Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանի Հանրապետության քաղաքացի, Տավուշի մարզի Հաղարծին գյուղի բնակիչ Արթուր Բադալյանին երկու տարի անօրինական գերելու ու խոշտանգումների ենթարկելու համար Վանաձորի «Պոպուլեքս» փաստաբանական գրասենյակը որոշել է դատի տալ Ադրբեջանի Հանրապետությանը: Այս մասին տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը` հավելելով, որ փաստաբանական գրասենյակի ներկայացուցիչները հանդիպել են Բադալյանին ու դատական գործընթաց սկսելու վերաբերյալ ստացել նրա համաձայնությունը:
Ինչպես ռադիոկայանին տեղեկացրել է փաստաբան Էդմոն Մարուքյանը, բողոքն անմիջապես ուղարկվելու է Մարդու իրավունքների եվրոպական դատարան, քանի որ Ադրբեջանի նկատմամբ բողոքը գործնականում չի կարող քննվել հենց Ադրբեջանում: Ըստ հայցը նախապատրաստող փաստաբանների` Ադրբեջանը խախտել է Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության եվրոպական կոնվենցիայի երրորդ հոդվածը, որտեղ մասնավորապես ասված է, որ ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգումների, նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի:
Այնինչ հարեւան Ադրբեջանը Հայաստանի քաղաքացուն, ընդ որում` քաղաքացիական անձին, զրկել է ազատությունից, ապօրինի պահել նրան իր տարածքում, արժանացրել անմարդկային վերաբերմունքի` քաղցած պահելով սառը խցում, եւ պարբերաբար ենթարկել ֆիզիկական ու հոգեբանական ճնշումների: Մինչ հայցի ուղարկումը Մարդու իրավունքների եվրոպական դատարան, համաձայն սահմանված կարգի, հայցվոր կողմը երրորդ երկրի տարածքից նամակներ կուղարկի Ադրբեջանի իշխանություններին` խնդրելով տեղեկություններ տրամադրել Բադալյանի գերության պայմանների վերաբերյալ: Իհարկե` անիմաստ կլինի ակնկալել, որ ադրբեջանական կողմը կպատասխանի այդ նամակներին:
Ի վերջո, ինչպես փաստաբանները, այնպես էլ Բադալյանը հույս ունեն, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումը կլինի հօգուտ իրենց` Ադրբեջանից պահանջելով փոխհատուցել կրած հոգեբանական ու նյութական վնասները, ինչը կարող է նախադեպ լինել նմանատիպ այլ դեպքերի համար: Ըստ փաստաբանների` հայցը քննության առնելու պարագայում դատարանի որոշմանը հարկ կլինի սպասել մի քանի տարի:
Հիշեցնենք` քաղաքացիական անձ Արթուր Բադալյանին Հայաստանը հետ ստացավ Ադրբեջանից այս տարվա մարտին, երբ Աղդամի մերձակայքում տեղի ունեցավ գերիների փոխանակում: Ադրբեջանին հանձնվեց ադրբեջանական բանակի սերժանտ Անար Հաջիեւին, որի նկատմամբ արդեն Ադրբեջանում քրեական գործ հարուցեցին «հայրենիքի դավաճանություն» հոդվածով: Մինչդեռ երբ Հաջիեւը դեռեւս Հայաստանում էր, ադրբեջանական կողմը հայտարարում էր, որ «ադրբեջանցի սերժանտը հայկական դիվերսիոն գործողության հետեւանքով է հայտնվել գերության մեջ»: