կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-04-30 13:37
Մշակույթ

Հուշ ցերեկույթ՝ նվիրված Վլադիլեն Բալյանի ծննդյան 98-ամյակին

Հուշ ցերեկույթ՝ նվիրված Վլադիլեն Բալյանի ծննդյան 98-ամյակին

Ապրիլի 29-ին Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանում անցկացվեց «Երգի և գործի վարպետը» խորագրով հուշ ցերեկույթ՝ նվիրված անվանի հայ կոմպոզիտոր, երաժշտա-հասարակական գործիչ, ՀՀ ժողովրդական արտիստ, Գյումրիի և Երևանի պատվավոր քաղաքացի Վլադիլեն Բալյանի ծննդյան 98-ամյակին: Սպենդիարյանի տուն-թանգարանի հիմնադիր տնօրեն Վ. Բալյանի ծննդյան տարեդարձին այս տարի առաջին անգամ ներկա չէր ինքը՝ Մաեստրոն:

Միջոցառման հյուրերն էին կոմպոզիտորի ընտանիքի անդամները, ականավոր երաժիշտներ և մշակութային գործիչներ: Ներկաներին ողջունեց Սպենդիարյանի տուն-թանգարանի տնօրեն Մարինե Օթարյանը. «Մեր բոլորի կյանքում լինում են մարդիկ, որոնք բռնում են մեր ձեռքը և ուղղորդում:

Ես շատ երիտասարդ էի, երբ նշանակվեցի թանգարանի տնօրեն՝ դեռևս կոնսերվատորիայի վերջին կուրսի ուսանող: Բալյանն ամուր բռնեց ձեռքս և իմ տնօրինության 26 տարիների ընթացքում իր իմաստուն խորհուրդներով կանգնեց մեր կողքին: Ես այն բախտավորներից եմ, որ պատվով շարունակել եմ, շարունակում եմ և կշարունակեմ թանգարանում նրա թողած ավանդույթները», - նշեց նա:

Դաշնակահարուհի Մարգարիտ Սարգսյանը Վլադիլեն Ալեքսանդրովիչին ներկայացրեց իբրև էությամբ ստեղծագործող, ստեղծող և կառուցող անձնավորություն: Վ. Բալյանի հետ ունեցած ստեղծագործական համագործակցության և մտերմության մասին հետաքրքրական փաստեր ներկայացրեց սիրված երգիչ Ռուբեն Մաթևոսյանը: «Որպեսզի հայկական երգի ասպարեզին ավելի համահունչ անուն ունենամ, նա ինձ առաջարկեց Ռուդիկը փոխարինել Ռուբենով, ինչը ես սիրով ընդունեցի:

Դրանով ինքս ինձ համարձակություն ներշնչեցի՝ ուրիշի անունով բարձրանալ բեմ»: Ցուցադրվեց տուն-թանգարանի գիտաշխատող Ինեսսա Խաչատրյանի պատրաստած «Երգի և գործի վարպետը» խորագրով փաստագրական տեսաշարը, որում տեղ էին գտել Վ. Բալյանին առնչվող բացառիկ նյութեր թանգարանի արխիվից: Համերգային բաժնում հնչեցին Մաեստրոյի թե՛ նշանավոր և թե՛ հազվադեպ կատարվող ռոմանսները: Ելույթ ունեցան մեներգիչներ Դիանա Հարությունյանը (սոպրանո) և Արսեն Գևորգյանը (բարիտոն)՝ ԵՊԿ պրոֆեսոր Մարգարիտ Սարգսյանի նվագակցությամբ:

Հուշ ցերեկույթի ավարտին անսպասելի անջատվեց էլեկտրականությունը, և հյուրերը բջջային հեռախոսների լույսերի ներքո, կիսամութ դահլիճում միաձայն երգեցին Մաեստրոյի «Ամպեց, կորավ լուսընկան» երգը:

No description available.

No description available.

No description available.