կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-07-06 10:25
Առանց Կատեգորիա

Արցախի տատիկն ու պապիկը

Արցախի տատիկն ու պապիկը

Արտաքուստ կարող է թվալ, որ իրար հետ անհամատեղելի են պատերազմ և մշակույթ հասկացությունները: Արցախյան պատերազմը, սակայն, եկավ վկայելու, որ պատերազմը մշակույթի հետ հարաբերվում է երեք ձևերով: Առաջին՝ ոչնչացնում է մշակույթը, երկրորդ՝ նոր մշակույթ է ստեղծում, և վերջապես երրորդ՝ հարաբերվելով պատերազմի արդյունքի՝ հաղթանակի կամ պարտության հետ, ժողովուրդներն ու անհատներն իմաստավորում ու արժևորում են մինչ այդ ստեղծված մշակույթը, հաղթանակի դեպքում իրենց տերը զգում պատմության ու մշակույթի, իսկ պարտության դեպքում պարտվածության ժխտողական հոգեբանությունը տարածում պատմության ընթացքում ստեղծված արժեքների վրա:

Այսպիսով, մշակույթի տարբեր կոթողները, իրենց ամբողջանալուց հետո նույնը մնալով դարերի հոլովույթում, միանգամայն տարբեր ընկալումների ու բնորոշումների են ենթարկվում պատմական-աշխարհայացքային տարբեր իրավիճակներում: 1983թ., երբ ընկերներիս հետ Արցախում էինք, Քոլատակի կոլտնտեսության վարորդը, «Վիլիսով» գյուղ իջեցնելիս ցույց տալով լեռնային ճանապարհի երկայնքով տարածված մատուռները և խաչքարերը, դառնությամբ ասաց, որ մեր պապերը եթե այս ամենի փոխարեն բերդեր ու աշտարակներ կառուցած լինեին և զենք առնեին, ապա Ադրբեջանը մեզ այսօր չէր կարողանա պարտադրել այն, ինչ որ արեց Նախիջևանում:

Ուղիղ տասը տարի հետո ես նրան հանդիպեցի Մարտակերտի ճակատում, ձեռքի գնդացիրը ուսին դրած առաջ գնալիս: Երբ հիշեցինք իրար, ասաց, որ 1988-ից վարորդությունը թողել է և զենք վերցրել, որպեսզի զենքով պաշտպանի մեր պապերի կառուցածը: Այդ տասը տարիների ընթացքում ո՛չ վանքերը և ո՛չ էլ խաչքարերը որևէ ձևով չէին փոխվել: Փոխվել էր պատմության և մշակույթի արցախյան ընկալումը: 1980-ականների առաջին կեսին Արցախին իրապես սպառնացող նախիջևանյան տարբերակը դառնացվածության այն զգացումն էր առաջ բերել, թե ո՞ւմ համար են մեր պապերը ստեղծել այս ամենը, եթե մենք չենք մնալու մեր հողի ու այդ հողի վրա ստեղծվածի տերը 1988 թվականից հետո, երբ արցախահայությունը հնարավորություն ստացավ տեր կանգնելու իր երկրին, նույն այդ կոթողներն արդեն դարձան անցյալի այն ժառանգությունը, որը պետք է զենքով պաշտպանվեր ներկայի հետ միասին:

Այս իրողությունը Արցախում հավաստվեց երկրամասի հավաքական խորհրդանիշը դարձած «Մենք ենք մեր սարերը» տուֆե քանդակով, որը հեղինակել է Սարգիս Բաղդասարյանը 1967թ.: Ժողովուրդը ի սկզբանե այն անվանեց նաև «Տատիկ ու պապիկ» և կամ էլ արցախյան բարբառով՝ «բաբոն ու պապիկը»: Այս կոթողն իրապես քարացած մի երգ է, որը միանգամայն տարբեր ելևեջումներով հնչեց իր կառուցման օրից մինչև այսօր ընկած համեմատաբար կարճ ժամանակահատվածում: Մինչև 1988 թվականը Տատիկի և պապիկի հայացքում խտացած էր այն լուռ ցասումը, որը կար ամեն արցախցու սրտում Արցախին պարտադրված ապագայի համար, և պատահական չէ, որ տատիկն ու պապիկը համեմատվում էին Արարատի մեծ ու փոքր գագաթների հետ, որը միաժամանակ խորհրդանշում էր թե՛ Արցախի հարատևումը մեր բիբլիական լեռան նման և թե՛ ենթագիտակցական այն վախը, որ հանկարծ գուցե մի օր էլ նա չարժանանա մեր Մայր լեռան ճակատագրին:

Քարացած այդ ցասումը պայթեց 1988 թվականի փետրվարին Ստեփանակերտի հրապարակում, ուր «Մի՛-ա՛-ցո՛ւմ» վանկարկող ժողովուրդն ասես գծագրում էր Տատիկին ու պապիկին: Փետրվարյան այդ օրերին հաջորդող շրջանում, մինչև 1992 թ. մայիսի ութը, նա դարձավ նախ ոգեղեն մի պատվար Խոջալուից դեպ Ստեփանակերտին սպառնացող ճանապարհին և ապա Շուշիին ուղղված զսպիչ մի հայացք: 1992 թվականի հաղթական գարնանը հաջորդած ամառային ծանր պարտությունների և այս կոթողի մոտով դանդաղորեն քայլելով Ստեփանակերտ մտնող գաղթականների քարավանին դեմ հանդիման վերստին բնազդական այն վախը ծնվեց, թե արդյոք Տատիկն ու պապիկը չե՞ն դառնալու կորսվածության արցախյան խորհրդանիշը արարատաձև իրենց գծագրմամբ: Մեր ժողովրդի հավաքական կամքով, սակայն, երբ ռազմաճակատում սկսվեց բեկումը, 1993 և 1994 թվականների պատերազմական դաժան ձմեռներին Տատիկն ու պապիկը մեր լեռների նման հանդարտ ու աներեր հայացքով ուղեկցում էին Ստեփանակերտից Մարտակերտի ճակատ մեկնող Պաշտպանության բանակի զորամիավորումներին: 1994 թվականի մայիսից հետո նրանք վերստին դարձան Արարատաձև՝ բայց արդեն հաղթական ու վերագտնված հավերժության խորհրդանիշը՝ մարմնավորելով արցախահայության ապագան:

Եվ բոլոր նրանք, ովքեր դժվար է ասել՝ բախտը, թե դժբախտությունն են ունեցել տեսնելու Արցախի Տատիկի ու պապիկի հայացքի իրարահաջորդ հնչուն այս ելևէջումները, նրանց կյանքը վերածվել է անտեսանելի քարեղեն մի երդումի՝ ապրել հայրենիքի հանդեպ այնպիսի մի նվիրումով, որ այլևս էլ երբեք չփոխվի Արցախի Տատիկի ու պապիկի դեմքի արտահայտությունը: Եվ եթե յուրաքանչյուր հոբելյան իմաստավորումն է նաև տեղի ունեցած իրադարձության, ԼՂՀ անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կարևորագույն պարտականություններից մեկը պետք է լինի հետպատերազմյան այսօրվա և հաջորդող սերունդներին հիշեցնել, թե ինչ գնով է ձեռք բերվել Տատիկի ու պապիկի այսօրվա հայացքը:

ՎԱՐԴԱՆ ԴԵՎՐԻԿՅԱՆ