Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Իսրայելի խորհրդարանում Հայոց ցեղասպանության ճանաչման նախագիծը վերջնական քննարկման կդրվի մայիսի 30-ին: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց Երուսաղեմի Հայ դատի հանձնախմբի անդամ Նոյեմ Նալբանդյանը:
Նա հայտնեց, որ մայիսի 23-ին Կնեսետում Հայոց ցեղասպանության ճանաչման նախագծի վերաբերյալ քննարկումներ են անցկացվել, որոնց արդյունքում որոշվել է նախագիծը վերջնական քննարկման դնել մայիսի 30-ին:
Նոյեմ Նալբանդյանը հույս հայտնեց, որ մայիսի 30-ին Կնեսետը վերջապես կընդունի Հայոց ցեղասպանությունը ճանաչելու որոշում՝ ընդգծելով, որ մայիսի 23-ին կայացած քննարկումներն ընդհանուր առմամբ անցել են դրական մթնոլորտում: «Այսօրվա քննարկումների ընթացքում Իսրայելի խորհրդարանի խոսնակը հայտարարել է, որ ամոթ է, որ Իսրայելը ձգձգում է այս հարցը: Մենք հավատում ենք, որ մայիսի 30-ին ի վերջո Ցեղասպանությունը ճանաչելու որոշում կընդունվի: Հույս ունեմ, որ այդ օրը ձեզ լավ նորություն կհայտնեմ»,- ասաց նա:
Մայիսի 23-ին կայացած քննարկումների ընթացքում հայկական համայնքի ներկայացուցիչները հայտարարել են, որ Թուրքիայի և Իսրայելի միջև հարաբերությունները իրենց խնդիրը չեն՝ շեշտելով, եթե հարցը դրվելու է քվեարկության, ապա պետք է ընդունվի՝ անկախ նրանից, թե ինչ հարաբերությունների մեջ են Թուրքիան և Իսրայելը:
Գազայի հատվածում տեղի ունեցած դեպքերից հետո Թուրքիայի և Իսրայելի միջև հարաբերությունների լարման ֆոնին կրկին Կնեսետի օրակարգում է հայտնվում Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրինագծի ընդունման հարցը: Կնեսետի պատգամավորներ Իցիկ Շմուլին և Ամիր Օհանան ներկայացրել են Օսմանյան կայսրությունում շուրջ 1.5 մլն հայերի սպանությունը որպես ցեղասպանություն ճանաչող օրինագիծ: