կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2018-12-26 10:16
Քաղաքական

Մեր քանդված բաբելոնյան աշտարակը. «Հայոց աշխարհ»

Մեր քանդված բաբելոնյան աշտարակը. «Հայոց աշխարհ»

«Հայոց աշխարհ» թերթը գրում է. «Դեռ երբեք մեր հասարակությունը չի եղել այնքան պառակտված, որքան այսօր։ Այնպիսի տպավորություն է, թե բառերը կորցրել կամ փոխել են իմաստը, եւ մարդկանց միջեւ վերացել է փոխըմբռնումը։ Երբ տեղի է ունենում նման բան, հասարակությունը մասնատվում է. անհնար է դառնում միասնական նպատակի իրականացումը, անհնար է նույնիսկ միասնական բուն նպատակը։

Աստված, ցանկանալով խափանել բաբելոնյան առաջնորդների հավակնոտ ծրագրերը, ամենեւին էլ համաճարակ, պատերազմ եւ այդօրինակ կոպիտ դիվերսիաներ չկազմակերպեց։ «Կխառնեմ նրանց լեզուները»,- ասաց Նա։ Եվ՝ վե՛րջ Աշտարակին։

 Ահա թե ինչ տեսք ունի այս հանրահայտ պատմությունը.

«Եվ ասացին նրանք. «Եկեք մեզ համար մի քաղաք ու աշտարակ շինենք, որի գլուխը մինչեւ երկինք հասնի եւ մեր անունը փառաբանենք...

Տերը մարդու որդիների շինած քաղաքն ու աշտարակը տեսնելու իջավ։

Եվ ասաց Տերը. «Ահա սրանք մեկ ժողովուրդ են եւ ամենքի լեզուն մեկ է եւ սկսեցին կառուցել սա եւ հիմա ինչ էլ մտադրվեն շինել, արգելող ոչինչ չկա։ Եկեք իջնենք եւ նրանց լեզուն այնտեղ խառնակենք, որպեսզի մեկը մյուսի լեզուն չհասկանա»։

Տերը երկրի երեսով մեկ ցրեց նրանց եւ դադարեցին շինել քաղաքը» (Գիրք Ծննդոց, 11)։

Մի՞թե մենք այդչափ միամիտ ենք, որ հավատանք, թե իբր բաբելոնցիները վայրկենապես սկսեցին խոսել անգլերեն, ֆրանսերեն, հայերեն եւ այն ժամանակ գոյություն չունեցող այլ լեզուներով։ Ոչ, նրանք պարզապես դադարեցին հասկանալ միմյանց։ Լեզուն արտաքուստ (հնչողությամբ) մնաց առաջվանը։ Բայց մարդիկ սկսեցին հասկանալ բառերը տարբեր կերպ։

Ահա հենց դա էլ տեղի ունեցավ մեր հասարակության հետ, որտեղ դադարել են գործել նաեւ բարոյական օրենքները։

Մեր քանդված Բաբելոնյան աշտարակի բեկորներից կփորձեն կառուցել նոր շինություններ, եւ հետաքրքիր կլինի նայել, թե ինչ կստացվի ի վերջո։ Պատմության մեջ այդպես եղել է մշտապես, եւ ափսոսալ չարժե։ Հռոմում Սուրբ Պետրոսի տաճարը կառուցվեց Կոլիզեումի քարերից, այդպես տեղի կունենա եւս մեկ անգամ, հետո կրկին ու կրկին։ Մշտապես քայլ է արվում հռոմեական կրկեսներից դեպի հռոմեական եկեղեցի, ինչպես ասել է Պաստեռնակը։

Իսկ մինչ նոր շինարարության սկսվելը, այսինքն՝ այսօր, մեր հասարակությունն ապրում է «Դու մեռիր այսօր, իսկ ես կմեռնեմ վաղը» օրենքով։ Սա Menschliches, Allzumenschliches է՝ մարդկային, չափազանց մարդկային։ Նման մոտեցումը, ի դեպ, հատուկ է նաեւ բոլոր քաղաքական ուժերին, թեեւ նրանք տարբեր հայացքներ ունեն նույնիսկ բազմապատկման աղյուսակի նկատմամբ։

Բայց ո՞վ եւ ի՞նչ է կառուցելու «Բաբելոնյան աշտարակի» բեկորներից։ Ահա հարցերի հարցը։

Համենայն դեպս հասարակության ներկայիս վիճակը հիմք չի տալիս հուսալու, որ տեսանելի ապագայում այդ շինարարությունը որակյալ կլինի։

Հարաբերությունները մեզանում կառուցվում են «Հարեւանի կովը սատկեց. մանրուք է, բայց հաճելի» փոքրիկ ուրախության հիման վրա։ Ըստ որում՝ կյանքը Նոր Հայաստանում հիշեցնում է զանգվածային համաճարակ, այնպես որ բոլորի կովերն էլ հաճախ սատկում են, հետեւաբար բոլորն էլ ուրախանում են հարեւանների համար։

Այնինչ նորմալ հասարակությունը պետք է ապրի միանգամայն այլ օրենքներով։ Ամերիկացի միջատաբան Էդվարդ Օսբորն Ուիլսոնը 1975 թվականին մեծ աղմուկ հանեց իր «Սոցիոկենսաբանություն. նոր սինթեզ» աշխատությամբ, որտեղ շարադրեց հասարակական միջատների՝ մրջյունների, մեղուների, կրետների եւ տերմիտների իր ուսումնասիրությունների արդյունքները։ Նա պարզեց, որ դրանց վերին աստիճանի հատուկ է ինքնազոհաբերման պատրաստակամությունը՝ հանուն ցեղի շարունակության։