Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Օրեր առաջ Եղեգնաձորի ծննդատանը նորածին էր մահացել` ծնվելուց 3.5 ժամ անց: Այս առիթով ՀՀ առողջապահության նախարարությունն ուսումնասիրություն է անցկացրել եւ անդրադարձել դեպքին:
Վայքի բնակչուհի Հայարփի Տոնոյանի նորածնի մահվան դեպքի կապակցությամբ ՀՀ ԱՆ-ում ուսումնասիրվել են Եղեգնաձորի բժշկական կենտրոնում սեպտեմբերի 4-ին` 20:45-ին, կեսարյան հատմամբ ծննդալուծված Հայարփի Տոնոյանի բժշկական փաստաթղթերը, նորածնի պաթանատոմիական հետազոտության նախնական արդյունքները, ինչպես նաեւ զրույց է անցկացվել ծննդկանի հարազատների հետ:
Նախնական ուսումնասիրությամբ, որին մասնակցել են ՀՀ ԱՆ գլխավոր մանկաբարձ գինեկոլոգ, պրոֆեսոր Ռ.Ա.Աբրահամյանը և Երևանի պետական բժշկական համալսարանի մանկաբարձության և գինեկոլոգիայի թիվ 1 ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Գ.Ա.Բեգլարյանը, պարզվել է, որ Հայարփի Տոնոյանի նախածննդյան հսկողությունն իրականացվել է Վայքի բժշկական կենտրոնի կանանց կոնսուլտացիայում, ՀՀ ԱՆ չափորոշիչներով սահմանված ընթացակարգով, անհրաժեշտ ծավալով և ժամկետներում:
Հաշվի առնելով պտղի հետույքային առաջադրությունն ու բարդացած մանկաբարձական անամնեզը (2 ինքնաբեր վիժում և ներարգանդային վիրուսային վարակ)` պլանավորվել է կնոջը ծննդալուծել կեսարյան հատման միջոցով` սպասվող ծննդաբերության ժամկետից (20.09.2011թ.) 10 օր առաջ` 10.09.2011թ., որի մասին տեղեկատվություն է տրամադրվել հղիին և նրա հարազատներին:
Սեպտեմբերի 4-ին` 18:30-ին, հղին դիմել է Վայքի կանանց կոնսուլտացիա արյունային արտադրության գանգատով: Նախածննդյան հսկողությունն իրականացրած մանկաբարձ-գինեկոլոգ Մետաքսյա Հովհաննիսյանի կողմից ախտորոշվել է` հղիություն 37-38 շաբաթ, հետույքային առաջադրություն, նորմալ տեղակայված պլացենտայի վաղաժամ շերտազատում:
Նկատի ունենալով հղիի ընդհանուր վիճակը, հեմոդինամիկ կայուն ցուցանիշները, ծննդաբերական գործունեության բացակայությունը, ինչպես նաև Եղեգնաձորի բժշկական կենտրոնի կադրային և սարքավորումային հագեցվածությունը, ծննդալուծման համար հղին ուղեգրվել է Եղեգնաձորի բժշկական կենտրոն, ուր նա ընդունվել է սեպտեմբերի 4-ին` ժամը 19:00-ին:
Բժշկական կենտրոնում Հայարփի Տոնոյանը ենթարկվել է շտապ հետազոտման և կեսարյան հատմամբ ծննդալուծվել, դուրս է բերվել նորածինը` 2800.0 գրամ քաշով և 47 սմ հասակով, ասֆիքսիայով: Նեոնատոլոգի և անեսթեզիոլոգի կողմից անմիջապես իրականացվել են առաջնային վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի միջոցառումներ: Նորածնի բուժումը համաձայնեցվել է ՀՀ ԱՆ գլխավոր նեոնատոլոգի հետ:
Բացի այդ` Եղեգնաձորի բժշկական կենտրոն է ժամանել «Մուրացան» հիվանդանոցային համալիրի նորածնային արագ արձագանքման ծառայությունը` ռեանիմոբիլով, և համատեղ շարունակվել է նորածնի ինտենսիվ բուժումը: Չնայած ձեռնարկված միջոցառումներին` ծնվելուց 3.5 ժամ անց` սեպտեմբերի 5-ին` 0 ժամ 15 րոպեին, արձանագրվել է նորածնի մահը:
Նորածինը ենթարկվել է պաթանատոմիական հետազատության «Արաբկիր» բժշկական կենտրոնի պաթանատոմիական բաժանմունքում: Նախնական ախտորոշումն է` ներարգանդային վարակ, ներարգանդային թոքաբորբ:
Բուժաշխատողների ջանքերի և մասնագիտական պատշաճ գործելակերպի շնորհիվ հաջողվել է փրկել ոչ միայն Հայարփի Տոնոյանի կյանքը, այլև պահպանել նրա մանկածնման կարողությունը: Ծննդկանը դուրս է գրվել հետծննդյան 6-րդ օրը, բավարար վիճակով:
Ելնելով վերոհիշյալից և գնահատելով ծննդկան Հայարփի Տոնոյանի ծննդալուծման գործընթացի մասնագիտական վարման և կազմակերպական գործելակերպը` ՀՀ առողջապահության նախարարության կողմից իրականացված ուսումնասիրության նախնական գնահատմամբ, դեպքի վարման կազմակերպական և մասնագիտական սխալներ չեն արձանագրվել:
Ծննդկանի հարազատների հետ հեռախոսազրույցից պարզվել է նաև, որ զանգվածային լրատվության միջոցներում դեպքի վերաբերյալ հաղորդագրությունը տեղադրվել է լրագրողների նախաձեռնությամբ: Ծննդկանը և հարազատները բողոք և դժգոհություններ չունեն: