Փոխարժեքներ
23 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Երեւանցիից Երեւանի օտարացման գործընթացը, ինչքան էլ անհեթեթ չթվա, սկսվեց այն օրից, երբ մենք անկախություն ձեռք բերեցինք: Չմտածեք երբեք, թե ես դեմ եմ անկախության: Ես համարում եմ, որ անկախությունը այն մեծագույն պարգեւն է, որ կարող էր տրվել մեր ժամանակներում հայրենի հողի վրա ապրող հայ մարդուն: Խոսքը այն բեսպրեդելի մասին է, որ շատ լավ մտածված տրվեց (եւ տրվում է ներկայումս) այն մի խումբ մարդկանց, որոնք շատ լավ պատրաստված էին խժռելու եւ իրենցով անելու այն, ինչ պատկանում էր համայն երեւանցիներին:
Հենց 1991թ. սկսած այս գործընթացը հաջողությամբ շարունակվում է եւ այսօր: Որպեսզի խոսքերս սոսկ ձեւական բնույթ չկրեն, կանվանեմ իրերն իրենց անուններով: Սկզբում վայրերը՝ Օպերայի այգի, Հրազդանի կիրճ, Օղակաձեւ զբոսայգի, Ավետիք Իսահակյանի արձանի պուրակ եւ դիմացի մայթը, Վիկտոր Համբարձումյանի արձանի պուրակ, Սասունցի Դավթի արձանի պուրակ եւ շրջակա հրապարակ, Գլխավոր պողոտա եւ նրա պուրակները, կինոթատրոն «Ռոսիայի» հրապարակը եւ շրջակայքը...
Երբեմնի այս գեղեցիկ, զով ու կանաչ վայրերն այսօր ապականված են, դարձել են արեւելյան ամենավատ ճաշակի շուկա:
Իսկ այժմ շենքերը, մշակույթի հաստատությունները՝ Հայաստանի կինոաշխատողների տուն, Արվեստագետի տուն (Մաշտոցի պողոտայի վրա), Երեւանի համարյա բոլոր գրախանութները, վերջին զոհը «Անի» գրախանութն էր Հանրապետության հրապարակում: Սրա մասին, որպես թարմ կորուստ, ինչպես եւ բոլոր այն շենքերի մասին, որտեղ նախկինում եղել են մշակույթի, գրի, գրքի, գրականության կառույց, մի քիչ ավելի մանրամասն:
Այդ գրախանութը, ինչպեսեւ երեւանյան բոլոր գրախանութները, իրենց բացման օրից միշտ ծառայել են գրքին: Բայց եկավ մի օր, երբ նրանց նոր տերերին թույլ տրվեց գրքի տեղ վաճառել կոշիկ, կանացի ներքնազգեստ, շամպայն կամ սուրճ, ոսկե օղ կամ մատանի, այսինքն՝ այն, որ մարդու հաճույքի համար է, բայց ոչ մտքի:
Եթե թույլ է տրվում, ուրեմն ինչու գերշահույթ չհետապնդել, եւ այս մտածողությամբ քանդվում, վերափոխվում են երեւանյան բոլոր այն կառույցները, որոնք լուսահոգի Գրիգոր Հարությունովի ձեռքով դարձան շուքն ու պատիվը մեր քաղաքի: Հիշենք մեր քաղաքի կինոթատրոնները՝ «Հայրենիք», «Սասունցի Դավիթ», «Կոմիտաս», «Պիոներ», «Երեւան», «Նաիրի»... Վերջինը մեր բոլորի աչքի առաջ օրը ցերեկով կրկին սեփականացվեց եւ դարձավ փող հաշվելու հերթական օբյեկտ:
Երբեք չեմ ուզել մեր հայությունը ինչ-որ ձեւով մասնատել երեւանցիների, ապարանցիների, գյումրեցիների, ստեփանակերտցիների, գորիսեցիների, վանաձորցիների, քանզի այնքան քիչ ենք, որ եթե մասնատենք, տակը բան չի մնա: Սակայն ինչպես չասես, որ երեւանցու համար, այս քաղաքում ծնված, դեռ «մայկա-տրուսիկով» կինո «Նաիրի» հաճախած, նրա ջազ-նվագախմբի երաժշտությունը լսած ու նրա ներսի մարմարե ցայտաղբյուրի ջուրը խմած մարդու (պատանու կամ ծերուկի) համար կինո «Նաիրին» ուրիշ է... Դա քո կենսագրությունն է, քո առաջին ժամադրության վայրն է, քո պատանի ռոմանտիկ երազանքները էկրանի վրա տեսնելու կախարդական հնարավորությունն էր:
Ներկայումս այնտեղ պետք է փող հաշվեն: Հոգ չէ` «Յունիբանկը» թե «Կոնվերսը» կամ «Ամերիան», «ԱԳԲԱ-կրեդիտագրիկոլը» թե ՎՏԲ-ն, բայց ինչո՞ւ անպայման այդ փողը պետք է հաշվեն Ավետիք Իսահակյանի անվան Երեւանի կենտրոնական գրադարանում, կամ երեւանցիների սիրելի կինո «Նաիրիի» դահլիճում, կամ թե Հայաստանի ազգային հանրագիտարանի խմբագրության շենքում:
Ի միջի այլոց, փող հաշվելը, էլ չեմ ասում` ստվերային փող հաշվելը, աստվածահաճո զբաղմունք չէ, որի համար մենք պիտի այսպես հաճոյաբար լայն բացենք դռները մեր երկրի նոր բարքերի տերերի առջեւ:
Մեր քաղաքում Բազազ Արտեմը Պեպոյին վաղուց է հաղթել:
Ես մի քիչ շեղվեցի հափշտակված կամ վերից պարգեւ ստացած երեւանյան օբյեկտների իմ հաշվարկից:
Երկար տարիներ Երեւանում խոյանում էր «հայկական մոդեռն» հազվագյուտ ոճով կառուցած «Սեւան» հյուրանոցը: Համարները՝ լավ թե վատ, բայց շատ պահանջված էին քիչ հյուրանոց ունեցող քաղաքի հյուրերի կողմից: Հյուրանոցն ուներ իր ընտիր ռեստորանը, ուր իմ երիտասարդության տարիներին նվագում էր անզուգական կլարնետիստ Չորնի Սուրիկի նվագախումբը: Եվ մանավանդ այդ շենքը հիանալի անսամբլ էր կազմում Շահումյանի արձանի եւ կողքի արդարադատության նախարարության շենքի հետ:
Հյուրանոցը կապիտալ վերանորոգման նպատակով որոշվեց վաճառքի հանել, իսկ քանի որ այն տարիներին (խոսքը անկախության առաջին տարիների մասին է) Երեւանում դեռեւս չկային տեղացի օլիգարխներ, այն գնեց եւ հաջողությամբ հիմնաքանդ արեց օտարերկրյա հպատակ մի մեծահարուստ, որը նորաստեղծ իշխանությունների առանձնահատուկ հովանավորությունն էր վայելում:
Հետո էլի մի փոքր իշխանափոխություն տեղի ունեցավ, եւ նորերը ինչ-ինչ պատճառներով հարմար չեկան «Սեւան» հյուրանոցի նոր տիրոջ քիմքին: Եվ արդյունքում, արդեն տասը տարուց ի վեր Երեւանի քաղաքապետարանից քիչ հեռու մեծածավալ վիհ է ընկած, կարիճներով ու մողեսներով լեցուն, որպես լուռ վկայություն քաղաքի իշխանության անկարողության կապիտալի հանդեպ:
Ասենք, որ եթե այնտեղ պետք է հյուրանոց կառուցվեր, եւ ուր նիստ ու կացը պիտի լիներ այնպես, ինչպես «Արմենիա» հյուրանոցից հոթել «Մարիոթ» դարձածի պարագայում է, երեւանցիներիցս «բան մը կորցրած չպիտի ըլլայինք»: Մե՞զ ինչ «Մարիոթը», ո՞վ է վերջին անգամ երեւանցիներս այնտեղ եղել` ճաշել, սուրճ խմել կամ մազերը հարդարել... Միայն բարի հուշեր են մնացել երբեմնի մեր սիրելի «Արմենիայից»:
Օտարացումը անպայման շենք քանդել չէ, կարող են այնպես օտարացնել, որ այլեւս ոտքդ այնտեղ չես դնի:
Ճարտարապետական մի այլ կոթող է, ճիշտ է, դեռ չի քանդված, սակայն քանդվում-ավերվում է բոլորիս աչքի առաջ, Մաշտոցի պողոտայի նախկին Կոլտնտեսական շուկայի շենքը: Վաղուց արդեն երեւանցին այնտեղ առեւտուր չի անում, այն տրված է վերավաճառողներին եւ կորած-մոլորած զբոսաշրջիկներին, եւ իրականում մի մեծ աղբակույտ է եւ հանրային զուգարան: Եվ մինչեւ երբ այս խայտառակությունը պետք է շարունակվի: Եթե շուկան տեր ունի եւ տիրություն չի անում, ուրեմն ձեռքից պիտի վերցնեն ու տիրություն անողին տան, էլ ինչի՞ համար է քաղաքապետարանի ինստիտուտը:
Վերջաբանին ուզում եմ փոքր-ինչ լավատեսական երանգ տալ: Իհարկե, ամեն ինչ վատ չէ եւ կորած չէ մեր քաղաքում, անզեն աչքով կարելի է տեսնել, որ կարգի են բերվում քաղաքի՝ այդքան քիչ մնացած այգիներն ու պուրակները: Քաղաքը նախկին հողաշեն ծերպերի ու կեղտաջրերով լցված բակերի փոխարեն, ունի վերջին շրջանում խոյացած Հյուսիսային պողոտա, ունի հրաշալի թաղամաս՝ Իտալական դեսպանատան ու «Կոնգրես» հյուրանոցի շրջակա տարածքը, որի վրա իշխում է Ջիմ Թորոսյան-ական հրաշալի կառույցը՝ Երեւանի քաղաքապետարանի շենքը:
Ժամանակն է, որ նրա աշտարակի ժամացույցը նոր եւ ուղղած հաշվարկով հաշվի մեր քաղաքի ժամանակը:
Ավիկ ԻՍԱՀԱԿՅԱՆ