կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-04-30 03:46
Արցախ

Ճանապարհաշինության ոլորտում զգալի աշխատանքներ են կատարվել

Ճանապարհաշինության ոլորտում զգալի աշխատանքներ են կատարվել

Արցախի կարեւոր ճանապարհահատվածներից մեկում հողային աշխատանքներ են սկսվել. Ստեփանակերտ-Հաղորտի ճանապարհը մայրաքաղաքի հետ կապում է մի քանի գյուղեր, ինչպես նաեւ Մարտունի շրջկենտրոնը: Ճանապարհը մի քանի անգամ նորոգվել է, սակայն այն հիմնանորոգման կարիք ուներ:

Հիմնանորոգման մասին շատ էին խոսում տարիներ առաջ, սակայն դեռ հստակ որոշում չկար այն սկսելու, քանի որ մի պահ նաեւ լուրեր էին պտտվում, թե Ննգի գյուղում, որտեղով անցնում է ճանապարհը, սողանքները նորից կփչացնեն ճանապարհը:

Այժմ հիմնանորոգման որոշումը կա, եւ աշխատանքներն էլ ընթացքի մեջ են:

«Այս տարի կասֆալտապատվի Ստեփանակերտ-Քռասնի մոտ 5 կիլոմետրանոց ճանապարհահատվածը»,- «Երկիրի» թղթակցին ասաց ԼՂՀ քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը:

Տեղեկացնենք, որ անցյալ տարի զգալի աշխատանքներ են իրականացվել հանրապետության ավտոճանապարհների վերակառուցման, վերանորոգման եւ պահպանման ուղղությամբ. ավարտվել են Ասկերանի շրջանի Ծաղկաշատ գյուղի ճանապարհի ասֆալտապատման, Աղդամ-Մարտակերտ ճանապարհի 7 կմ հատվածի, Սարգսաշենի նոր կամրջի եւ գյուղ տանող 4 կմ երկարությամբ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները, Ստեփանակերտ-Ննգի-Մարտունի ճանապարհի 6 կմ հատվածի հիմնանորոգման եւ ասֆալտապատման աշխատանքները, Կարմիր Շուկա-Մարտունի ճանապարհի հիմնանորոգման եւ ասֆալտապատման, Մարտակերտի շրջանի Խնկավան գյուղի 3 կմ ճանապարհի վերանորոգման աշխատանքները:

Կատարվել են Մարտակերտ-Մատաղիս ճանապարհի 12 կմ հատվածի, Ստեփանակերտ-Գանձասար, Ստեփանակերտ-Կարմիր Շուկա, Ստեփանակերտ-Աղդամ ճանապարհների փոսերի լցման աշխատանքները: Աշխատանքներ են կատարվել նաեւ Ստեփանակերտ-Գորիս ավտոճանապարհի 64 կմ ճանապարհահատվածի պահպանման եւ շահագործման ուղղությամբ:

Ներկայումս հիմնանորոգվում են Ծակուռի-Ակնաղբյուր-Հադրութ եւ Հադրութ-Ցոր ճանապարհները: Նորոգման աշխատանքներ են ընթանում Շուշիի շրջանի Քիրսավան գյուղի 13 կմ երկարությամբ եւ Հադրութի շրջանի Արփագետիկ եւ Խծաբերդ գյուղերի 32 կմ երկարությամբ ճանապարհների վրա եւ այլն:

«Արցախուղի» ՓԲԸ-ն ավելի քան 520 կմ երկարությամբ շրջանների տեղական նշանակության 50 ճանապարհների վրա կատարել է նաեւ ընթացիկ նորոգման աշխատանքներ: