կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-05-07 04:26
Աշխարհ

ԱՄՆ-ը փակում է ոչ ցանկալի գործիչների մուտքը ՄԱԿ

ԱՄՆ-ը փակում է ոչ ցանկալի գործիչների մուտքը ՄԱԿ

ԱՄՆ-ը հաճախ է մուտքի վիզաների հարցում խոչընդոտներ ստեղծում որոշ պետությունների ներկայացուցիչների համար, որպեսզի նրանք ժամանակին չկարողանան ժամանել Նյու Յորք` մասնակցելու ՄԱԿ-ի գրասենյակում տեղի ունեցող միջոցառումներին: Շատ երկրների կասկածները, փաստորեն, հաստատվել են ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցչության պաշտոնական հեռագրի շնորհիվ, որը հրապարակել է WikiLeaks-ը:

Փաստաթղթում ասվում է, որ Իրանի պաշտոնյա Ալիռեզա Սալարի Շարիֆաբադին ամերիկյան մուտքի վիզա է խնդրել ՄԱԿ-ում համաշխարհային ֆինանսա-տնտեսական ճգնաժամի վերաբերյալ հանդիպմանը մասնակցելու համար: Հանդիպումը տեղի էր ունենալու 2009-ի հունիսին, սակայն հուլիսի վերջին միայն ամերիկյան իշխանությունները ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցչին տեղեկացրել են, որի իրանցի պաշտոնյային մուտքի վիզա չի տրամադրվելու:

Միջազգային համաձայնագրերի համաձայն` ԱՄՆ-ը պարտավոր է ժամանակին վիզաներ տրամադրել ՄԱԿ-ի աշխատանքներին մասնակցող օտարերկրյա պատվիրակություններին: Ընդհանուր առմամբ, համաձայնագրերը կատարվում են, եւ ժամանակին ՄԱԿ-ում ելույթ ունենալու համար Նյու Յորք են ժամանել Վաշինգտոնի համար անցանկալի Լիբիայի եւ նույն Իրանի ղեկավարները:

Սակայն ամեն կանոն բացառություն ունի. օրինակ` 1988-ին ամերիկյան վիզա չէին տվել Պաղեստինի առաջնորդ Յասիր Արաֆաթին, եւ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան Պաղեստինի հարցով նիստը ցուցադրաբար անցկացրեց Ժնեւում:

Իսկ վերաոհիշյալ հրապարակման անմիջական առիթը աղմկոտ պատմությունն էր, թե ինչպես ՄԱԿ-ում Լիբիայի իրադրության քննարկմանը այդ երկրի ղեկավարության ներկայացուցիչները չեն կարողացել մասնակցել` ԱՄՆ-ի կողմից վիզային խորընդոտների ստեղծման պատճառով: