Փոխարժեքներ
24 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 395.75 |
EUR | ⚊ | € 411.42 |
RUB | ⚊ | ₽ 3.97 |
GBP | ⚊ | £ 496.07 |
GEL | ⚊ | ₾ 141.09 |
Ապարանցին տաքսի ծառայություն է բացում, հարցնում են` մեկ կիլոմետրն ինչքա՞ն է, պատասխանում է` 1000 մետր: Բայց սա այլեւս անեկդոտ չէ:
2011թ. հունիսի 24-ի դրությամբ` Հայաստանի ողջ տարածքում գործում են 518 լիցենզավորված տաքսի կազմակերպություններ եւ 1358 անհատ տաքսի վարորդներ: Ընդհանուր առմամբ, ուղեւորափոխադրումներ են իրականացնում 7912 տաքսի մեքենաներ:
Մատների վրա կարելի է հաշվել այն քաղաքացիներին, ովքեր գոհ են տաքսի ծառայություններից: Մարդկանց խաբում են: Սովորաբար, տաքսիների մոտ 1 կմ ճանապարհի արժեքը 100 դրամ է, նվազագույն գումարը 1-5 կիլոմետրի համար սահմանված է 500-600 դրամ: Դժվար է, սակայն, գտնել տաքսի, որի 1 կիլոմետրը 1000 մետր է եւ կամ 100 դրամ:
Երեւանի Կենտրոնից, ասենք, Հալաբյան փողոց գնալիս մեկ պարզում ես, որ նույն ճանապարհը 6 կիլոմետր է, մեկ` 8 կիլոմետր, իսկ երեկ էլ հանկարծ պարզվեց, որ 12 կիլոմետր է: Մեքենաների կիլոմետրաժը փոխվում է աստղաբաշխական արագությամբ, գումարը` նույնպես: Կա, օրինակ, «Տիգրան Մեծ» տաքսի ծառայություն, որի սակաչափը 3 կիլոմետր հետո արդեն փոխում է 700 դրամ, 4 կիլոմետրը` 900:
Հարցնում ենք վարորդին, թե ի՞նչ արժե մեկ կիլոմետրը, պատասխանում է` 100 դրամ, նստելավարձ էլ չկա: Հարցնում ենք` այդ դեպքում ինչո՞ւ է 3 կիլոմետրը փոխել 700 դրամ, պատասխանում է՝ ինձ ոնց տվել են, քշում եմ: Հարցնում ենք՝ ո՞վ է տվել, պարզվում է` չգիտի: Գիտի միայն, որ հաշվիչը գնելուց հետո սարքել են Սպարտակի մոտ:
Նման անհեթեթութունները շատ են ու մշտապես: Չկա որեւէ վերահսկողություն: «Արդյո՞ք տաքսի ծառայությունների հաշվիչները ստուգվում են» հարցին տրանսպորտի նախարարությունից պատասխանեցին, որ պետք է պատասխանի էկոնոմիկայի նախարարության չափագիտության ազգային ինստիտուտը, այնտեղից էլ պատասխանեցին, որ պարտավոր է պատասխանել տրանսպորտի նախարարությունը:
Խոշոր հաշվով մեզ չի հետաքրքրում, թե ում լուծելիքն է խնդիրը` տրանսպորտի, էկոնմիկայի նախարարությունների, ՏՄՊՊՀ-ի, թե այլ կառույցի: Մեզ հետաքրքրում է, թե ինչու ոլորտը չի կարգավորվում: Հայտնի է, որ տաքսի ծառայությունների մի մասն էլ ներկայիս պաշտոնյաների ու նրանց ազգականների անունների հետ է կապվում, ովքեր հարմար անցք գտնելով` նորից սողոսկել են հասարակության գրպանը: