Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արցախյան հերոսամարտում զոհված մարտիկներն այսօր էլ հիշվում ու գնահատվում են: Դրա վառ ապացույցն է հունիսի 15-ին ԵՊՀ Չարենցի անվան դահլիճում կազմակերպած ՀՀ եւ ԼՂՀ ազգային հերոս Յուրա Պողոսյանի մահվան 19-րդ տարելիցին եւ ծննդյան 50-ամյակին նվիրված միջոցառումը:
Միջոցառումը սկսվեց Յուրա Պողոսյանի կյանքի մասին պատմող տեսաշարով: Նա Արցախյան շարժման այն առաջամարտիկներից է, որ մինչեւ մահ մնաց մարտական դիրքերում:
Սկզբնական շրջանում զբաղվում էր զենքերի պատրաստմամբ: Նրա պատրաստած զենքերն առաջին անգամ օգտագործվել են 1990 թվականին Հադրութում, իսկ արդեն 1991-ին նա Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակում էր:
1991-1992 թթ. Յուրի Պողոսյանը 4-րդ վաշտի հրամանատարն էր: Այնուհետեւ նա դառնում է հակառակորդից առգրավված առաջին զրահամեքենաներից մեկի հրամանատարը:
Յուրա Պողոսյանի մարտական ընկերներից Մարտիկ Հայրապետյանը պատմեց մարտական դրվագներ, խոսեց ընկերոջ մարդկային կերպարի մասին. «Յուրան առաջինն էր նետվում ռազմի դաշտ, նրան էին վստահվում ամենածանր ռազմական գործողությունները, և նրան հաջողվում էր դրանք հասցնել հաջող ավարտի»:
Միջոցառմանը ներկա էին նաեւ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար Արամ Սիմոնյանը, ուսանողներ, Յուրա Պողոսյանի հարազատներն ու մարտական ընկերները:
Սեյրան Օհանյանն իր ելույթում նշեց, որ շատ կարեւոր է, երբ այսպիսի միջոցառումներն անցկացվում են հենց ԵՊՀ-ի հարկի տակմ որովհետեւ սա այն օջախն է, որը ուշադրություն է դարձնում ռազմահայրենասիրական դաստիարակությանը: Նա նշեց, որ 2011-ը խորհրդանշական է` նշում ենք ԼՂՀ եւ ՀՀ անկախության 20-ամյակն ու մեծանուն հայի` Գարեգին Նժդեհի ծննդյան 125-ամյակը: Նման միջոցառումները կլինեն տեւական, որպեսզի շատերը ծանոթանան մեր ազգային հերոսների կյանքին ու գործունեությանը:
Անդրադառնալով Յուրա Պողոսյանին` նախարարը հավելեց, որ ինքն ու Յուրին շատերի հետ անցել են նույն մարտական ճանապարհը, սակայն իր ընկերներից շատերը, այդ թվում` Յուրին, չհասցրին տեսնել իրենց պայքարի արդյունքները:
Ազատամարտիկը զոհվել է ռազմաճակատի Ասկերան-Նախիջեւան հատվածում, իսկ նրա աճյունն ամփոփված է Ստեփանակերտի գերեզմանատանը:
Անուշ Ամիրբեկյան