կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-06-22 14:30
Քաղաքական

Բագրատյանը Սերժ Սարգսյանին դեմոկրատ նախագահ է համարում

Բագրատյանը Սերժ Սարգսյանին դեմոկրատ նախագահ է համարում

ՀԱԿ-ը Սերժ Սարգսյանին հնարավորություն տվեց, ի տարբերություն Ալիեւի, Կազան գնալ որպես ժողովրդավար նախագահ. այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ նախկին վարչապետ, ՀԱԿ ներկայացուցիչ Հրանտ Բագրատյանը:

Նա նշեց, որ Սերժ Սարգսյանը երկու-երեք անգամ բարձր կարող է խոսել Կազանում, սակայն ՀԱԿ-ը դա արել է իր դիվիդենդի, իր վարկանիշի հաշվին:

«Սերժ Սարգսյանն այսօր չունի մարդասպանի, չգիտեմ ինչի կլիչկա ընդդիմության կողմից, եւ այսօր, համաշխարհային տվյալներով, նա երկխոսության մեջ է ընդդիմության հետ, իսկ Ալիեւը` ոչ: Եթե մինչեւ հիմա Սերժ Սարգսյանը ձայնը կարող էր մինչեւ 10 դեցիբել բարձրացնել, հիմա վստահաբար կարող է ձայնը բարձրացնել մինչեւ 20 դեցիբել, եւ դա ՀԱԿ-ի ու նաեւ` իր շնորհիվ: ՀԱԿ-ը մեծ քայլ արեց` իր զոհողության, իր հեղինակության հաշվին, եւ մենք պիտի աշխատենք այդ հեղինակության վրա»,- ասաց Բագրատյանը` հույս հայտնելով, որ, ի վերջո, բոլորը ճիշտ կհասկանան ՀԱԿ-ին, քանի որ շատ մարդիկ կան, որոնք ասում են, թե դա իրենց համար անընդունելի է:

Նա նշեց, որ Ղարաբաղյան հարցում «բանը բանից անցնում է». «Ես չեմ տիրապետում մանրամասներին, բայց շատ դժվար է լինելու: Ես չեմ ասում, որ զիջում չի կարելի անել, գուցե ինչ-որ բան պետք է զիջել, բայց դա փոխզիջում չէ: Պատրաստվող առաջին փաստաթուղթը, ըստ ինձ հասած տեղեկության, զիջման մասին է, ոչ թե փոխզիջման, դա շատ վտանգավոր է: Ես թուղթը չեմ տեսել, Սերժ Սարգսյանը մեզ հետ չի կիսվել այդ թղթի բովանդակությամբ, մտքովս հիմա նույնիսկ մի միտք անցավ` իսկ գուցե Սերժ Սարգսյա՞նն էլ չգիտի` ինչ թղթի մասին է խոսքը, գուցե ոչինչ այդ մասին չեն ասում ո'չ նրան, ո'չ էլ Ալիեւին»,- ասաց Բագրատյանը: