կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-07-26 10:23
Հասարակություն

Հանցավոր անտարբերություն

Հանցավոր անտարբերություն

«Լեզվի մասին» ՀՀ օրենքը սկսվում է այսպես. «Հայաստանի Հանրապետության պետական լեզուն հայերենն է, որը սպասարկում է հանրապետության կյանքի բոլոր ոլորտները: Հայաստանի Հանրապետության պաշտոնական լեզուն գրական հայերենն է»: Իսկ «Գովազդի մասին» ՀՀ օրենքը սահմանում է. «Հայաստանում գովազդի լեզուն հայերենն է: Գովազդի օտարալեզու շարադրանքի ընդհանուր ծավալը (մակերեսը) չպետք է գերազանցի հայերեն շարադրանքի ծավալը, ինչպես նաեւ օտարալեզու շարադրանքն այլ հատկանիշներով (գունային լուծում, պայծառություն, գիշերային լուսավորություն եւ այլն) չպետք է գերազանցի հայերեն շարադրանքի համանման հատկանիշները: Միայն օտար լեզվով գովազդն արգելվում է»:

Հիշյալ օրենքները խախտվում են մշտապես: «Երկիր»-ի այս տարվա փետրվարի 4-ի համարում անդրադարձել էինք կոնկրետ փաստի. Խանջյան-Վարդանանց խաչմերուկում՝ մեկ, քիչ վերեւ՝ Խանջյան փողոցում եւս մեկ հսկա ցուցավահանակներ կան` JOSE մակագրությամբ: Ոչ մի հայերեն տառ…

Մեզանից դեռ շատ առաջ էլ մեկ այլ օրաթերթ էր նույն հարցադրումներով տպագրել լուսանկարը եւ դիմել Լեզվի պետական տեսչություն: Ոչինչ չի փոխվել: Լեզվի պետական տեսչությունը, ինչպես ցույց են տալիս փաստերը, անզոր է որեւէ բան փոխել: Սերգո Երիցյանին չենք դիմում:

Բայց մեկը պե՞տք է պատասխանատու լինի այս օրինախախտումների համար: Մեկ անգամ չէ, որ ՀՀ վարչապետը կոչ է արել պաշտոնյաներին ուշադիր լինել մամուլի հրապարակումների նկատմամբ եւ անհրաժեշտ քայլեր ձեռնարկել: Չե՞ն նկատել, չենք կարծում: Արդյոք սա այն դեպքն է, երբ «անհրաժեշտ քայլերի» կարիք չկա՞:

Կրկին դիմում ենք վարչապետին, պահանջում՝ հարգել օրենքի տառը: Եվ կամ կանչել օբյեկտի սեփականատիրոջը (ով, ի դեպ, ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների, Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանն է) ու պարտադրել, որ տեղադրի նույն մեծության երկու հայատառ ցուցավահանակ: Այնպես, ինչպես պարտադրում է օրենքը: