Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանի տնտեսական կառուցվածքն ու կառավարությունը գնաճածին են եւ ճգնաժամածին, այսինքն` ապրում ենք մի համակարգի պայմաններում, որտեղ գները միշտ աճելու են. ԵՐԿԻՐ-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Արա Նռանյանը:
Նա նշեց, որ Հայաստանում գյուղատնտեսությամբ զբաղվելը դարձել է ռիսկային. եթե տասը տարի առաջ բոլորը ձգտում էին հող գնել եւ ներդրումներ անել գյուղատնտեսության ոլորտում, ապա այսօր խուսափում են:
«Գյուղատնտեսությունը պահանջում է ծախս, որից հետո կարող ենք ակնկալել բերք: Ընդ որում` գյուղատնտեսությունն այն եզակի ոլորտներից է, որը միայն մասնավոր հատվածի աջակցությամբ չի կարող ոտքի կանգնել: Նույնիսկ զարգացած ու հարուստ պետություններն ունեն սուբսիդավորման բավական լուրջ համակարգ, իսկ առանց պետական աջակցության մենք լուրջ արդյունքներ չենք ունենա»,- ընդգծեց պատգամավորը` հավելելով, որ եթե ուզում ենք պայքարել պարենամթերքի գնաճի դեմ, նախեւառաջ պետք է խթանենք սեփական արտադրությունը:
«Մենք այսօր միայն մեկ երրորդն ենք արտադրում, մնացածը ներկրում ենք, այնինչ ունենք համապատասխան ռեսուրսներ այդ ծավալներն ավելացնելու համար: Մենք պետք է լուրջ ուշադրություն դարձնենք ռազմավարական նշանակության պահուստներին, որպեսզի հնարավոր գնաճի ժամանակ պետությունը համապատասխան ինտերվենցիաներով փորձի մեղմել կտրուկ գնաճը եւ դրա բացասական ազդեցությունները»,- նշեց տնտեսագետը:
Նա նաեւ ընդգծեց, որ, բացի օբյեկտիվ պատճառներից, Հայաստանում գնաճը պայմանավորված է նաեւ սուբյեկտիվ պատճառներով` տնտեսության օլիգարխիկ կառուցվածք, մենաշնորհներ, չարաշահումներ, որոնց դեմ պետությունն ունի լծակներ եւ պարտավոր է պայքարել:
Ըստ Ա. Նռանյանի` վերջին օրենսդրական փոփոխություններով պատիժները խստացվել են եւ, օրինակ, գների չհիմնավորված բարձրացման դեպքում գերշահույթն ամբողջությամբ գնալու է բյուջե, իսկ տուգանքը կազմելու է 5-200 մլն դրամ:
«Սա բավական լուրջ պատիժ է, եւ մենք կարծում ենք, որ կանխարգելիչ դեր կխաղա: Բայց խնդիրը, թե ինչ է դրա արդյունքում ստանալու խաբված սպառողը, մնում է բաց»,- նշեց պատգամավորը: