Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 14 տարի առաջ - 2011-09-09 12:44
Հասարակություն

Ավելի դեմոկրատ խորհուրդ, քան քաղաքաշինականն է, չկա

Ավելի դեմոկրատ խորհուրդ, քան քաղաքաշինականն է, չկա

Ավելի դեմոկրատ, ավելի ազատ, ավելի հանգիստ, ավելի ստեղծագործական միջավայրով անցնող խորհուրդ, քան քաղաքաշինականն է, չկա. այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Երեւանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը` ի պատասխան լրագրողների այն դիտարկմանը, որ քաղաքաշինական խորհրդի նիստերն անցնում են միանձնյա եւ ընդունվում են միայն այն որոշումները, որոնք Նարեկ Սարգսյանի սրտով են:

«Ես նման բան առաջին անգամ ձեզանից եմ լսում: Հինգ տարի եղել եմ Երեւանի գլխավոր ճարտարապետ, եւ այդ տարիների ընթացքում քաղաքաշինական խորհրդի նիստերը գումարվել են բացարձակ բաց ռեժիմով: Քաղաքաշինական խորհուրդը բաց, նորմալ աշխատող մարմին է, եւ ես չեմ ուզում հիմա մտնել այդ տեսակ դիսկուսիայի մեջ»,- նշեց նա` հավելելով, որ խորհրդի քննարկումները պրոֆեսիոնալ հարթակի քննարկումներ են, եւ այնտեղ պետք է «արգումենտներով խոսել»:

«Դա մամուլի ասուլիսներ հրավիրել չի, դա անհեթեթ եւ բացարձակ չհիմնավորված, հիմնականում զրպարտիչ բնույթի սուտ հայտարարություններ անելու տեղ չի: Այլ բան է, որ խորհրդի անդամների մի մասը Ճարտարապետների միության նիստերում մի բան կարող են ասել, իսկ այստեղ` այլ բան»,- ասաց Երեւանի գլխավոր ճարտարապետը` շեշտելով, որ խորհրդում կան նաեւ իր կարծիքի հետ չհամընկնող կարծիքներ ունեցող մարդիկ, որոնք իր ընկերներն են:

Գլխավոր ճարտարապետը նաեւ տեղեկացրեց, որ առաջիկայում կձեւավորվի քաղաքաշինական նոր խորհուրդ, սակայն ավելորդ խոսքուզրույցից զերծ մնալու համար նոր խորհրդի կազմը ձեւավորելու գործին ինքը չի միջամտի:

«Մենք գրություն ենք ուղարկել Ճարտարապետների միություն, որպեսզի խուսափենք ամեն տեսակի տարաբնույթ մեկնաբանություններից: Ցանկացած կազմի հետ մենք պատրաստ կլինենք աշխատել»,- ասաց նա: