Զուգարանի եւ խաղատան ուղիղ համեմատականն ըստ Արզաքանցյանի ներկայացուցչի /լրացված/
Այսօր Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում տեղի ունեցավ Արզաքանցյանն ընդդեմ «Երկիր» օրաթերթի հերթական դատական նիստը:
Օրաթերթի փաստաբան Լիանա Գրիգորյանը նախ մանրակրկիտ ներկայացրեց, թե ինչ ասել է ստիլյագ, որն, ըստ հայցվոր կողմի, արատավորում է ԱԺ պատգամավոր Տիգրան Արզաքանցյանի պատիվը, արժանապատվությունն ու բարի համբավը: Բառը բացատրվեց թե՛ ծագումնաբանորեն եւ թե՛ իմաստային տեսանկյունից. պարզվեց, որ ստիլյագը պուպուշ բառ է` մարդ, որը տարբերվում է հասարակությունից իմաստով:
Հայցվոր կողմը պնդեց, որ, այնուամենայնիվ, բառն օգտագործվել է վատ կոնտեքստով:
Այնուհետեւ Լ. Գրիգորյանը մամուլում հրատարակված հոդվածներից մեջբերեց Արզաքանցյանի հետ հարցազրույցից հատվածներ, որոնք փաստում են այն մասին, որ պատգամավորը չի մոռացել հայրենի քյավառա բարբառը, ավելին, վերջինս լավ էլ տիրապետում է բարբառին, իսկ ի՞նչ վատ է, որ. չէ որ քանի լեզու գիտես, այնքան մարդ ես:
«Հետո ասեմ` ամենավատը գիտեք ինչն է, որ թերթերը գրում են ամենավատ պոզիտիվներից, պոզիտիվ բաներ են ման գալում-գտնում, իսկ իսկական, լավ լուրերով չեն զբաղվում»,- սա ընդամենը հատված էր այսօր «Հրապարակ» օրաթերթում տպագրված` Արզաքանցյանի հետ հարցազրույցից, ինչը փաստում է վերջինիս` օտար լեզուների լավ տիրապետման փաստը:
Ինչ վերաբերում է լակոտ բառին, նշենք, որ «Երկիր»-ն արդեն իսկ հերքել է այդ լուրը` տպագրելով հայցվոր կողմի պատասխանը: Այս առթիվ, շեշտում եմ, այս առթիվ, պատասխանող կողմը մեջբերեց «Երկիր»-ի «Հերքում» վերնագրով խմբագրականը/26.03.2011/, որում հերքվել էր բոլոր այն դրույթները, որոնք վիրավորական էին համարել պատասախանող կողմը:
Վերջինիս ներկայացուցիչը նշեց, որ հոդվածը հրատարակվել է` «ցանկանալով կպնել պատասխանողին ու ուղղակի ոնց որ էլի նշած լինի, որ սենց մի բան ա էղել»: Նախ` ստացվում է, որ հայցվոր կողմն էլ չի ժխտում իրենց լեզվով ասած`«տենց մի բան լինելու» հանգամանքը, հետո էլ` անգամ դատավորը չդիմացավ եւ անկեղծացավ. «Փաստորեն, գովում եք` պատվին եք կպնում, չեք գովում` էլի պատվին եք կպնում»:
Եվ այսպես կետ առ կետ ապացույցներ ներկայացվեցին այն մասին, որ պատգամավորը «տարել-բերելե է աղջիկներ, խաղատների մշտական այցելու է եւ 1 տարվա մեջ 33 անգամ այցելելով «Մետրոպոլ» խաղատուն` անգամ ձեռք է բերել պլաստիկ քարտ:
.Հետաքրքիր էր այս թեմայով հայցվոր կողմի ներկայացուցչի և օրաթերթի գլխավոր խմբագրի հետևյալ երկխոսությունը.
Հայցվորի ներկայացուցիչ -Ի՞նչ է զուգարան գնալն ըստ Ձեզ:
Խմբագիր -Բնական կարիքները բավարարելու նորմալ ձեւ` չնայած կան եւ այլ ձեւեր:
Հայցվորի ներկայացուցիչ -Ձեզ դուր կգա՞ր, որ ասենք, գրեի, թե դուք զուգարանի մշտական հաճախորդ եք:
Խմբագիր -Փաստորեն, դատելով զուգահեռի փորձից, դուք ուզում եք ասել, որ հայցվորի համար խաղատուն գնալը հավասարազոր է բնական պահանջները բավարարելուն, կամ էլ նա խաղատա՞նն է բավարարում իր բնական կարիքները:
Լիանա Գրիգորյանը ներկայացրեց նաեւ փաստեր, որ Արզաքանցյանը 2007թ. մինչ օրս բացակայել է ԱԺ 1630 նիստից 1371-ին` 3 տարվա մեջ ապահովելով մոտ 15 տոկոս ակտիվ ներկայություն:
Հայցվոր կողմը նշեց նաեւ, որ ամեն ինչ չէ, որ պետք է լուսաբանվի, հետո էլ, թե զրպարտություն է: