կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-09-03 11:13
Հասարակություն

Այսօր ՀՀ-ի և ԼՂՀ-ի միացյալ քարտեզի օրն է

Այսօր ՀՀ-ի և ԼՂՀ-ի միացյալ քարտեզի օրն է

«Ինչպես ասում են չինացիները. «Չիմանալ՝ նշանակում է չունենալ»: Շատ ենք սիրում ողբալ տարածքային կորուստները, հիշում ենք Մեծ Հայքը, բայց մեր պատմական հայրենիքի մի մասը վերջապես ազատագրելով՝ կարծես թե մոռացել ենք այդ մասին»,- yerkir.am-ի հետ զրույցում ասաց քարտեզի օրը տոնելու նախաձեռնության հեղինակ Կարեն Վրթանեսյանը:

Նա նշեց, որ շատերը մինչ օրս էլ մտածում են արդեն քսան տարի գոյություն չունեցող հայկական ԽՍՀ ու ԼՂԻՄ սահմանի ուրվագծերով, եւ ոմանք նույնիսկ չգիտեն, որ Քարվաճառում ու Քաշաթաղում, մերձարաքսյան դաշտավայրում հազարավոր հայեր են ապրում:

Կ. Վրթանեսյանը նշեց, որ իրենց նպատակն է տեղեկացնել հանրությանն իրականության մասին, այնպես անել, որ Հայաստանում ապրող ամեն մարդ ճանաչի հայկական պետականության ներկա սահմանները։ Քարտեզի օրվա կապակցությամբ միջոցառումներ են լինելու։

«Հիմնականում կենտրոնանալու ենք սոցիալական ցանցերի, բլոգ ոլորտի վրա։ Որոշ միջոցառումներ կփորձենք նաև համացանցից դուրս անցկացնել, օրինակ` նպատակ ունեն ավանդույթ ստեղծել` դպրոց գնացող երեխաներին ՀՀ և ԼՂՀ ճիշտ քարտեզ նվիրել»,- ասաց Վրթանեսյանը` հավելելով, որ իրենց գործունեությունը մեկ օրով չի սահմանափակվում։

Նա նաեւ նշեց, որ իրենց աշխատանքն արդեն արդյունքներ է տալիս, օրինակ՝ 2009 թվականից ի վեր մի քանի հեռուստակայաններ եղանակի տեսության ժամանակ ճիշտ քարտեզն են ներկայացնում: