Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել տնտեսական գործունեության պետական կարգավորման արդյունավետության բարձրացման միջոցառումների համակարգման և ՀՀ տնտեսական ոլորտը կարգավորող իրավական ակտերի բարեփոխումների խորհուրդ ստեղծելու մասին:
Խորհուրդն ստեղծվել է գործարար միջավայրի և շուկայական տնտեսության զարգացմանը խոչընդոտող դրույթների վերացման, պետության կողմից քաղաքացիներին մատուցվող ծառայությունների բարելավման և պարզեցման, այս ոլորտներում գործող նորմատիվ իրավական ակտերի կատարելագործման, ինչպես նաև դրանցով սահմանված տնտեսապես ոչ արդյունավետ, ծախսատար և աննպատակահարմար մեխանիզմների կրճատման վերաբերյալ առաջարկություններ մշակելու նպատակով:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ նախագահի մամուլի գրասենյակը, նախագահի հրամանագրով հաստատվել է նաև խորհրդի կազմը, որի նախագահն է ՀՀ վարչապետը, և նախատեսված բարեփոխումների գործընթացում ընդգրկվող ոլորտների ցանկը:
ՀՀ կառավարությանը հանձնարարվել է մեկամսյա ժամկետում հաստատել բարեփոխումների խորհրդի կանոնադրությունը, մինչև 2012 թվականի հունվարի 1-ը՝ Հայաստանի Հանրապետության տնտեսական ոլորտը կարգավորող իրավական ակտերի կարգավորման ազդեցության գնահատման համակարգի կատարելագործման հայեցակարգը:
Առաջարկվել է Երևանի քաղաքապետին, Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի նախագահին, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահին և Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահին՝ համագործակցել բարեփոխումների խորհրդի և նրա գործունեությունն ապահովող պետական կազմակերպության հետ` նախագահի վերոնշյալ հրամանագրով նախատեսված գործընթացի շրջանակներում: