Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Լրագրողների հարցին, թե ինչո՞ւ չի մասնակցում խորհրդարանի աշխատանքներին, Տիգրան Արզաքանցյանը պատասխանել է` հիվանդ եմ, եւ միաժամանակ թվել է մի քանի երկրների անուններ, որտեղ «անցկացնում է բուժման կուրսեր»:
Բայց Տիգրան Արզաքանցյանին ավելի շատ կարելի է հանդիպել ոչ թե առողջարանական, այլ ուրիշ հաստատություններում` կազինոներում, գիշերային եւ այլ ակումբներում: Չի բացառվում, որ բժիշկները հենց նման դեղատոմս են տվել ԱԺ պատգամավորին:
Ներկայացնենք մի քանի այլ փաստեր պատգամավորի փարիզյան կյանքից եւ ունեցվածքից, որոնց մասին նա չի նշել ՀՀ պետեկամուտների կոմիտեին հանձնված` տարբեր տարիների հայտարարագրերում:
Masrnes-la Coquette-ը, որտեղ գտնվում է Արզաքանցյանի առանձնատունը, փարիզամերձ փոքրիկ քաղաք է: Ֆրանսիայի վիճակագրական եւ տնտեսական հետազոտությունների ազգային ինստիտուտի տվյալներով` այն շատ թանկ թաղամաս է: Այստեղ են գտնվում Քաթարի էմիրի, հայտնի երգիչ Ջոնի Հոլիդեյի եւ այլ հանրահայտ մարդկանց առանձնատները:
Ըստ Ֆրանսիայի կադաստրի ռեգիստրում առկա տվյալների` առանձնատան հողատարածքը 4240 քմ է, առանձնատան առաջին հարկի տարածքը` 197 քմ: Դա նշանակում է, որ եռահարկ առանձնատունը զբաղեցնում է մոտ 570 քմ տարածք: Այս առանձնատան արժեքը գնահատված է 7,6 մլն եվրո: Հայցում ենք ընթերցողների եւ Տիգրան Արզաքանցյանի ներողամտությունը նախկինում առանձնատան արժեքը ցածր ներկայացնելու համար: Իսկ եթե որեւէ մեկը ցանկանում է տեսնել առանձնատան նկարները կարող է այցելել հետեւյալ կայքէջը:
Ինչպես արդեն նշել ենք, Տիգրան Արզաքանցյանն իր բիզնեսը ձեւակերպել է կնոջ անունով: Այժմ այդ ձեռնարկությունների անվանումները չենք հրապարակում` սպասելով պատգամավորի` «Հետքի» ներկայացրած փաստերը հերքելու «խոստումին»:
Իսկ Տիգրան Արզաքանցյանի փարիզյան բոհեմական կյանքի մասին կարելի է պատկերացում կազմել այս նկարից, որն արվել է Փարիզի հանրահայտ Espace Cardin ակումբում: Լուսանկարում Արզաքանցյանը ռուս դիզայներ Ալյոնա Վոլսկայայի հետ է: Այս երեկոյի մասնակիցներին հյուրասիրել են Ֆրանսիայում Արզաքանցյանին պատկանող գործարանի կոնյակը: