կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-06-23 13:19
Առանց Կատեգորիա

ՀԱԿ-ի թուլացումը կուժեղացնի "Ազատ դեմոկրատներին"

ՀԱԿ-ի թուլացումը կուժեղացնի "Ազատ դեմոկրատներին"

Ներքաղաքական վերջին զարգացումների շուրջ «Երկիր»-ը զրուցել է քաղաքագետ, Zham.am-ի գլխավոր խմբագիր Երվանդ Բոզոյանի հետ:

- Որոշ քաղաքագետներ համարում են, որ ՀԱԿ-իշխանություն երկխոսությունը փակուղի է մտել, եւ ՀԱԿ-ի ցանկությունները, փաստորեն, մնացել են անկատար: Ի՞նչ եք կարծում, երկխոսությունն ավարտվա՞ծ է, թե՞, այնուամենայնիվ, շարունակվում է:

- Ես այդպիսի գնահատական չեմ տա, որովհետեւ կարծում եմ, որ թե՛ Տեր-Պետրոսյանը, թե՛ Սերժ Սարգսյանը երկխոսության գործընթացի դուռը կիսաբաց են թողել, որովհետեւ դա երկուսի համար էլ շահավետ է: Այլ խնդիր է, որ Տեր-Պետրոսյանն ուներ պրոբլեմ իր թիմի մոտ, որովհետեւ նրան մեղադրում էին, իշխանությունների հետ անհայտ օրակարգով ներկուլիսային բանակցությունների մեջ` պահանջելով հրապարակայնացնել այդ պրոցեսը: Ըստ էության, Տեր-Պետրոսյանը առաջարկ արեց, որ հրապարակայնացվի այդ պրոցեսը, ինչը ենթադրում է նաեւ երկխոսության որոշակի բանակցային ֆորմատ: Սակայն Սերժ Սարգսյանը փաստացի մերժեց այդ բանակցային ձեւաչափը, որովհետեւ դա ձեռնտու չէր իշխանությանը. եթե ինքը համաձայներ, որ պետք է բանակցեին երկու կողմ, ապա կարձանագրվեր, որ մի կողմում կոալիցիոն երեք ուժերն են, մյուս կողմում` ՀԱԿ-ն է, այսինքն` իրենք երկու իրավահավասար ուժեր են, եւ գալիք խորհրդարանական ընտրությունների շեմին Տեր-Պետրոսյանի թիմը դիրքային առավելություն կստանար: Դրան դեմ կլինեին թե՛ ՀՀԿ-ն, թե՛ ԲՀԿ-ն, թե՛ ՕԵԿ-ը: Ես չեմ կարծում, որ Տեր-Պետրոսյանն ու Սերժ Սարգսյանը վերջնականապես կփակեն այդ դուռը, նրանք երկուսն էլ կշարունակեն անդրկուլիսյան բանակցությունները: Այլ խնդիր է, որ Տեր-Պետրոսյանի առաջ կանգնած է խնդիր` հրապարակայնացնել այն:

- Ի վերջո, ըստ Ձեզ, ո՞ր տարբերակը կընտրի ՀԱԿ-ը: - Եթե ՀԱԿ-ն ընդունի այդ առաջարկը, ապա դա վիրավորական կլինի, որովհետեւ Սերժ Սարգսյանի առաջարկած ֆորմատը ծաղրանքի կվերածի ընդդիմությանը: Ի՞նչ է նշանակում ինչ-որ հարցերի շուրջ բանակցել Հովիկ Աբրահամյանի հետ, ինչ-որ հարցերի շուրջ` Տիգրան Սարգսյանի հետ, մանավանդ, որ նրանք Տ. Սարգսյանի հրաժարականն են պահանջում: Հասկանալի է, որ Սերժ Սարգսյանն իր այդ առաջարկով ուզում էր ցույց տալ, թե ինչքան անհեթեթ կլինի, եթե իրենք բանակցային պրոցեսը ֆորմալիզացնեն: Այդ պատճառով էլ, Տեր-Պետրոսյանը մի կողմից չի կարող ընդունել այդ առաջարկը, մյուս կողմից էլ` չի ուզում այն մերժել: Եթե դու մերժում ես, փաստորեն, պետք է գնաս ավելի ռադիկալ քայլերի: Իսկ Տեր-Պետրոսյանը չունի ռեսուրսներ, որ գնա դրան: Տեր-Պետրոսյանն, ամենայն հավանականությամբ, կգնա երրորդ տարբերակով` ո՛չ կհայտարարի, որ ընդունում է երկխոսությունը, ո՛չ էլ կհայտարարի, որ մերժում է: Ներկուլիսային բանակցությունները կընթանան, Տեր-Պետրոսյանը կհայտարարի, թե ցավում է, որ իշխանությունները հրաժարվում են բանակցությունների հրապարակային ֆորմատից, եւ փաստացի կմոբիլիզացնի ուժերը` հերթական ընտրություններին մասնակցելու համար:

- Բայց դեռ շարունակում են պնդել, որ պահանջելու են արտահերթ ընտրություններ:

- Նրանք համարում են, որ քաղաքական ճգնաժամը կարելի է հաղթահարել միայն արտահերթ ընտրությունների միջոցով, իրենց համար դա գաղափարական խնդիր է: Մյուս կողմից, հասարակության մեջ կա բողոքավոր զանգված, որն օր առաջ ուզում է ազատվել այս իշխանություններից: Այդ մարդիկ պահանջում են արագ լուծումներ, իսկ արագ լուծումների քաղաքական բանաձեւը արտահերթ ընտրություններն են: Եթե Տեր-Պետրոսյանը հրաժարվի իր այդ պահանջից, կկորցնի հսկայական զանգված:

- Ի՞նչ եք կարծում, Կազանյան հանդիպումն ինչպե՞ս կազդի Հայաստանի ներքաղաքական կյանքի, մասնավորապես, իշխանություն-ՀԱԿ հարաբերությունների, երկխոսության ընթացքի վրա:

- Ես չեմ կարծում, որ Կազանում ինչ-որ լուրջ փաստաթուղթ կարող են ստորագրել: Ո՛չ հայկական, ո՛չ էլ ադրբեջանական կողմը պատրաստ չեն դրան, իսկ եթե այդպիսի բան լինի, ապա Հայաստանում ֆորսմաժորային իրավիճակ կառաջանա:

- «Ազատ դեմոկրատներ»-ի ստեղծմանն ինչպե՞ս եք վերաբերվում:

- «Ազատ դեմոկրատներ»-ում այսօր մարդիկ են, ովքեր դեռ էն գլխից դժգոհ էին Տեր-Պետրոսյանից, որ ՀԱԿ-ի վերնախավում պատշաճ ներկայացված չէին: Այդ դժգոհության մեջ արդարության էլեմենտ կա, որովհետեւ ամբողջ սեւ աշխատանքը իրականացնում էին իրենք, բայց ՀԱԿ-ի անունից խոսում էին լրիվ ուրիշ մարդիկ: Բնականաբար, դա դուր չեկավ Տեր-Պետրոսյանին (գիտեք, որ Տեր-Պետրոսյանի պահանջով էր, որ Արարատ Զուրաբյանը հրաժարական տվեց ՀՀՇ վարչության նախագահի պաշտոնից եւ իր կողմնակիցների հետ միասին արդեն իսկ խաղից դուրս էր եկել): Այս պահը իրենք ճիշտ գնահատեցին, համարեցին, որ ժամանակն է առանձին հանդես գալու, եւ հիմա առանձին են հանդես գալիս` փորձելով ձեւավորել նոր քաղաքական ուժ` համախմբելով հիմնականում այն շրջանակները, որոնք գործում էին ՀՀՇ-ում եւ ՀՀՇ-ին կից:

- ՀԱԿ-ից կարծիքներ են հնչում, որ «Ազատ դեմոկրատները» Սերժ Սարգսյանի պրոյեկտն է:

- Շատ տրամաբանական է, որ ՀԱԿ-ը նման հայտարարություն է անում, որովհետեւ ցանկացած քաղաքական ուժ, որը մյուսի հետ համաձայն չէ, գտնում է, որ դա գործող իշխանությունների պրոյեկտն է: Նրանք այդպիսի բան էին ասում Րաֆֆի Հովհաննիսյանի մասին, նույն Դաշնակցության մասին, բոլոր նրանց մասին, ովքեր իրենց հետ չեն: Դա հին բոլշեւիկյան մեթոդ է` «ով մեզ հետ չէ, մեր դեմ է», որը լուրջ քաղաքականության մեջ երկար գոյատեւել չի կարող: Նույն Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ ՀԱԿ-ը քաջ գիտակցում են, որ իրենց ռեսուրսների թուլացումը բերելու է «Ազատ դեմոկրատների» ուժեղացմանը, եւ գալիք ընտրությունների ժամանակ նրանք կարող են այդ ընտրազանգվածն իսկապես ուղղակի կիսել:

Շուշան ՇԱՀՎԵՐԴՅԱՆ