կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-03-11 14:27
Տարածաշրջան

ՆԱՏՕ-ն կուժեղացնի Թուրքիայի սահմանների վերահսկողությունը

ՆԱՏՕ-ն կուժեղացնի Թուրքիայի սահմանների վերահսկողությունը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Իենս Ստոլտենբերգը Եվրահանձնաժողովի քարտուղար Ժան-Կլոդ Յունկերի հետ հանդիպումից հետո հայտարարություններ է արել Էգեյան ծովում ՆԱՏՕ-ի կողմից իրականացվող միջոցառումների և թուրք-սիրիական սահմանի վերահսկողության վերաբերյալ. տեղեկացնում է Ermenihaber-ը:

Ստոլտենբերգը հայտարարել է, որ Էգեյան ծովով փախստականների հոսքերը վերահսկելու նպատակով այնտեղ ծառայություն իրականացնող` ՆԱՏՕ-ի 5 նավերի թիվը շուտով կավելացվի: Ստոլտենբերգը նշել է, որ ուղարկվելիք նավերը հագեցած կլինեն գերժամանակակից տեխնոլոգիաներով, և դրանց մեծամասնության վրա կլինեն ուղղաթիռի վայրէջքահրապարակներ:

Ըստ թուրքական «Milliyet» թերթի կայքի` ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը, անդրադառնալով թուրք-սիրիական սահմանին տիրող իրավիճակին, ասել է, որ Թուրքիայի անվտանգության երաշխավորման ուղղությամբ ներկայումս արդեն որոշ քայլեր կատարվել են:

«Դրանք են` օդային վաղ ահազանգման AWACS ինքնաթիռները, նավատորմը և Թուրքիայի օդային անվտանգությունն ուժեղացնող Patriot հակաօդային պաշտպանության համակարգերը: Այս բոլորը մեզ համար տարածաշրջանի իրավիճակին հետևելու և տեղեկատվություն ստանալու հնարավորություն է տալիս»,- նշել է Ստոլտենբերգը:

Նա ավելացրել է նաև, որ ՆԱՏՕ-ն որոշել է ընդլայնել Թուրքիայի սահմանների մշտադիտարկման և հսկման միջոցառումները: