Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀԱԿ-իշխանություն երկխոսության գլխավոր նպատակը հասարակության ուշադրությունը պրոբլեմներից շեղելն է. այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ կարծիք հայտնեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Լարիսա Ալավերդյանը:
«Վիճակն օրեցօր ծանրանում է սոցիալական և տնտեսական ոլորտներում, իսկ մենք խոսում ենք քաղաքական ուժերի ինչ-որ ցուցադրական գործընթացից»,- նշեց պատգամավորը` հավելելով, որ չի կարծում, թե այդ երկխոսությունը պարունակում է համակարգային փոփոխություններ:
Ըստ պատգամավորի` շարժվելով երկու անգամ կեղծված Սահմանադրությամբ, համակարգային փոփոխությունների հասնել հնարավոր չէ: «Պետք է առաջիկա ընտրություններում բացառենք առաջին, երկրորդ ու երրորդ նախագահների մասնակցությունը և օրակարգային դարձնենք սահմանադրական փոփոխությունները»,- նշեց նա:
Լ. Ալավերդյանը կարծում է, որ ՀԱԿ-ը և գործող իշխանությունները հանդես են գալիս նույն քաղաքական դիրքորոշմամբ, անգամ` Արցախի հարցում: «Հայաստանի համար Արցախի հարցը մի գավառի հարց չէ, և նրանք, ովքեր բաժանում են Արցախի խնդիրը Հայաստանի խնդրից, ուղղակի կարճատեսներ են»,- ասաց պատգամավորը:
Խոսելով Մարտի 1-ի մասին՝ Լարիսա Ալավերդյանը նշեց, որ արյունը թափվել է այն պատճառով, որ Ռոբերտ Քոչարյանը չէր ցանկանում զիջել Լևոն Տեր-Պետրոսյանին:
«Ժառանգության» պատգամավորը վերջում հավելեց. «Ես հավատացյալ մարդ եմ, և ամեն օր աղոթք եմ անում: Իմ աղոթքներից մեկում ես Աստծուն խնդրում եմ, որ իշխանություններին խելք, ուժ ու խիղճ տա»: