կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-06-09 07:20
Տնտեսական

Գորիսը` զբոսաշրջային կենտրոն

Գորիսը` զբոսաշրջային կենտրոն

Արդյո՞ք Սյունիքի մարզային իշխանությունները կարողանում են ճիշտ օգտվել զբոսաշրջության զարգացման համար ստեղծված նպաստավոր պայմաններից: Իհարկե ոչ:

Հայտնի է, որ մեր երկրի հարավային դարպասը լուրջ նախադրյալներ ունի այս ոլորտի զարգացման համար, միայն հարկավոր է օգտագործել առկա բոլոր ռեսուրսները: Գորիսը հանրապետության այն սակավաթիվ քաղաքներից է, որտեղ պահպանվել են պատմաճարտարապետական արժեքները, քաղաքաշինական ամբողջականություն ներկայացնող կառուցապատված միջավայրը:

Պատմական կառուցապատման ու ճարտարապետական փոքր ձեւերի վերականգնումը, տարածքների բարեկարգումն ու կանաչապատումը կնպաստի զբոսաշրջության զարգացմանը, գիտության եւ արվեստի, ավանդական արհեստագործության վերականգնմանը, ինչպես նաեւ կբարձրացնի տարածքում բնակվող մարդկանց բարեկեցությունը: 

Այսօր մեզ չհաջողվեց ՀՀ մշակույթի նախարարությունից մեկնաբանություն ստանալ նույն նախարարության կողմից ՀՀ կառավարության առաջիկա նիստին ներկայացվելիք «Գորիս քաղաքում զբոսաշրջության զարգացման մասին» որոշման նախագծի վերաբերյալ, որի համաձայն` Գորիսը կհայտարարվի զբոսաշրջային կենտրոն: Նախարարությունից մեզ ասացին, որ մշակույթի փոխնախարար, մասնագիտությամբ ճարտարապետ Արեւ Սամուելյանը, որը համակարգել է հիշյալ որոշումը, բացակայում է նախարարությունից:

Նշենք, որ մասնագետներն այն կարծիքին են, որ Գորիսն իր բնակլիմայական պայմաններով, պատմամշակութային եւ ազգագրական առանձնահատկություններով ու ավանդույթներով լուրջ հեռանկար ունի` այլընտրանքային զբոսաշրջային կենտրոն դառնալու եւ համաշխարհային զբոսաշրջային արդյունաբերության մեջ իր տեղն ու դերը գրավելու համար:

Որոշման կայացումից, այնուհետեւ զարգացման ծրագրի ընդունումից հետո հնարավոր է` քաղաքի պատմական կենտրոնում ստեղծվի «Հին Գորիս» պատմամշակութային արգելոցը: Բացի այդ`  ժայռափոր Գորիսի տարածքում կստեղծվեն էկոլոգիական, այլընտրանքային եւ արկածային զբոսաշրջության կենտրոններ, կվերագործարկվի քաղաքի օդանավակայանը: