կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-08-10 18:13
Արցախ

Միջազգային սիմպոզիումի մեկնարկը Արցախում

Միջազգային սիմպոզիումի մեկնարկը Արցախում

Այսօր ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է նկարիչների «Հայկական ներկապնակ» 1-ին միջազգային սիմպոզիումի մասնակիցներին՝ Հայաստանի նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանի գլխավորությամբ։ Այս մասին տեղեկացնում են ԼՂՀ ԱԺ մամուլի ծառայությունից։

 

Սիմպոզիումը, որը նախատեսված է անցկացնել Հայաստանի տարբեր մարզերում եւ ավարտել մայրաքաղաք Երեւանում, մեկնարկել է Արցախի Հանրապետությունում, ուր արդեն երրորդ օրն է, ինչ ժամանել են նրա մասնակիցները՝ Հայաստանից, Ռուսաստանից (Սանկտ-Պետերբուրգ) եւ Բելառուսից։ Ծրագիրը նախաձեռնել են Հայաստանի նկարիչների միությունը, «Փյունիկ», «Լոռվա ձոր» հիմնադրամները։ Այն ղեկավարում է Ռուսաստանի նկարիչների միության անդամ, Երևանի Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի պրոֆեսոր Գագիկ Ավետիսյանը։

 

ԼՂՀ իշխանությունների, այդ թվում՝ խորհրդարանի անունից ողջունելով սիմպոզիումի մասնակիցներին, ԱԺ նախագահը կարեւորեց նրանց այցն Արցախ, նշելով, որ այդ նախաձեռնությունը մշակութային, քաղաքական եւ այլ առումներով նշանակալի է ոչ միայն արցախցիների, այլեւ ողջ հայության համար։ Ապա, պատասխանելով ներկաների հարցերին, նա հակիրճ ներկայացրեց արցախահայության ազգային-ազատագրական պայքարի պատմական եւ իրավաքաղաքական հիմունքները, Ադրբեջանի կողմից Արցախին պարտադրված պատերազմի հետեւանքներն ու արդյունքները, ղարաբաղյան կարգավորման գործընթացը, երկրի տնտեսության վերականգնման ու զարգացման, մշակութային կյանքի աշխուժացման  ընթացքն ու հեռանկարները։