կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-06-14 22:16
Առանց Կատեգորիա

ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ. ՀԱԿ-ի համար Կարախանյանի կլուբը "Կրեմլն" է

ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ. ՀԱԿ-ի համար Կարախանյանի կլուբը "Կրեմլն" է

Ըստ «Կոմսոմոլսկայա պրավդայի» տարածած տեղեկատվության` ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանն ու կոնգրեսի մոսկովյան շտաբի` «Միաբանություն» ակումբի ղեկավար Սմբատ Կարախանյանն օրեր առաջ Մոսկվայում «քաղաքական խորհրդակցությունների շրջանակում» իբր հանդիպումներ են ունեցել «ռուսաստանյան իշխանական կառույցների եւ քաղաքական շրջանակների ներկայացուցիչների» հետ:

Գնահատելով «ռուսաստանյան կառավարական շրջանակների» հետ հանդիպումները, Սմբատ Կարախանյանը նշել է. «Ռուսաստանը հսկայական եւ կառուցողական դեր է խաղում Հարավային Կովկասում, եւ պարբերական բնույթ կրող նման խորհրդակցությունները շատ կարեւոր նշանակություն ունեն: ՀԱԿ-ի նման միջազգային նշանակություն ունեցող եւ կայացած քաղաքական ուժի համար էական է Ռուսաստանի հետ հարաբերությունների բազմակողմանի զարգացումը»:

Իսկ Զուրաբյանը կարծիք է հայտնել, թե. «ՀԱԿ-ը որպես խոշորագույն քաղաքական ուժ, կողմ է Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ արդյունավետ համագործակցությանը եւ շահագրգռված է քաղաքական, տնտեսական եւ ռազմական-ռազմավարական հարաբերությունների հետագա ամրապնդմամբ»:

Բնականաբար ինչպես Զուրաբյան-Կարախանյան զույգի նախկինում տեղի ունեցած մոսկովյան հյուրախաղերի մասին տարածված տեղեկությունների մեջ, այնպես էլ այս անգամ «ավանդաբար» չի նշվում, թե նրանք կոնկրետ ում հետ են հանդիպել կամ խորհրդակցել: Այսինքն՝ չէին էլ կարող նշված լինել ռուս իշխանավորների ու պաշտոնյաների անուններ, քանզի երեւակայական խորհրդակցության ու հանդիպումների մասնակիցների թիվը երկուսից չի անցել:

Զուրաբյանը հերթական անգամ թռել է Մոսկվա ու հանդիպել Կարախանյանի հետ: Եվ հերթական անգամ այս «բարձր մակարդակի» հանդիպումներն ու շփումները ՀԱԿ-ը փորձում է ներկայացնել որպես հույժ կարեւոր առաքելություն՝ միտված ՀԱԿ-Ռուսաստան, Հայաստան-Ռուսաստան «արդյունավետ համագործակցությանն» ու «հարաբերությունների բազմակողմանի զարգացմանը»:

Ընդհանրապես շատ մազալու բան է ստացվում. այստեղ Տեր-Պետրոսյանի կոնգրեսը ամեն օր, կարելի է ասել, անիծում ու հայհոյում է Ռուսաստանին, բողոքում նրա «կայսերապաշտական նկրտումների» դեմ, անընդունելի համարում Հայաստանում ռուսական ռազմաբազաների տեղակայման ժամկետի երկարաձգման փաստը, հեգնում վարչախմբին, որ թույլ է տալիս, որ ռուսները Հայաստանն անվանեն իրենց «ֆորպոստը», բայց միաժամանակ տարին մի քանի անգամ Զուրաբյանին գործուղում է ՌԴ մայրաքաղաք` հանձնարարելով «հանդիպել ու խորհրդակցել» ռուսական իշխանական վերնախավի ներկայացուցիչների հետ:

Ինչպե՞ս հասկանալ կոնգրեսի հակառուսականությունից թունդ ռուսասիրություն երբեմն-երբեմն նկատվող փոխակերպումները: Վերջին անգամ, եթե չենք սխալվում, Զուրաբյանը Մոսկվա էր մեկնել 2010-ի հունիսին, որտեղից վերադառնալով հիացած հայտարարեց, թե «ռուսական իշխանական շրջանակները աջակցում են ՀԱԿ-ին»:

Դարձյալ չբացահայտեց այդ «շրջանակները», ավելին` ռուսական կողմից հայրենի արմատականներին աջակցության կամ սատարման ցույցեր չեղան: Իսկ դրանից առաջ եւ հետո ՀԱԿ առաջնորդը շարունակում էր հանդիպումերը բացառապես եվրոպացի ու ամերիկացի չինովնիկների ու դիվանագետների հետ: Այն, որ Զուրաբյանի հերթական մոսկովյան այցից հետո ռուսական լրատվամիջոցներում հայտնվում են Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների ու գործարարների դեմ ՀԱԿ-ի գրասենյակում թխված զրպարտչական նյութեր, ինչպես 2010-ի փետրվարի վերջերին ռուսական «Վերսիա» եւ «Վեկ» էլեկտրոնային պարբերականներում հայտնվեցին նման լավաշ-զրպարտչագրեր, հայտնի է բոլորին:

Զուրաբյան-Կարախանյան զույգի գլխավոր ու հիմնական գործը եղել է հենց դա` ստուկաչական իրենց պապկան դեմ տալ ռուսական ու մոսկովյան լրատվամիջոցներին, դրանց հրապարակման դիմաց վճարել պահանջված գումարը եւ գոհ ու երջանիկ միմյանց հրաժեշտ տալ: Հետո էլ մեկ այլ լրատվամիջոցով տարածել տեղեկատվություն, թե «քաղաքական խորհրդակցությունների շրջանակում...» հանդիպել են «ռուսաստանյան կառավարական շրջանակների հետ եւ քննարկել...»:

Նման մի «հանդիպման» մասին էլ լսեցինք 2008-ի նախընտրական փուլի մեկնարկին, երբ Տեր-Պետրոսյանի շտաբը տարածեց, թե իրենց թեկնածուն հանդիպել է ՌԴ նախագահի թեկնածու Դմիտրի Մեդվեդեւի հետ, սակայն այդ տեղեկատվության տարածումից ժամեր անց պարզվեց, որ Տեր-Պետրոսյանը հանդիպել է ոչ թե Մեդվեդեւի, այլ «գունավոր հեղափոխության» սցենարների մեծ գիտակ, աջ ուժերի առաջնորդներից մեկի` Գոզմանի հետ: Իսկ գուցե ՀԱԿ-ը շփոթե՞լ է հասցեն. ախր երկար ժամանակ պատրաստվում էր երկխոսել իշխանությունների հետ եւ հիմա էլ սպասումների մեջ է: Եվ սպասողական վիճակից հոգեկան հավասարակշռությունը կորցրած՝ որոշել է «երկխոսել» ՌԴ իշխանություննե՞րի հետ: