Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Երեւանում մեկնարկել է «Ֆրութֆուլ Արմենիա» 7-րդ միջազգային երկօրյա համաժողովը, որի այս տարվա թեմաներն են խաղողագործության եւ գյուղատնտեսական կրթության զարգացումը:
Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի օրհնությունը փոխանցելուց հետո համաժողովին բացման խոսքով ելույթ ունեցավ Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը: Կարեւորելով համաժողովի անցկացումը` նա նշեց, որ այն արդեն յուրահատուկ տեղ է զբաղեցնում Հայաստանի տնտեսական, հատկապես` գյուղատնտեսական կյանքում:
«Մասնակիցների թիվը համաժողովում տարեցտարի ավելանում է, եւ այն հնարավորություն է տալիս համատեղ քննարկելու գյուղանտեսության ոլորտում առկա խնդիրները, ինչպես նաեւ ծանոթանալու միջազգային լավագույն փորձին»,- ասաց Արմեն Գեւորգյանը` նաեւ անդրադառնալով Հայաստանի կառավարության կողմից վերջին տարիններին գյուղատնտեսության ոլորտում իրականացված աշխատանքներին:
Փոխվարչապետը նաեւ հայտնեց, որ գյուղոլորտում վերջին շրջանում իրականցվել են բազմաթիվ ծրագրեր, որոնցից է սերմնաբուծության եւ սերմնարտադրության ծրագիրը. «Այս ծրագրի նպատակը ոչ միայն ցանքատարածությունների ավելացումն է, այլեւ գյուղացիներին որակյալ սերմով ապահովելը»:
Նա կարեւորեց համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կսառավարման եւ մրցունակության ծրագիրը, որն ուղղված է վարելահողերի լիարժեք օգտագործմանը: «Խնդրի լուծման համար կառավարությունը ՀԲ-ի միջոցներից ուղղել է շուրջ 22 մլն դոլար: Ծրագիրն այժմ փորձնական փուլում է եւ գործելու է 55 համայնքում: Հայաստանի գյուղատնտեսության համար շարունակում է խնդիր մնալ նաեւ անհրաժեշտ քանակությամբ ժամանակակից գյուղտեխնիկայի ապահովվածության հարցը»,- ընդգծեց Ա. Գեւորգյանը:
Գյուղնախարար Սերգո Կարապետյանը էլ պատմական ակնարկ կատարեց հայկական խաղողագործության եւ գինեգործության ոլորտներով` չմոռանալով Նոյ նահապետին, որը Համաշխարհային ջրհեղեղից հետո խաղողի որթը տնկեց հենց Արարատյան հարթավայրում: Ըստ գյուղնախարարի` խաղողագործության եւ գինեգործության ոլորտները տարեցտարի առաջընթաց են գրանցում, ինչը ուրախալի փաստ է հենց գյուղնախարարության համար:
Համաժողովի` գործիքներ ֆերմերների համար բաժնում կքննարկվեն ֆերմերների կողմից բերքի երկարաժամկետ պահպանման հնարավորությունների, կարկուտի դեմ պայքարի արգենտինական փորձի` Հայաստանում լայնորեն կիրառելու հարցերը: Գործիքներ խաղողագործների համար բաժինը նվիրված է լինելու խաղողագործությանը եւ հայկական գինեգործությանը: Կրթության բաժնում վաղը կքննարկվեն ժամանակակից կրթական ծրագրերը եւ մոդելները, ինչպես նաեւ դրանց կիրառումը Հայաստանում եւ Արցախում: Նախատեսված է, որ համաժողովի շրջանակներում Հայաստանի գործարարների եւ արդյունաբերողների միությունն ու Արգենտինայի գործարարների միությունը կստորագրեն համագործակցության հուշագիր: