կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-06-08 01:09
Քաղաքական

Ցեղասպանությունը Իսրայելի ձեռքի մահակն է

Ցեղասպանությունը Իսրայելի ձեռքի մահակն է

 

Իսրայելի խորհրդարանում Հայոց ցեղասպանության քննարկման թեման վերջին շրջանում հրատապ է դարձել:  Մայիսի 18-ին այս հարցը քննարկվեց եւ միաձայն քվեարկությամբ այն ուսումնասիրման ուղարկվեց Կնեսետի կրթության, մշակույթի եւ սպորտի հանձնաժողով:

«Իմ կարծիքով` սա սխալ որոշում էր, քանի որ Հայոց ցեղասպանության հարցը սպորտային խնդիր չէ, որ այդ հանձնաժողովում քննարկեն»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի փորձագետ, Հայագիտական կենտրոնի ղեկավար Արիստակես Սիմավորյանը:

Նա նշեց, որ նախկինում այդ հարցը քննարկվում էր միջազգային հարաբերությունների եւ պաշտպանության հանձնաժողովում, բայց  միշտ տապալվում էր, քանի որ այդ հանձնաժողովի անդամները հիմնականում կապ ունեին ռազմական արդյունաբերության եւ թուրքական կողմի հետ: Այսինքն` Թուրքիան մեծ հնարավորություններ ուներ` իր լոբբին առաջ տանելու:

Այսպիսով, թուրք-իսրայելական բարիդրացիական հարաբերությունները խոչընդոտ էին, որպեսզի Կնեսետում բարձրացվեր Ցեղասպանության հարցը: Մինչեւ 2001 թվականը այս հարցի վրա էր տաբու էր դրված:

«Ես հիշում եմ, որ Շիմոն Պերեսն ասում էր, թե չի կարելի համեմատել Հոլոքոստը հայկական «դեպքերի» հետ: Բայց ինչպես ասում են, ժամանակները փոխվում են. Թուրքիան  արդեն շատ խիստ վերաբերմունք ունի Իսրայելի նկատմամբ»,- ասաց Ա. Սիմավորյանը:

Ըստ փորձագետի` կան մի շարք գործոններ, որոնք ազդում են այդ բարիդրացիական հարաբերությունների վրա: Դրանցից մեկն այն է, որ Թուրքիան ակտիվացնում է իր դերակատարությունը Մերձավոր Արեւելքում: Մյուս կողմից` Թուրքիայում նկատվում են հակասեմիտական դրսեւորումներ:

«Ընդ որում` փաստեմ, որ հակասեմիտականությունը թերեւս նոր երեւոյթ չէ Թուրքիայում, սակայն ավելի սուր բնույթ է կրում: Եվ սա կապված է Էրդողան քաղաքական ֆիգուրի հետ: Նա նույնիսկ երիտասարդ տարիներին հարում էր հակասեմիտական դիրքորոշում ունեցող կուսակցությանը: Նա այդ տարիներին նույնիսկ հակասիոնիստական եւ հակասեմիտական պիեսներ է գրել ու բեմադրել»,- նշեց փորձագետը:

Ա. Սիմավորյանը հավելեց, որ, ըստ ուսումնասիրությունների, այս հակասեմիտական դրսեւորումների հետեւանքով հրեաների 20 հազարանոց համայնքն աստիճանաբար լքում է Թուրքիան:

Այսպիսով, փորձագետի խոսքերով, պատահական չէ, որ Ցեղասպանության  ուսումնասիրության հարցը հանձնարարվել է հենց կրթության, մշակույթի եւ սպորտի հանձնաժողովին, որտեղ կան տարբեր դիրքորոշումներ ունեցող` աջակողմյան, ձախակողմյան, ծայրահեղ կրոնական, ազգայնական  կուսակցությունների ներկայացուցիչներ:

Հանձնաժողովի անդամներից շատերը կողմ են, որպեսզի հարցը քննարկվի, եւ վերջնական որոշում լինի, սակայն փորձագետը կարծում է, որ քննարկումները ձգձգվելու են, քանի որ հանձնաժողովի նախագահը առանձնակի համակրանք չունի հայերի նկատմամբ եւ որոշակի կապեր ունի Ադրբեջանի հետ:

Ա. Սիմավորյանի խոսքերով` մյուս կողմից էլ Ցեղասպանության հարցը հաղթաթուղթ է Իսրայելի ձեռքում, որը դեռեւս չեն օգտագործելու, այլ միայն սպառնալու են Թուրքիային. «Սա այն մահակն է, որը թափ են տալիս, բայց որով չեն հարվածում»: