Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՄԻՊ գրասենյակը, օգոստոսի 29-ին չստանալով ՀՀ կրթության եւ գիտության նախարարության կողմից խոստացված իրավական փաստարկները, ներկայացնում է ամփոփիչ հայտարարություն ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից անցկացված մրցույթի վերաբերյալ:
Հայտարարության մեջ նշվում է, որ մարդու իրավունքների պաշտպանի առաջարկը՝ կանոնակարգել կրթության և գիտության նախարարության կողմից անցկացվող մրցութային համակարգը, ցավալիորեն վերածվեց անընդունելի բանավեճի, ինչի արդյունքում կարելի է արձանագրել, որ պետական որոշ մարմիններում սեփական սխալներն ու բացթողումները ընդունելու կամքի բացակայությունը բարեփոխումների ամենամեծ խոչընդոտն է:
Ամփոփելով ծավալված անպտուղ բանավեճը՝ ևս մեկ անգամ փաստում ենք, որ ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը խախտել է մարդու իրավունքը եւ դեռևս ոչինչ չի ձեռնարկել այդ խախտումը վերացնելու ուղղությամբ: Նման եզրահանգման հիմք են ծառայում հետևյալ անհերքելի փաստերը.
Փաստ 1. 2011թ. ապրիլ-մայիս ամիսներին տեղի է ունեցել 2011-2012 ուսումնական տարվա հանրակրթական դպրոցների 7-9-րդ դասարանների երկրաչափության դասագրքերի մրցույթ:
Փաստ 2. Քաղաքացի Հովհաննես Բարսեղյանը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին ներկայացրած դիմում-բողոքով հայտնել է, որ մրցույթը ընթացել է մրցակիցների միջեւ անհավասար պայմաններում, ինչպես նաեւ ներկայացրել է հիմնավոր պնդումներ՝ մրցույթի ընթացքում տեղի ունեցած շահերի բախման վերաբերյալ:
Փաստ 3. Անձը, լինելով մրցութային հանձնաժողովի անդամ, եղել է շահած գրքի թարգմանչի կողմից նախկինում ներկայացված եւ շահած գրքերի մասնագիտական խմբագիրը: Անթույլատրելի է կոլեգիալ կազմի անդամի առնչությունը որոշումների կայացման գործընթացին, քանի որ նա նախկինում գործել է ի շահ այդ գործընթացի մասնակիցներից որևէ մեկի, կամ առկա են այլ հանգամանքներ, որոնք վկայում են կոլեգիալ կազմի անդամի ուղղակիորեն կամ անուղղակի շահագրգռված լինելու մասին, ինչը կասկած է հարուցում տվյալ գործի առնչությամբ նրա անաչառության նկատմամբ:
Այս մասին ուղղակիորեն հղում է պարունակում նաեւ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքը, ինչը վարչական վարույթի իրականացման ընթացքում դիտվում է որպես բացարկի հիմք:
Փաստ 4. Բողոքի քննարկման ընթացքում ՀՀ կրթության և գիտության նախարարությունն ընդունել է, որ դասագրքերի մրցույթների կազմակերպման և անցկացման իրավական հիմքերը հստակ կանոնակարգված չեն, սահմանված չեն նաեւ հանձանաժողովի անդամներին ներկայացվող պահանջները:
Փաստ 5. «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի համաձայն` բացառապես օրենքներով են սահմանվում ֆիզիկական և իրավաբանական անձանց իրավունքներն իրականացնելու և պաշտպանելու պայմանները և կարգը: Մինչդեռ մրցույթների կազմակերպման եւ անցկացման իրավական մեխանիզմները հստակ ձեւակերպված չեն, ինչպես նաև կանոնակարգված չեն հանձնաժողովի անդամին ներկայացվող պահանջները: Այսպիսով` մրցույթի կազմակերպումն ու անցկացումը՝ առանց քաղաքացու իրավունքների իրականացման կարգի իրավական կարգավորման, արդեն իսկ խախտում է քաղաքացու իրավունքները:
«Թեման համարում ենք սպառված: Դրա մասին խոսվեց շատ ավելին, քան նպատակահարմար էր, հատկապես, եթե նկատի ունենանք, թե որքան շատ եւ տարաբնույթ են մեր քաղաքացիների բողոքները տարբեր բնագավառներից: Գիտելիքի օրվա նախաշեմին շնորհավորում ենք կրթության և գիտության ոլորտի բոլոր աշխատակիցներին, աշակերտներին և ուսանողներին՝ մաղթելով բարեփոխված և որակյալ կրթություն»,- այսպես է ավարտվում օմբուդսմենի հայտարարությունը: