կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-05-17 22:14
Առանց Կատեգորիա

ԱԶԳ. Գովք հիմարության

ԱԶԳ. Գովք հիմարության

Ադրբեջանական «Էխո» պարբերականի եւ այլ լրատվամիջոցների համար Նուրանին, որ, ի դեպ, կին է, ըստ երեւույթին փնտրված հեղինակի համարում ունի: Չէինք ցանկանա սույն խանումին վիրավորել. նա պարզապես ջանադրաբար անում է այն, ինչ իրեն հանձնարարում են: Եվ վերնագիրն էլ նրան չենք հասցեագրում, այլ` պատվիրատուին:

Ուրեմն այսպես. Ադրբեջանում Իլհամ Ալիեւի նախագահությամբ սկսված հիմարության շքերթը նոր անակնկալներ է մատուցում: «Ի տարբերություն նախընթաց ժամանակների, Հայաստանում արդեն չեն ձգտում ապացուցել` իբր Բիշքեկի արձանագրությունը Լեռնային Ղարաբաղի հայերին ճանաչել է «հակամարտության կողմ»: Բազմաթիվ փորձագետների կարծիքով` այդ հարցում Հայաստանին անզգույշ ոտք են գցել ռուսաստանյան ե՛ւ պաշտոնաթող, ե՛ւ գործող դիվանագետները, որոնք վերցրել եւ ԶԼՄ-ների համար բացել են սարսափելի գաղտնիք. պարզվում է` Բիշքեկի արձանագրությունն առհասարակ պաշտոնական փաստաթուղթ չէ: Իսկ զինադադարն այս ամբողջ ընթացքում պահպանվել է «ազնիվ խոսքի» հիման վրա: Ընդ որում` բիշքեկյան բանավոր պայմանավորվածությունները բոլորովին էլ կրակի դադարեցման առաջին փորձը չէին», ծավալուն մեջբերման հեղինակը վերոհիշյալ Նուրանի խանումն է:

Ռուս դասականը խորհուրդ էր տալիս հիմարի հետ չվիճել: Մենք կհետեւենք դրան: Եվ Նուրանի խանումի «հայտնագործություններին» կառարկենք Ադրբեջանի «համազգային առաջնորդ» եւ «աշխարհի բոլոր ադրբեջանցիների», այդ թվում` գործող նախագահ Իլհամ Ալիեւի հայր Հեյդար Ալիեւի վկայություններով:

Հարց. Կա՞ն արդյոք հայ-ադրբեջանական պատերազմը մարելու իրական հեռանկարներ: Չէ՞ որ Ձեզ` լինելով Նախիջեւանի ինքնավար հանրապետության մեջլիսի ղեկավար, հաջողվել է խաղաղություն պահպանել եւ ինչ-որ կերպ պայմանավորվել հայկական կողմի հետ:

Պատասխան. ...Այժմ մարտական գործողությունները դադարեցված են, եւ մայիսի 12-ին կնքվել է ժամանակավոր զինադադար: Ընթանում են բարդ բանակցություններ: «Նեդելյա», 24 օգոստոսի, 1994թ.

Հարց. Վեց տարի է` պատերազմ է... Տասնյակ հազարավոր մարդիկ զոհվել են, ավելի քան մեկ միլիոնը` զրկվել հարազատ օջախից եւ փախստական դարձել: Հետո ի՞նչ է սպասվում:

Պատասխան. Այդ պատերազմը, ես համոզված եմ, լիովին հնարավոր էր կանխել: Պատերազմն, անկասկած, փակուղային է, եւ ուզում եմ հավատալ, որ դա հասկանալի է ոչ միայն մեզ, այլեւ մեր հակառակորդներին: Մենք արդարացի խաղաղություն ենք ուզում: Հայկական զորքերը պետք է ազատեն ադրբեջանական բոլոր տարածքները, բացի Լեռնային Ղարաբաղից, դրանից հետո հնարավոր է նորմալ բանակցել ղարաբաղյան կարգավիճակի մասին: Կարծում եմ, որ սրանք ընդունելի պայմաններ են: Որոշ առաջընթաց կա: Մայիսի 10-ին կրակը դադարեցվել է: Ակտիվ բանակցություններ են ընթանում ԵԱՀԿ Մինսկի խմբի եւ Ռուսաստանի մասնակցությամբ: «Ազերբայջան», 6 հուլիսի, 1994թ.

Հարց. Ի՞նչ կարող եք ասել հակամարտության պատճառների մասին եւ ի՞նչ է պետք անել, որպեսզի այն կանգնեցվի:

Պատասխան. .... Մայիսի 10-ից դադարեցվել է կրակը: Այժմ ԵԱՀԿ Մինսկի խմբի եւ Ռուսաստանի մասնակցությամբ բանակցություններ են ընթանում: Հնարավոր է, վերջապես, հաջողվի հասնել համաձայնության, որպեսզի վերացվի հակամարտությունը: Բայց դա` մի պայմանով. հայկական զինված խմբավորումները ազատում են Ադրբեջանի բոլոր գրավյալ տարածքները, բացի, հասկանալի է, Լեռնային Ղարաբաղից: Հետո կարելի է բանակցել ԼՂ կարգավիճակի մասին: «Ռոսիյսկայա գազետա», 15 հունիսի 1994թ.

Ամերիկյան CNN-ին տված հարցազրույցից. «Այժմ մենք դադարեցրել ենք մարտական գործողությունները: Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ընդունված պայմանագրի հիման վրա ահա արդեն 17 ամիս է, ինչ մենք ապրում ենք կրակի դադարեցման պայմաններում»:

«Մերձիմոտ զբաղվելով հայ-ադրբեջանական, ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ, մենք 1994թ. մայիսին եկել ենք կրակի դադարեցման մասին համաձայնության: Ահա արդեն 7 տարի է, ինչ պատերազմ չկա, արյուն չի հեղվում»: Սա էլ Հեյդար Ալիեւի` աշխարհի ադրբեջանցիների առաջին համաժողովի ելույթից է :

Մենք դիտավորյալ չենք մեկնաբանում Հեյդար Ալիեւի մտքի որոշ «փայլատակումներ»: Դա ինքնին հասկանալի է: Մեր այսօրվա խնդիրն է` Նուրանի խանումին ցույց տալ, որ ոչ 1994, ոչ 1995 եւ ոչ էլ 2001թ. Հեյդար Ալիեւը, որ անմիջականորեն ներգրավված է եղել զինադադարի հաստատման բանակցություններում, որի հրահանգով են ձեռք բերված համաձայնություններն իրենց ստորագրություններով վավերացրել Ադրբեջանի խորհրդարանի խոսնակն ու պաշտպանության նախարարը, ոչ մի ակնարկ իսկ չի արել, թե «կրակի դադարեցման մասին պայմանավորվածությունները ձեռք են բերվել բանավոր, ուստի դրանք պարտավորեցնող չեն»:

Անշուշտ, Իլհամ Ալիեւն ու իր կառավարության անդամները կաշկանդված չեն Հեյդար Ալիեւի տված հանձնարարականներով եւ նրա թիմակիցների ստորագրությամբ: Բայց դրա համար չարժե «վկայակոչել» ինչ-որ «փորձագետների» կամ «պաշտոնաթող եւ գործող ռուսաստանցի դիվանագետների», հատկապես` «պատմաբանների»: Հարկ է, որ Իլհամ Ալիեւը համարձակություն դրսեւորի եւ ասի, որ «որդին հոր փոխարեն պատասխանատու չէ»: Կամ ուղղակի հայտարարի, որ Ադրբեջանը «չեղյալ է համարում զինադադարի համաձայնությունները»:

Թե չէ ստացվում է, որ նա այդ համարձակությունը չունի եւ հիմար վիճակի մեջ է դնում Նուրանի խանումին: Հետո էլ «արժանապատվությունը խոցվածի» կեցվածք ընդունում, երբ ասում են, որ Ադրբեջանում միշտ «ճակատի առաջին գիծ են ուղարկում կանանց»: