կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-07-27 15:47
Իրավական

Մանկապիղծի գործով դատական նիստերը հետաձգվել են մինչև օգոստոսի 30-ը

Մանկապիղծի գործով դատական նիստերը հետաձգվել են մինչև օգոստոսի 30-ը

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում ընթացքի մեջ է մանկապղծության մեջ մեղադրվող Սերոբ Տեր-Պողոսյանի գործով դատավարությունը: Դատական նիստերը տևել են 5-7 ժամ, մանրակրկիտ ուսումնասիրվել են բոլոր ապացույցներն ու ցուցմունքները:

Ինչպես տեղեկացնում է «Երկիր»-ի Վանաձորի թղթակիցը, 4 նիստերի ընթացքում հարցաքննվել է 5 տուժած, որոնցից երկուսը զինծառայող են: Բոլորն էլ հաստատել են նախաքննության ժամանակ տված իրենց ցուցմունքները:

Դիտվել են նաև քրեական գործով անցնող` մանկապղծության փաստը հաստատող տեսանյութերը, որոնք նկարահանվել են մեղադրյալի կողմից իր բնակարաններում տեղադրված տեխնիկայով: Տուժածները ընդունել են, որ տեսանյութերում իրենք են պատկերված: Նրանցից մեկը պատմել է, որ իր հարցին, թե ինչո՞ւ է այդ ամենը նկարահանվելու, Տեր-Պողոսյանը պատասխանել է, թե իր համար է նկարահանում: Մինչդեռ ՀՀ գլխավոր դատախազության ազգային անվտանգության մարմիններում քննվող գործերով ավագ դատախազ Արամ Ամիրզադյանի կարծիքով` նկարահանումներն արվել են շանտաժի, զոհերին հետագա կախվածության մեջ պահելու նպատակով:

Դատավարության ընթացքում պարզ է դարձել, որ ծնողներից շատերը տեղյակ չեն եղել իրենց տղաների արկածներ մասին: Ի դեպ, նրանք դեմ են եղել լրագրողների ներկայությանը դատարանի սպասասրահում: Ծնողներից մեկը նույնիսկ սպառնացել է «Հետք»-ի Լոռու մարզի թղթակցին` Լարիսա Փարեմուզյանին, որն առաջինն էր բարձրաձայնել Սերոբ Տեր-Պողոսյանի սեռական ոտնձգությունների մասին:

Դատախազը ծնողների տրամադրվածությունն այսպես է բացատրում. «Թե ԶԼՄ-ների նկատմամբ ինչո՞ւ են ագրեսիվ, չեմ կարող ասել, բայց կարող եմ ենթադրել, որ նյութական ապահովությունից զրկվում են այս պարագայում»:

Դատավորի արձակուրդ գնալու պատճառով, ինչպես նաև պաշտպանների միջնորդությամբ դատական նիստերը հետաձգվել են մինչև օգոստոսի 30-ը: