Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Վանաձորի Չերկասի 3/30 հասցեում հայտնաբերվել է տանտիրոջ` 1951 թվականին ծնված Սամվել Ղազարյանի դիակը: Նա մահացել է դեռևս վեց տարի առաջ, այսքան տարիներ մնացել բնակարանում, և երևի այդքան էլ կմնար, եթե աղջիկը տունը վաճառելու նպատակով օրերս չվերադառնար Ռուսաստանի Դաշնությունից, որտեղ նա մշտական բնակություն է հաստատել ամուսնանալուց հետո: Նա բնակարանի դուռը փակ է գտնում, կոտրում է այն եւ հայտնաբերում հոր կմախքը. տեղեկացնում է «Երկիր»-ի թղթակիցը Վանաձորից:
Ղազարյանը խորհրդային տարիներին հաջողակ ֆուտբոլիստ է եղել, ապա մարզիչ, երկրաշարժից հետո իրեն խմելուն է տվել: Ընտանիքում մշտապես վեճեր, ծեծ ու ջարդ է եղել: Հարևանները պատմում են, որ կինը հաճախ էր փախչում, գալիս իրենց տները, որ փրկվի ամուսնու դանակի հարվածներից: Նա բաժանվել է ամուսնուց, երկու երեխաների հետ լքել նրան:
Ս. Ղազարյանը 2005 թվականից քաղաքում չի երևացել, բայց նրա բացակայությունը չեն զգացել ո'չ հարազատները, ո'չ բազմաբնակարան շենքի հարևանները. բոլորը խուսափել են հարբեցող հարևանի հետ շփումից: Վերջին անգամ նրան տեսել է բարեկամներից մեկը, ում Ղազարյանն ասել է, թե ընկերոջ հետ մեկնում է Ռուսաստան:
Ղազարյանը բնակվում էր իններորդ հարկում, մուտքում, իրենից բացի, ոչ ոք չի ապրում: Հարեւաններն ասում են` տհաճ հոտ անընդհատ զգացել են, բայց մտքներով չի անցել, որ հարևանն է նեխում. գարշահոտությունը վերագրել են կոյուղագծին: Դեպքի մասին իմացել են այն բանից հետո, երբ Ղազարյանի աղջիկը ոստիկանության ուղեկցությամբ հայտվել է բնակարանում:
Գործով զբաղվում է Վանաձորի քննչական բաժնի քննիչ Բարսեղ Մուրադյանը, նշանակված են փորձաքննություններ: Դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Չերկասն այն չարաբաստիկ փողոցն է, ուր մի քանի ամիս առաջ ծնողների անփութության պատճառով մեկ և երկու տարեկան քույր ու եղբայր այրվեցին տանը: Թաղամասը հազիվ էր ուշքի եկել երեխաների մահվան հետո, հիմա էլ վեց տարվա հնության դիակ են հայտնաբերել: