կարևոր
7744 դիտում, 1 տարի առաջ - 2023-02-02 10:21
Քաղաքական

Ինչո՞ւ են հետաձգել 25-օրյա վարժական հավաքների մեկնարկը․ «Հրապարակ»

Ինչո՞ւ են հետաձգել 25-օրյա վարժական հավաքների մեկնարկը․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

Կառավարությունն այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված հարցերից մեկով տալիս է 25-օրյա վարժական հավաքների մեկնարկը։ Դեռ հոկտեմբերին կառավարությունը որոշեց եռամսյա վարժական հավաքները փոխարինել 25-օրյա հավաքներով եւ բոլորի համար դրանք պարտադիր դարձնել։ Բայց չհստակեցրեց, թե երբվանից են դրանք մեկնարկելու։ Այս տարվա սկզբին ու անցյալ տարեվերջին արդեն զինկոմիսարիատները ծանուցագրեր էին ուղարկել մի շարք պահեստազորայինների՝ տեղեկացնելով վարժական հավաքներին նրանց ներգրավվածության մասին, բայց ամսաթիվ չէին նշել, միայն ծանուցել էին՝ ներկայանալ բուժզննության։

Մեզ ասացին՝ զինկոմիսարիատներում բանավոր տեղեկացրել են, որ վարժական հավաքները սկսվելու են փետրվարի 1-2-ից, ուստի բուժզննում պետք է անցկացվեր հունվարի ընթացքում։ Բայց բուժզննումը հետաձգվել է, հավաքների անցկացման ժամկետը՝ նույնպես։ Այսօր ՊՆ-ն իր բերած նախագծով, որն ընդգրկված էր չզեկուցվող հարցերի փաթեթում, սահմանում է, որ 25-օրյա վարժական հավաքների մեկնարկը տրվելու է մարտի 1-ից։ Առաջին խմբի առաջին եւ երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական եւ սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքները կանցկացվեն 2023 թվականի մարտի 1-ից մինչեւ մայիսի 12-ը ներառյալ: Թե որն է հետաձգման պատճառը՝ ՊՆ-ից չպարզաբանեցին։ Բայց կարելի է կռահել՝ հավանաբար, չեն կարողացել վարժական հավաքների մասնակիցների բավարար քանակ ապահովել։

Բանն այն է, որ շատերը տարբեր եղանակներով խուսափել են ծանուցագիրն ուղիղ ատանալուց, իսկ նրանք, ովքեր ստացել են, այս օրերին ճանապարհներ են փնտրում՝ առողջական խնդիրներով ծառայությունից ազատվելու համար։ Հիմնական պատճառն անվստահությունն է Նիկոլ Փաշինյանի ու Սուրեն Պապիկյանի ղեկավարած բանակի հանդեպ՝ ելնելով վերջին տարիներին բանակում պարբերաբար կրկնվող ողբերգական դեպքերի քանակից, զինվորների պահման պայմաններից եւ այլն։ Որեւէ մեկն այսօր երաշխիք չունի, որ Փաշինյանի խոստացած «խաղաղության դարաշրջանում» մեզ վրա չեն հարձակվի թշնամու բայրաքթարները, կամ զինծառայողները խաղաղ պայմաններում որեւէ սպանության, հրդեհի կամ այլ ողբերգական միջադեպի զոհ չեն դառնա։ Դրա համար էլ մարդիկ ուղղակի խուսափում են ծառայությունից։ Այս իշխանություններին հաջողվեց վարկաբեկել զինծառայությունն ու բանակը եւ զինծառայության մեկնելը կյանքի-մահվան հարց դարձնել:

Ի դեպ, Պապիկյանի ներկայացրած նախագծում զարմանալիորեն նաեւ թվաքանակ է նշված, թե քանի հոգի եւ ինչ մասնագիտության տեր պահեստազորայիններ են ներգրավվել վարժական հավաքներում։ Այն է. վարժական հավաքներին ներգրավել մինչեւ 3 հազար 281 քաղաքացու, որոնցից 2 հազար 897-ը՝ շարքային եւ կրտսեր ենթասպայական կազմերի, 152-ը` ավագ ենթասպայական կազմի, 232-ը` սպայական կազմի պահեստազորայիններ՝ համազորային եւ հրթիռահրետանային մասնագիտություններով։ Մեկ այլ դեպքում, եթե, օրինակ, լրատվամիջոցներն այս հարցով դիմեին ՊՆ-ին, նախարարությունը սա ռազմական ու պետական գաղտնիք կհամարեր ու թվաքանակի վերաբերյալ որեւէ տվյալ չէր հաղորդի։ Հիմա իրենք են բացահայտում մարտի 1-ից վարժական հավաքների մեկնողների քանակի ու մասնագիտական որակների մասին։

Նախագծում նաեւ նշված է հստակ ժամանակացույցը, թե 2023 թվականի մարտի 1-ից մեկնարկող 25-օրյա վարժական հավաքները երբ ու ինչ պարբերականությամբ են անցկացվելու, եւ որ փուլում քանի քաղաքացի է ներգրավվելու։ Վերջին խումբը վարժական հավաքներին մասնակցելու է 2023 թ. ապրիլի 18-ից մինչեւ մայիսի 12-ը ներառյալ՝ ներգրավելով մինչեւ 366 քաղաքացու, որոնցից 322-ը՝ շարքային եւ կրտսեր ենթասպայական կազմերի, 17-ը` ավագ ենթասպայական կազմի, 27-ը` սպայական կազմի պահեստազորայիններ:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։