կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-09-20 10:21
Առանց Կատեգորիա

168 ԺԱՄ.Քոչարյանը, վերջիվերջո, քաղաքական ներգրավվածություն ունենալու է

168 ԺԱՄ.Քոչարյանը, վերջիվերջո, քաղաքական ներգրավվածություն ունենալու է

- Ձեր գործունեությունն ու բոլոր նախաձեռնությունները որքա՞ն կապ ունեն ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ: Wikileaks-ի հրապարակումներից մեկում նշվում է, որ Դուք խոսել եք ակտիվ քաղաքականություն Ռ. Քոչարյանի վերադարձի, ընտրություններին ինչ-որ կերպ մասնակցելու հավանականության մասին:

 

- Դրանք իմ ենթադրություններն են եղել: Ես Ռ. Քոչարյանի հետ ոչ մի բան չեմ պայմանավորվել: Նա ինձ որեւէ բան չի ասել իր անելիքների մասին: Իմ ենթադրությունն այն է, որ Քոչարյանը վերջիվերջո քաղաքական ներգրավվածություն ունենալու է: Նախ` խորհրդարանական ընտրություններն են: Այնտեղ, ես կարծում եմ, որ ինչ-որ դրսեւորում կլինի:

 

- Այդ դեպքում համագործակցելո՞ւ եք:

 

- Ես միշտ էլ ասել եմ, որ Ռ. Քոչարյանի հետ պարբերաբար հանդիպում եմ, խոսում ենք երկրի ընդհանուր վիճակից, բայց միասին ոչինչ չենք ծրագրել: Քաղաքական գործունեություն իրականացնելու մասին որեւէ պայմանավորվածություն չունենք:

 

- Նույն հրապարակումներում ԱՄՆ նախկին դեսպան Մարի Յովանովիչը գրել է, որ Դուք պատմել եք, թե «Սարգսյանը պետք է իր քաղաքական կապիտալը վատներ, հասարակությանն ու սփյուռքին համոզելու համար, որ ԼՂ հակամարտության կարգավորման դեպքում հայկական ուժերի կողմից վերահսկվող մի շարք տարածքներ պետք է վերադարձվեն Ադրբեջանին»: Եվ «եթե հայ-թուրքական արձանագրությունները չլինեին, ապա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կհամաձայներ Ադրբեջանին վերադարձնել ԼՂ հարակից 7 շրջաններից 5-ը` պահպանելով մնացած 2-ը` հետագա քննարկումների համար»: Դուք նման տեսակետ ունե՞ք:

 

- Լրատվամիջոցները դա աղավաղված են ներկայացրել: Wikileaks-ում իմ միտքը բավական ճիշտ է ներկայացվել: Իմ ասածը եղել է այն, որ ես համոզված էի, թե առանց ԼՂ-ի հարցում նշանակալից առաջընթացի թուրքերը սահման չեն բացի: Եթե ուզում ենք, որ Թուրքիան բացի սահմանը, նախագահը պետք է կենտրոնանար ԼՂ հարցի վրա: Եվ այդ ճանապարհով թուրքերին ներգրավել ու հասնել սահմանի բացմանը` մեր պայմաններով: Հետո շարունակել եմ, որ հիմա դա էլ է խաթարված, որովհետեւ ԼՂ հարցում թուրքերի համար ընդունելի առաջընթացը ինչ-որ տարածքների վերադարձ է ենթադրում: Եվ քանի դեռ հայ-թուրքական հարցը կա, նախագահը կդժվարանա նույնիսկ ամենաանմեղ տարածքները ետ տալու մասին մտածել, որովհետեւ դա կհամարվի տուրք տալ թուրքերի պահանջներին: Սրանից դժվար է եզրակացնել, որ եթե հայ-թուրքական արձանագրությունները չլինեին, ապա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կհամաձայներ Ադրբեջանին վերադարձնել ԼՂ հարակից 7 շրջաններից 5-ը: