեւ իշխանությունները, անկախ ընդդիմության բարձրաձայնումներից, հասկանում են, որ կան բազմաթիվ չլուծված խնդիրներ եւ հետեւողականորեն ձեռնամուխ են լինում այդ խնդիրների լուծմանը: