կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-08-26 10:30
Քաղաքական

Բացարձակ անտարբերություն

Բացարձակ անտարբերություն

Օգոստոսի 22-ին Թուրքիայի խորհրդարանն անվավեր ճանաչեց դիվանագիտական հարաբերությունների հաստատման եւ երկկողմ հարաբերությունների ամրապնդման մասին հայ-թուրքական արձանագրությունների նախագծերը:

Զարմանալիորեն, Հայաստանի պատասխանատու պաշտոնյաների կողմից որեւէ դիրքորոշում չցուցաբերվեց Թուրքիայի այս քայլի վերաբերյալ: Թե՛ Թուրքիայի, թե՛ Ադրբեջանի քայլերին հայկական կողմի անհրաժեշտ պատասխանի բացակայությունը կրում է մշտական բնույթ:

Հիշում ենք, թե Հայաստանի Սահմանադրական դատարանի կողմից հայ-թուրքական արձանագրությունների սահմանադրականությունը որոշելու ընթացքում արված փոքրիկ «շտկումները» Թուրքիայում ինչ մեծ աղմուկ բարձրացրին: Հայաստանի վրա սկսեցին տարբեր ուղղություններով մեծ ճնշումներ բանեցնել, մեղադրել աձանագրությունների ոգուց շեղվելու մեջ: Ապա, երբ Սերժ Սարգսյանի հրամանով այդ արձանագրությունները խորհրդարանում սառեցվեցին, Թուրքիան բավական մեծ աղմուկ բարձրացրեց, ինչը ստիպեց արձանագրությունների «ջատագով» երկրներին օրեր շարունակ անդրադառնալ թեմային: Երկու դեպքում էլ Թուրքիայի ողջ վերնախավը շաբաթներ տրամադրեց Հայաստանի իշխանությունների քայլերը վերլուծելու գործին:

Ահա այսօր նույն ճանապարհով անցնում է Թուրքիան եւ բնավ կարեւոր չէ, թե մեջլիսում այդ փաստաթղթերի վերաբերյալ հետագայում ինչպիսի գործընթաց կսկսվի: Կարեւոր է փաստը՝ Թուրքիայի խորհրդարանը արձանագրությունների նախագծերն անվավեր է համարում, եւ այդ փաստաթղթերի «համահեղինակները» քար անտարբերություն են ցուցաբերում: Հայաստանից ոչ մի խոսք, պաշտոնական ոչ մի մեկնաբանություն, բացի ԱԺ նախագահի մասնավոր պատասխանից, թե ինչո՞ւ պետք է Թուրքիայի քայլերին արձագանքենք:

Թուրքիան ի սկզբանե անլուրջ վերաբերմունք է ցուցաբերել արձանագրությունների վերաբերյալ, եւ դա վերահաստատում է հիմա: Իսկ մեր պաշտոնյաները արժանի պատասխան տալու փոխարեն սկսել են «մեղավորներ» փնտրել երկրի ներսում եւ պարզել` արձանագրությունների վավերացման դեպքում Ցեղասպանության հարցը պատմաբանների՞, թե՞ միջկառավարական հանձնաժողովի կողմից է քննարկվելու: