Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանն «Առավոտի» խնդրանքով անդրադարձել է մայիսի 31-ի հանրահավաքում ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթի հետեւյալ հատվածին, թե ՀՅԴ ներկայացուցիչների «պնդման համաձայն՝ Կոնգրեսն, իբր, ի տարբերություն իրենց կուսակցության, միայն վերջերս է ադրբեջանական վտանգի նկատառումով Հայաստանի ներքին կայունությունը պահպանելու մտահոգություն արտահայտել։ Սա արդեն ոչ միայն նույնքան բացարձակ, այլ նաեւ կրկնակի սուտ է, քանի որ նախ՝ Դաշնակցությունը երբեք այդպիսի մտահոգություն չի ունեցել եւ, ընդհակառակը, Ղարաբաղյան պատերազմի ամենաթեժ տարիներին գրեթե ամենօրյա հանրահավաքների միջոցով ամեն ինչ արել է Հայաստանի ներքաղաքական իրավիճակն ապակայունացնելու եւ բանակի ոգին կոտրելու համար, եւ երկրորդ՝ Կոնգրեսն իր ձեւավորման առաջին իսկ օրերից հստակորեն արտահայտել է այդ մտահոգությունը»:
Ի պատասխան ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը նշել է. «Չէի ցանկանա այդպիսի լուրջ հարցին պատասխանել այսպես թեթեւակի: Բայց միայն այսքանն ասեմ, որ մենք Ղարաբաղյան պայքարի ժամանակ, երբ ինքը նախագահ է եղել՝ Հայաստանի իշխանության դրոշի ներքո եւ բանակի հետ միասին կամ զուգահեռ, Ղարաբաղյան պայքարին տվել ենք 300 զոհ: 300 հայաստանցի դաշնակցականներ են զոհվել այդ պատերազմում, ինչը նշանակում է, որ ոչ թե մենք խանգարել ենք, այլ մասնակցել: Իսկ հանրահավաքներն էլ, որ անցկացրել ենք Հայաստանում՝ արել ենք, որպեսզի պարտավորեցնենք իշխանությանը զբաղվել Ղարաբաղի հարցով: Այդ ժամանակ Ղարաբաղի հարցը մեզ համար ամենահիմնականն էր եւ իշխանության վարանումները, «ձեռքերը լվալը՝ մի կողմ քաշվելը» եւ Ղարաբաղն առանձին թողնելը մեզ համար հիմնական հարց էր: Եվ մենք, այո', ճնշել ենք, որ իշխանությունները զբաղվեն ԼՂ հարցով: Բայց կրկնում եմ՝ նույն իշխանության ղեկավարությամբ 300 թանկագին զոհեր տվեցինք Ղարաբաղյան պայքարի ժամանակ: Ուրեմն, դա ամբողջությամբ ստից էլ ավելի գեշ բան է՝ սա ուրացումի, ուրացողի տեսակետ է»:
Լեւոն Տեր-Պետրոսյանը նաեւ նշել էր, թե ՀԱԿ-ի եւ իշխանության միջեւ սկսված գործընթացով «չափից ավելի անհանգստացած է Դաշնակցությունը, որը բացահայտորեն ու տենդագին կերպով լծված է երկխոսության վարկաբեկման եւ խափանման գործին»: Մեր հարցին, թե հիմնավոր համարո՞ւմ է այս պնդումը՝ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը պատասխանեց. «Անձամբ ես երկու առիթներով հրապարակավ ողջունել եմ այդ երկխոսությունը: Սակայն հասկանում եմ՝ հարցն ինչ է. հարցն այն է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի տեսակը չի կարող լսել այլ տեսակետ: Եթե մի քիչ տարբեր տեսակետ է հայտնվում՝ ինքն արդեն կարող է պատասխանել հայհոյանքներով: Կարող էր մեզ «տականք» անվանել, կարող էր գործածել ուրիշ ածականներ: Իր մակարդակն այդ մակարդակի արտահայտություններն են՝ դրան չեմ ուզում անդրադառնալ: Համենայն դեպս՝ մի բան կարող եմ ասել. Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ Սերժ Սարգսյանը կարող են բանակցել տարբեր հարցերի շուրջ՝ դա լավ երեւույթ է: Բայց մեր ժողովրդի ճակատագրի շուրջ չեն կարող առանձնաբար բանակցել, քանի որ այդ լիազորությունը նրանց չի տվել ոչ ոք: Եթե իրենց տեսակետն այն է, որ իշխանությունն իրար մեջ բաժանելով կամ հետագա ընթացքը կարգավորելու առումով ինչ-որ քարտեզ պատրաստեն եւ իշխանության դաշտը վերապահեն Սերժ Սարգսյանին, ընդդիմության դաշտն էլ՝ Լեւոն Տեր-Պետրոսյանին եւ այդպիսով ողջ քաղաքական դաշտը դարձնեն ղեկավարելի՝ կարծում եմ, շատ են սխալվում:
Բայց այնուամենայնիվ՝ Լեւոն Տեր-Պետրոսյանն իր այս վերջին ելույթով մի քանի բան ապացուցեց, որ մենք ճիշտ էինք, երբ անցած 3 տարում ասում էինք, թե մեզ ցնցումներ պետք չեն՝ կա արտաքին վտանգ եւ իրավունք չունենք ստեղծել քաղաքական անկայունություն, ճիշտ չէ առճակատման միջոցով հարցեր լուծելը: Ուրեմն, ինքն ամբողջությամբ որդեգրել է մեր մարտավարությունը: Բայց վստահ եմ, որ մեր մարտավարության հիմքում Հայրենիքի նկատմամբ մտահոգությունն է, իսկ իր այդ քայլին գնալն անճարակությունից է: Ինքը ձախողել է՝ նոր անդրադարձել, թե ճիշտ ճանապարհը որն է: Համենայն դեպս՝ մենք խանդով չենք մոտենում. առաջին իսկ պահից ողջունել ենք՝ նրանք պետք է երկխոսեն: Բայց իրենց երկխոսությունով չի ճշտվելու մեր Հայրենիքի ապագան. ամբողջ ժողովուրդն ու քաղաքական ուժերն այս առնչությամբ, վստահաբար, ունեն ասելի»:
Աննա Իսրայելյան