Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Չգիտեմ` ով ինչպես, բայց առաջիկա ընտրություններին Տիգրան Արզաքանցյանն իր տեղը գալիք ԱԺ-ում ապահովեց: Մեր համեստ կարծիքով` նա ռեյտինգով երկրորդն է արդեն` Լևոն Տեր-Պետրոսյանից հետո: Այո, այո:
Եթե չհաշվենք Սերժ Սարգսյանին, ապա ՀՀ առաջին նախագահի եւ ԱԺ սույն պատգամավորի անուններն ամենից շատն են հոլովվել անցած քաղաքական գարնանը: Ասվածից, սակայն, չի հետևում, որ Արզաքանցյանը բոլոր առումներով է երկրորդը:
Որոշ հարցերում նա նույնիսկ առաջ է անցնում Լևոն Տեր-Պետրոսյանից: Օրինակ` ո՞վ շատ չուզող ունի: Միանշանակ է` Լևոնը: Եթե այս տեսանկյունից Լևոն Տեր-Պետրոսյանն ընդհանրապես վերջին տեղերն է զբաղեցնում, ապա Արզաքանցյանը առջևում է եւ այն էլ մեծ առավելությամբ: Պարզվում է, Արզաքանցյանին ընդհանրապես չուզող չէր ունենա, եթե չլինեին լրագրողները եւ թերթերը:
Օրինակ` ինձ համար իսկական հայտնություն էր «Երկիր» թերթի այն համարը, որից ես իմացա, որ ՀՀ ԱԺ-ում Տիգրան Արզաքանցյան ազգանունով պատգամավոր կա: Եվ ինձ նման քանի-քանի մարդ հենց թերթի այդ համարից տեղեկացան, թե որքան բեղուն է հայ ազգի արգանդը օրինաստեղծ գործի համար արժանիներ ծնելու հարցում: Խեղճ մարդու չուզողների բանակը բուն հրապարակումից չէ, որ սկսեց աճել ու բազմանալ: Այլ նրանից, որ ազգիս երեսփոխանը հանկարծ մի նեղանալ նեղացավ «Երկիր» թերթից եւ մամուլից` ընդհանրապես, որ աղմուկը հասավ հանրապետության ամենահեռավոր մարզեր եւ նույնիսկ Քյավառի տարածաշրջան (Արզաքանցյանի պատճառով այսօր Քյավառի տարածաշրջանը, ցավոք, գուբերնիայի հետ է ասոցացվում): Արզաքանցյանը դիմեց դատարան` վերականգնելու իր բարի անունը, պատիվը, արժանապատվությունը եւ, իհարկե, ուրիշների անուններով գրանցված իր գործարար համբավը:
Ընթերցողը կարող է հարցնել ինչո՞ւ եք Արզաքանցյանին առանձնացնում: Չէ՞ որ էլի պատգամավորներ գտնվեցին (անուններ չտանք), որոնք մամուլի հետ իրենց հարցերը լուծելու նպատակով դիմեցին դատարան: Շատ ներողություն, բայց ձեր ակնարկած պատգամավորները նույնիսկ կշոյվեին, եթե իրենց ստիլյագ ասեին: Նրանց նեղանալու պատճառն է ուրիշ, պատճառը: Նրանց երեսն էլ չենք լվանում, բայց Արզաքանցյանի դեպքը լրիվ ուրիշ է:
«Երկիր»-ին դատի տալն այս պարոնի կենսագրության մեջ երևի թե առաջին լուրջ հասարակական ճեղքումն էր: Որպես կայծակ մաքուր օդում` մեկեն թնդաց նրա անունը: Նույնիսկ չալարեց ու գնաց նախկին վարչապետի դուռը, թե ինձ այսպես ու այսպես քո անունից պախարակել են, արի ինձ մի թուղթ տուր, որ դու ժամանակին ինձ նման բան չես ասել:
Դժվարանում ենք ասել, Բագրատյանն այդպիսի մի տեղեկանք կտա՞ր 2010 թվականին, թե՞ ոչ, բայց 2011-ին, այսինքն` ՀԱԿ-իշխանություն հարաբերություններում ձնհալի սեզոնին տվեց` փեչատով, բանով, տեղը տեղին. «Ես չեմ ասել, որ էդ ….-ը մեր կոնյակի պատիվը գցում ա»:
Խեղճ «Երկիր» թերթ, ե՞րբ էս նախկին ավազակապետերից խեր տեսար, որ այսօր տեսնես: Մի խոսքով` ստացվեց այնպես, որ Բագրատյանը Արզաքանցյանի համար կարողացավ մի 200 հազար դրամ պոկել «Երկիր»-ից, էն էլ, ինչպես կազինոներն են հաճախ անում` որպես տաքսու փող` տուն հասնելու համար:
Ես հիմա, հիշողությունների գիրկն ընկած, ինչ գիտեմ` պատմում եմ, սիրելի' ընթերցող, բայց դու դրա վրա ուշադրություն մի դարձրու, այլ փորձիր հասկանալ, թե ինչ իրադարձությունների կենտրոնում հայտնվեց Արզաքանցյանը` դատարանի դռներն ընկնելով: Մարդը միակը եղավ 131-ից, որ չվախեցավ թերթի ասածները սեփական նախաձեռնությամբ մեկիկ-մեկիկ բացահայտելուց` էլ վիլլա հարուստների թաղում, էլ զանազան հայտնի ու անհայտ բիզնեսներ, էլ տանել-բերել, էլ թերավճարներ ժողովրդին, էլ պոլիգլոտի, էլ հիվանդ քեռակին, էլ ավտոարշավ Երևանով եւ, ամենակարևորը` Հովիկ Աբրահամյանը չլսի, բացակայություններ, բացակայություններ, բացակայություններ: Քանի՞ օրաթերթ պետք է լիներ, որ հասցներ այս ամենի մասին գրել: Քանի-քանի անբեղ-անմորուս թղթակից էր պետք, որ մեր պարծանք-պատգամավորի ամեն քայլն արձանագրեր: Բայց, ինչպես տեսնում եք, միայն «Երկիր»-ի, դատարանի եւ Արզաքանցյանի ջանքերը բավական եղան մի այնպիսի քարոզարշավ կազմակերպել, որին կնախանձեր անգամ Բաղդադի խալիֆը:
- Պարո'ն Արզաքանցյան, պատրաստվո՞ւմ եք կրկին առաջադրվել,- հարցրել է նրան մի ջահել աղջիկ, մեկն այն լրագրողներից, որ իմանալով պատգամավորի` պատահաբար Հայաստան այցելելու լուրը, ձայնագրիչն առել ու թռել է նրա մոտ:
Հիմա թող մեր պատգամավորներից մեկնումեկն ասի, թե երբ են իրենցից հարցազրույց վերցրել Երևան ժամանելու առիթով: Թվում է մանրուք է, բայց դա այդպես չէ: Ի՞նչ կարևոր է, թե որտեղ են հարցազրույց վերցրել` ինքնաթիռի թևի տակ, թե կորտեժով ԱԺ-ի բակ հասցնելուն պես: Կարևորն այն է, որ լրագրողներն սպասել են նրա վերադարձին: Այդպես նույնիսկ, ում ասեմ, որ լավ լինի, նույնիսկ Փրկչի երկրորդ գալստյանը չեն սպասում:
Հուսամ` ինձ հաջողվեց ընդհանուր գծերով ներկայացնել Արզաքանցյանի բարձր ռեյտինգի բուն պատճառները եւ մի քիչ էլ մյուսներին հասկացնել, որ մամուլի դեմ դատերով ռեյտինգ ապահովել կարող են միայն Արզաքանցյանի նման անհատականությունները, եւ կարիք չկա վերջինիս տրորած ճանապարհով գնալ: Նախ` ծախսատար է, ապա` ամեն մեկը չէ, որ կարող է Բագրատյանից թուղթ բերել եւ տաքսու փող ստանալ լրատվամիջոցից:
Էդիկ Անդրեասյան
Հ.Գ. Մեծարգո' Հովիկ Աբրահամյան, փաստորեն, Ձեր խորհրդարանում մինչ օրս եղել է ոչ թե 131 պատգամավոր, այլ 130+1: Որ կողմից ուզում եք` հաշվեք: Այդ ձևաչափը, ամենայն հավանականությամբ, կպահպանվի, քանի որ պարոն Արզաքանցյանը որոշել է նորից առաջադրվել: