կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-08-31 11:32
Առանց Կատեգորիա

Կուսակցական խճանկար

Կուսակցական խճանկար

Հայաստանում համատարած կուսակցականացմանը վերաբերող մեր նախորդ նյութում հաշվարկել էինք, որ մեզանում ընտրական իրավունք ունեցող ցանկացած երկրորդ քաղաքացին կուսակցական է: Այդ կուսակցությունների մի մասը բիզնես պրոյեկտներ են, որոնք ստեծվել են այս կամ այն նպատակով` մեկի կամ մի խմբակի կոնկրետ շահերը սպասարկելու համար եւ «գործն» ավարտելուց հետո փակվում են կամ ձուլվում մյուս առավել խոշոր կամ որ հաճախ է` իշխանական կուսակցություններին:

Անձ-կուսակցությունները մեր քաղաքական համակարգի հիմնական վարակն են, որոնք անհետանում են անձի հետ միասին: Գաղափարական հենքի վրա ստեղծված կուսակցությունները քիչ են, գրեթե միայն ավանդական կուսակցությունները: Ճնշող մեծամասնությունը անձ-կուսակցություն են, որոնք պայմանավորված են ղեկավարով. կուսակցության ղեկավարի անունը տալով` հասկանում ես ողջ կուսակցությունը եւ հակառակը` կուսակցության անունը տալով` հասկանում ես ղեկին նստած անձին: Օրինակ, բրիտանական «Պոպուլուս» ընկերության նախորդ տարեվերջին անցկացրած հարցման հայաստանյան արդյունքների համաձայն, Սերժ Սարգսյանի վարկանիշն ավելի բարձր էր, քան ՀՀԿ-ինը:

Գրեթե չես լսի, որ քաղաքացին ասի «Օրինաց Երկիր» կուսակցություն, այլ` Արթուր Բաղդասարյանի կուսակցությունը: Այդ կուսակցության որեւէ պատգամավոր ԱԺ-ում ելույթ ունենալիս մշտապես ոչ թե կուսակցության անվանն է հղում անում, այլ` ղեկավարի: Նույնը կարելի է ասել եւ ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի եւ մյուսների մասին:

Մեր քաղաքական համակարգի համար ընդունված է կուսակցություններ բացել ընտրությունների օրերին: Արդեն նման գործընթաց սկսվել է եւ բոլորն էլ իրենց համարում են երրորդ ուժ: Վատ է այն, որ այօր մեծանում է մեծ մասամբ կարիերիստ երիտասարդություն, որոնց նպատակը այս կամ այն կուսակցության համար աշխատելն է` համապատասխան վճարի դիմաց: Նրանց գործը «կպնում է» եւ ընտրությունների օրերին: Այսօր պետական մասշտաբով դաստիարակվում է կուսակցականացված երիտասարդություն:

Ընտրությունների օրերին նաեւ մեծանում է իշխանական կուսակցությունների անդամների թիվը` քաղաքական խաղերից ու շահերից ելնելով: Իհարկե, շատ համաքաղաքացիներ կուսակցական անդամատոմս են ստանում իշխանությանը մոտ լինելու, պաշտոն ու գործ ստանալու կամ սոցիալական որեւէ այլ խնդիր լուծելու ակնկալիքով: Օրերս անձնագրային վարչությունում հերթ կանգնելիս ականջիս հասավ երկու ծանոթների բանավեճը, «ճշտում» էին, թե որ կուսակցությունն է առավել ուժեղ: Մեկն անկուսակցական էր, մյուսը` ԲՀԿ-ից: Վերջինս համոզում էր, որ իրենց անդամների սոցիալական խնդիրները հեշտ են հարթվում, ինչն էլ պատճառ դարձավ, որ ինքը անդամագրվի ԲՀԿ-ին: Շատ է նաեւ բռնի կուսակցականացման եւ թվանկարչության երեւույթը:

Գեղարքունիքի մարզի Սարուխան գյուղից վերջերս ահազանգում էին, որ հավաքում են մարդկանց անձնագրերը, նրանց տալիս հանրապետականի անդամատոմս: Նույնը կատարվում է նաեւ ուսուցիչների շրջանում: Այն հիմնարկները, որոնք ունեն կուսակցական ղեկավարություն, գնալով կուսակցականացվում են: Կուսակցությունները հաճախ անդամների թվեր են պարզապես նկարում, օրինակ վերցնում են ԺԷԿ-ից մարդկանց ցուցակն ու շարքով կուսակցականացնում` առանց մարդկանց կամքը հաշվի անելու:

Մի քանի տարի առաջ Ամանորի նախօրեին, տանը նստած, ստացանք մի բացիկ. «Հարգելի կուսակցական Խ.Հ., «Օրինաց երկիրը» շնորհավորում է Ձեր…» եւ այլն եւ այլն, եւ այդ ժամանակ հայրս իմացավ, որ ինքը «Օրինաց երկիր» կուսակցության անդամ է արդեն երկար տարիներ:

Ընտրությունների օրերին, այս կամ այն ակցիայի շրջանակներում որոշ կուսակցություններ հայտարարում են, թե իրենց սատարում են 18, 20 եւ այլ թվով կուսակցություններ: Իսկ երբ ուսումնասիրում ես այդ կուսակցությունների ցանկը, տեսնում ես, որ դրանք ընդամենը փոքրիկ ջոկատներ են, որոնք քաղաքական մտքին ոչինչ չեն ավելացրել, բացի դաշտը աղտոտելուց, եւ հաճախ առավել հեղինակազրկում են այն կառույցներին, որոնց սատարում են, քան օգնում: Անգամ քաղաքականության մեջ ամենախորացած գործիչներին եթե հարցնես, հազիվ կարողանան թվարկել մի 20 կուսակցության անուն: Նշանակում է, որ իրականում հազիվ այդքան կուսակցություն ունենք: Կուսակցությունները, ընդունված է ասել` այնքան են, ինչքան հասարակությունը նրանց մասին գիտի: Իսկ այսօր կան 74 կուսակցություն, 1,1 միլիոն կուսակցական եւ մի քանի միլիոն ՀԿ անդամներ: Ստացվում է` ՀՀ-ում անկուսակցական եմ մնացել միայն ես: Չնայած, ի՞նչ գիտես, կարող է մի օր էլ «Օրինաց Երկիրը» որոշի ինձ ամանորյա բացիկ ուղարկել...

Սուրեն ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ