Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արդեն լիարժեք բանակցությունների ռեժիմում գտնվող ՀԱԿ-ն ու կոալիցիան աշխատանքային երկրորդ հանդիպման ընթացքում լուծել են ամենակարեւոր հարցը` ձեւավորել են բանակցությունների օրակարգը:
Այդ կապակցությամբ շնորհավորելով լրագրողներին` Կոնգրեսի պատվիրակության ղեկավար Լեւոն Զուրաբյանը շուրջ 2,5 ժամ տեւած հանդիպումից հետո տեղեկացրեց, որ ՀԱԿ-իշխանություններ երկխոսության օրակարգի` քննարկման ենթակա հարցերը երկուսն են. ՀԱԿ-ը ներկայացրել է երկխոսության օրակարգում «Հայաստանում լեգիտիմ իշխանության շուտափույթ ձեւավորման նպատակով արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների անցկացման եւ դրանց ազատության, արդարության եւ օրինականության ապահովման անհրաժեշտ միջոցառումների» քննարկման առաջարկ, իսկ կոալիցիան առաջարկել է ընտրությունների պատշաճ անցկացման նպատակով քաղաքակիրթ մրցակցությունն ապահովող կանոնների ձեւավորում:
«Նախագահական արտահերթ ընտրությունները կստեղծեն լրջագույն երաշխիքներ նաեւ խորհրդարանական ընտրությունների արդար, ազատ եւ օրինական անցկացման համար»,- լրագրողներին ասաց Կոնգրեսի անդամը:
Զուրաբյանը նաեւ տեղեկացրեց, որ իշխանությունները մերժել են թե' հանրային եթերի եւ թե' ուղիղ եթերի տրամադրման վերաբերյալ ՀԱԿ-ի առաջարկը, իսկ Կոնգրեսի հանրահավաքների իրազեկման համար պատրաստված տեսահոլովակների վերաբերյալ դեռեւս պատասխան չեն տվել:
Ինչ վերաբերում է «ոստիկանության կողմից ահաբեկման, տրանսպորտի աշխատանքի կազմալուծման» վերաբերյալ ՀԱԿ-ի մտահոգություններին, ապա իշխանություններն առաջարկել են, որ այդ փաստերը տրամադրվեն իրենց պատվիրակությանը:
«Որքանո՞վ եք հավանական համարում, որ արտահերթ ընտրությունների անցկացման ձեր պահանջն ի կատար կածվի» հարցին Զուրաբյանը պատասխանեց. «Այնքանով եմ հավանական համարում, ինչքանով հավանական է Հայաստանի առաջընթացը»:
Նա նաեւ նշեց, որ Կոնգրեսի նշած վերջնաժամկետը չի փոխվել` «նույն սեպտեմբերը մնում է, եւ այդ վերջնաժամկետի մասին մենք շատ հստակ հայտարարել ենք»:
Լրագրողները հետաքրքրվեցին` եթե ՀԱԿ-ը շարունակում է իշխանություններին համարել ոչ լեգիտիմ, ապա ինչո՞ւ է նրանց հետ երկխոսում: «Դուք շատ լավ գիտեք, որ երկխոսելը կամ բանակցելը չի նշանակում հակառակ կողմի լեգիտիմության ճանաչում: Դա ընդամենը համատեղ փորձ է` ստեղծված իրավիճակից դուրս գալու: Հայաստանում լրջագույն քաղաքական ճգնաժամ է, եւ այդ քաղաքական ճգնաժամի հաղթահարման խաղաղ ճանապարհը մենք համարում ենք լավագույնը, դրա համար էլ բանակցում ենք: Եթե խաղաղ ճանապարհով չստացվի, ուրեմն լինելու է առճակատում»:
Այսպիսով, երկխոսության օրակարգը ձեւավորված է, հաջորդ հանդիպումը կանցկացվի օգոստոսի 4-ին` ժամը 12:00-ին, երբ կողմերը կանցնեն բովանդակային քննարկումների: