կարևոր
3430 դիտում, 2 տարի առաջ - 2022-10-15 14:14
Հասարակություն

Սեպտեմբերյան ագրեսիայի ժամանակ թշնամին հափշտակել է 8000 գլուխ մանր եղջերավոր անասուններ Իշխանասարից. Իրինա Յոլյան

Սեպտեմբերյան ագրեսիայի ժամանակ թշնամին հափշտակել է 8000 գլուխ մանր եղջերավոր անասուններ Իշխանասարից. Իրինա Յոլյան

Սեպտեմբերին տեղի ունեցած ադրբեջանական ագրեսիայի ժամանակ թշնամին Սյունիքի մարզից հափշտակել է 8000 գլուխ մանր եղջերավոր անասուն եւ 8 տնակ: Այս մասին NEWS.am-ին  հայտնեց Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանը:

«Ընդհանուր առմամբ այդ հրետակոծության  վնասները մեր կողմից հաշվառվել են եւ ներկայացվել են մարզպետարան: Տների վնասի  մասով Վերիշեն եւ Ակներ գյուղերում արդեն բնակիչները փոխհատուցումներ ստացել են: Մոտ 31 ֆերմերներ իրենց անասուններին կորցրել են, որովհետեւ թշնամին հափշտակել է 8000 գլուխ մանր եղջերավոր անասուններ Իշխանասարից, խոսքը գնում է Խնձորեսկ եւ Վերին Խնձորեսկ բնակավայրերի ֆերմերների մասին: Նաեւ  ունեցել են մեքենաներ այդ հատվածում, որոնք որ տնակների կցորդներ են որպես ծառայել եւ այդ 8 տնակները նույնպես հափշտակվել են: Այս մասին  հավաքագրված ինֆորմացիան ներկայացրել ենք մարզպետարան, այս պահին դեռ որեւէ ինֆորմացիա չկա»,- ասաց նա:

Փոխքաղաքապետի խոսքով` դեռ վերջնական որոշված չէ վնասի չափը, քանի որ դեռ որոշված չէ` ոնց է հաշվարկն արվելու:

«Ընդհանրապես 2020 թվականի պատերազմից հետո մեր արոտավայրերը զգալի կրճատվել են, եւ մենք լուրջ խնդիրներ ունենք այդ մասով: Ժամանակ առ ժամանակ անասուները  անցել են թշնամու վերահսկողության տակ գտնվող հատված եւ  դեռ փոխհատուցումները չեն ստացել: Այնպես որ ժամանակ առ ժամանակ այդ կորուստները բերում են նրան, որ մարդիկ գյուղում ապրելով խուսափում են անասուններ պահելուց»,-ասաց նա` հավելելով, որ եւ պատերազմի եւ վերջին ագրեսիայի ընթացքում անվտանգային միջավայրը շատ է փոխվել` ազդելով գյուղատնտեսության վրա:

Յոլյանը նշեց, որ այժմ իրենք փորձում են նոր գործիքակազմով նպաստել գյուղատնտեսության զարգացմանը, այս պահին փորձում են մարզում զարգացնել մեղվապահությունը, վերապատրաստման դասընթացներ են կազմակերպում: