Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արցախցիներին չի հետաքրքրում, «թե ինչ են ասում Մադրիդյան սկզբունքները եւ ինչ քննարկումներ են ընթանում դրանց շուրջ»:
«Մեր ճակատագիրը, մեզանից բացի, ոչ ոք իրավունք չունի որոշելու»,- «Երկիր»-ի հետ զրույցում հայտարարել են Արցախի Մարտակերտի շրջանի Վանք գյուղի մի խումբ բնակիչներ:
«Ինչքան էլ բանակցեն ու ինչ-որ որոշումներ կայացնեն, միեւնույն է, մենք ենք որոշողը։ Ո՞վ է ասել, որ մենք պատրաստ ենք գոնե մի թիզ հող հանձնել Ադրբեջանին, ո՞վ է ասել, որ համաձայն ենք ադրբեջանցի փախստականների վերադարձին։ Այլեւս հնարավոր չէ ադրբեջանցիների հետ ապրել, մեզ համար նրանք թշնամի են։ Տարածքների հանձնման մասին ոչ մի խոսք անգամ չի կարող գնալ, այնտեղ յուրաքանչյուրիս որդու, ամուսնու, եղբոր կամ քրոջ արյունն է թափվել»,- ասել է մի կին։
«Գուցեեւ կարող ենք նրանց ներել այն ամենի համար, ինչ նրանք մեզ հետ արել են, բայց նրանց մեր հանրապետության տարածք ներս չենք թողնի։ Ոչ ոք չի հանդուրժի, որ հարեւան տանը կամ գյուղում ադրբեջանցի ապրի։ Մենք մեր կաշվի վրա զգացել ենք, թե ինչպես են նրանք վերաբերվում հայերին։ Եթե լավ վերաբերվեին Սումգայիթի ու Բաքվի ջարդերը չէին լինի, Ադրբեջանը պատերազմ չէր սկսի Ղարաբաղի դեմ։ Ի՞նչ է, մենք չպիտի՞ պաշտպանվեինք, չպիտի՞ ապահովեինք մեր անվտանգությունը։ Հիմա առանց նրանց խաղաղ ապրում ենք ու չենք պատրաստվում թույլ տալ, որ պատմությունը կրկնվի»,- այս դիրքորոշումն էլ ներկայացրել է մի կին, որի ամուսինը պատերազմի տարիներին գերի էր ընկել։
Մեր զրուցակիցների մի մասը ատելություն չունի ադրբեջանցիների նկատմամբ. «Շարքային քաղաքացիները մեղք չունեն, որ իշխանությունները նրանց թունավորում են իրենց հակահայկական քաղաքականությամբ»։ Սակայն շատերն ատելությամբ են լցված ադրբեջանցիների նկատմամբ եւ չեն ցանկանում նրանց մասին անգամ լսել։
Խոսելով այս ամսվա վերջին Կազանում կայանալիք հանդիպման մասին՝ հավաքվածներից մեկը հայտարարել է, որ որոշում կայացնողը ներկայումս Արցախի Հանրապետությունում ապրող բնակչությունը պետք է լինի. «Եթե ուզում են ինչ-որ որոշում կայացնել, ապա թող հանրաքվե անեն ու տեսնեն, թե որ տարբերակին է ժողովուրդը համաձայն։ Խոսքս վերաբերում է ե'ւ տարածքների հանձնմանը, ե'ւ փախստականների վերադարձին, ե'ւ նման այլ անհեթեթ հարցերի»։