Փոխարժեքներ
06 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.24 |
EUR | ⚊ | € 421.9 |
RUB | ⚊ | ₽ 3.97 |
GBP | ⚊ | £ 502.68 |
GEL | ⚊ | ₾ 141.99 |
Հայոց հնօրյա «է»-ի կատարյալ ոչնչացմանն ուղղված համազգային արշավը կարծես մոտենում է ավարտին, և հոգնած-ուժասպառ «է»-ն շուտով իր վերջին հանգրվանը կգտնի բառարանների պաղ լռության մեջ: Թեև գրավոր խոսքի տիրույթներում «է»-ն դեռ փորձում է կենդանության նշաններ ցույց տալ, բայց մեր իսկ ազգադավ ջանքերով բանավոր խոսքից վտարվում է անդառնալիորեն, օտարվում վերջնականապես: Եվ հիմա այլևս «ա»-ախոս են բոլորը` հայ պաշտոնյան, հայ գրողը, հայ գիտնականը, հայ ուսուցիչը:
«Ա»-ախոսությունը, վերջին ժամանակներս մասամբ նաև «ա»-ագրությունն այլևս մերժելի չեն, դրանցով լրագրողը հարցազրույց է վերցնում և տպագրում, համացանցի զանազան կայքերի միլիոնավոր այցելուներ իրենց մտքերն են արտահայտում, բանաստեղծն իր բանաստեղծությունն է գրում, հրապարակախոսն` իր հոդվածը: Նույնիսկ հայտնվել են «ա»-ագրության նվիրյալ-ջատագովներ, ովքեր համաշխարհային պոեզիայից հայերեն թարգմանություններ են անում միմիայն Արարատյան բարբառով` «է»-ի փոխարեն միմիայն «ա» օժանդակ բառ գործածելով: Նրանցից մեկը, օրինակ, Ռոբերտ Բյորնս է «հայերենացնում» և տպագրում` «Սիրտս բարձր սարերն ա, Սիրտս վաղուց ստե չի…» (Մերուժան Հարությունյան):
Եվ հայոց հինավուրց «է»-ն վերջնական մոռացումից, թվում է, այլևս ոչ ոք չի փրկի` ո՛չ ԿԳ նախարարությունը, ո՛չ Լեզվի պետական տեսչությունը, ո՛չ էլ, ասենք, Գրողների միությունը: Սրանցից յուրաքանչյուրը ժամանակին ու այսօր էլ յուրովի դավել է «է»-ին, և միակ հույսը, ինչպես շատ այլ դեպքերում, նորից մնում է հայի ավանդապահությունը, ինքնապահպանման բնազդը, արժանապատվությունը:
«Է»ասպան այս ընթացքը ե՞րբ ծայր առավ: Արդյո՞ք ոչ այն ժամանակներից, երբ նկարահանվեց հայկական սերիալ կոչվող կինոռաբիսի նախակարապետ «Մեր բակը», երբ եթեր հեռարձակվեցին աշոտղազարյանական ոճի ու մակարդակի հեռուստատեսային առաջին հումորային շոուները, երբ հեռուստալրագրողն իր հերոսին և հյուրին խոսեցրեց` առանց նախապես զգուշացնելու` գրական հայերե՛ն խոսիր, «է՛»-ով խոսիր, երբ հեռուստատեսության տեր ու տիրակալների թողտվությամբ եթերում տիրապետող դարձավ Արարատյան բարբառն ու «ա»-ախոսությունը` իբրև ազատ, բնական, վերջին ժամանակներս` նաև էլիտար խոսքի արտահայտություն:
Ու թեև շատ չի անցել ամենաթողության այդ ժամանակներից, բայց արդեն հասցրել ենք ազգովին դառնալ աղճատ ու նսեմ խոսքի անվրդով ունկնդիրը, դրա ամենժամյա հլու սպառողը, իսկ աճող սերնդի լեզվական մշակույթի դասերն անփութորեն վստահել ենք զանազան մկոների ու հայկոների, գարիկների ու էմպետրիների, աննաների ու էլենների: Եվ բոլոր հայկական օջախներում հանապազ թևածում է Արարատյան բարբառն իբրև նորօրյա գրական լեզու, իբրև նոր հայերեն:
Ինչ վերաբերում է «ա»-ախոսություն չարիքին, արդեն պիտի խոստովանենք, որ կարծես այլևս կամք ու գիտակցում, նաև տեղ ու ժամանակ չի մնացել հնավանդ «է»-ի հնչեցման համար: Հուլիսի 16-ին Հ2 հեռուստաընկերության եթերում «Չէին սպասում» հաղորդաշարի հերթական թողարկումն էր, ծրագրի ստեղծագործական խումբը հերթական հյուրագնացությունն էր կազմակերպել, այս անգամ` Հ1 հանրային հեռուստաընկերության «Հայլուր» լրատվական ծառայության հաղորդավար Սոնա Թորոսյանի բնակարան: Լրագրողական այս «ներխուժումից» հեռուստադիտողը, կարծում ենք, դրական տպավորություն ստացած կլինի, ինչին անկասկած օգնած կլինեն թե՛ ծրագրի ղեկավար Սուրեն Շահվերդյանի գրագետ խոսքը, մեղմ հումորն ու իր ունկնդրին կիրակնօրյա թեթև-ուրախ տրամադրությամբ համակելու շնորհքը, թե՛ նաև Սոնայի խելամիտ, կշռադատված պատասխանները: Բայց աղջկա գրագետ պատասխանների մեջ զարմանալի բնականությամբ տեղավորվել էր «ա»-ախոսությունը. ամբողջ հաղորդման ընթացքում Սոնան ընդամենը մեկ-երկու անգամ հիշեց «է»-ի մասին, այն էլ` երբ ուղղակի արձագանքում էր Սուրենի անպայման «է»-ով արված որևէ հարցադրմանը: Մնացած դեպքերում «Հայլուրի» Սոնան «ա»-ախոսում էր:
Նորից շեշտենք` եթե մոռանանք «ա»-ախոսությունը` Սոնայի խոսքը գրագետ էր ու մաքուր, հետևաբար նրա «ա»-ախությունը ընդհանուր գրագիտության համատեքստում կարծես չէր գիտակցվում որպես բարբառային խոսքի արտահայտություն. այն հեռուստահաղորդավարուհու մատուցմամբ ներկայանում էր իբրև գրական խոսքի լիովին բնական բաղադրիչ: Ցավալի է արձանագրել, բայց վաղուց արդեն այդպես է` «ա»-ախոսությունն այլևս չի գիտակցվում իբրև խոսքի վթար կամ լեզվական սխալ, այլևս չի համարվում մերժելի, երբ դրանով նույնիսկ ամբողջ բանավոր խոսքն է կառուցվում:
Վերադառնանք հաղորդմանը, որի ընթացքում պարզվեց, որ այս տարի Ս. Թորոսյանն ատենախոսություն է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: Իհարկե, շնորհավորենք երիտասարդ բանասերին և, իհարկե, ուրախանանք. ի՜նչ լավ է, ահա՛ ևս մեկ պատճառ, որով Սոնան «Հայլուր»-ական եթերից դուրս` «օտար» եթերներում էլ պարտադրված կլինի ոչ միայն շարունակել խոսել գրական մաքուր հայերեն, այլև, որ շատ էական է` «է»-ախոսել:
Լևոն ՍԱՐԳՍՅԱՆ