կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-05-27 17:32
Հասարակություն

Գորիսը հավակնում է դառնալ կրիմինալ քաղաք

Գորիսը հավակնում է դառնալ կրիմինալ քաղաք

Այսօր ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում, երբ քննարկվում էր 2013թ. բյուջեի կատարողականը, և այն ներկայացնում էին ՀՀ մարզպետները, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հարց ուղղեց Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանին երկու օր առաջ Գորիսում գրանցված դաժան ծեծկռտուքի մասին, որի հեղինակները Սյունիքի նախկին մարզպետ` տխրահռչակ Սուրեն Խաչատրյանի եղբորորդիներն են եղել:

 

«Տխուր ավանդույթ է ձևավորվել Գորիսում, այն հավակնում է դառնալ կրիմինալ մայրաքաղաք: Ձեզ չի՞ մտահոգում` ե՞րբ է այդ ամենի վերջը տրվելու, մանավանդ, որ այդ աղմկոտ իրադարձությունների համատեքստում հնչում է Ձեր մարզային կուսակցական կառույցի ղեկավար Սուրեն Խաչատրյանի անունը: Դուք` որպես մարզպետ, միջոցներ ձեռնարկո՞ւմ եք այդ մթնոլորտը փոխելու համար, որովհետև երևում է, որ Ձեր մարզում անպատժելիություն է տիրում»,- ասաց պատգամավորը:

 

Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը նշեց, որ եթե խոսքը վերաբերում է երկու օր առաջ Գորիսում տեղի ունեցած ծեծկռտուքին, ապա դրանում եղել են քրեական էլեմենտներ: Նա նշեց, որ իր համար, բնականաբար, ընդունելի չեն նման դեպքերը, սակայն իրավական գնահատական կլինի: «Վերջին տարում Գորիսի հայտնի դեպքերից հետո քաղաքն ուշադրության ու լարվածության կենտրոնում էր, միգուցե գերուշադրություն կա այդ ռեգիոնի նկատմամբ: Բայց դա ընդունելի չի կարող լինել` լինի իմ եղբոր, թե հորեղբոր տղայի պարագայում, դա չի արդարացվում, ավելին չեմ կարող ասել»,- ասաց մարզպետը:

 

Նիկոլ Փաշինյանն արձագանքեց, որ չի կիսում Վահե Հակոբյանի լավատեսությունը, թե իրավական միջոցներով հարցը կպարզվի, և մեղավորները համարժեք պատիժ կկրեն, որովհետև հանրությունը տեղյակ է նման հանցագործությունների, երբ մեղավորները չեն պատժվել: «Այսօր մամուլում արդեն կար տեղեկատվություն այն մասին, որ այդ ծեծկռտուքի հեղինակները նախկինում դատապարտված են եղել սպանության գործով ու, չգիտես` ինչու, հայտնվել են ազատության մեջ: Իմ տարակուսանքն եմ հայտնում, որովհետև խոսքը գնում է Հանրապետական կուսակցության մարզային կառույցի ղեկավարի մասին»,- ասաց պատգամավորը:

 

Վահե Հակոբյանը պատասխանեց. «Չեմ կարծում, որ Սուրեն Խաչատրյանը խրախուսում է, դա նրան էլ է մտահոգում: Բոլոր դեպքերում` քննություն է գնում, և կտրվեն իրավական գնահատականներ»: