կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-04-27 00:36
Առանց Կատեգորիա

Ուղեղ մատակարարող երկիր

Ուղեղ մատակարարող երկիր

Հայաստանը վերածվել է զարգացած պետություններին որակյալ կադրեր մատակարարող երկրի: Երիտասարդն այստեղ կրթվում է, հմտանում, իսկ հետո հարմար առաջարկի դեպքում թողնում-գնում արտերկիր:  

Ներկայումս կտրված է կրթություն-գիտություն տրամաբանական կապը: Կրթության ոլորտին ավելի մեծ հատկացումներ են արվում, քան գիտությանը: Այստեղ խնդիրն այն չէ, թե ինչո՞ւ է կրթության ֆինանսավորումն ավելի շատ, այլ թե ինչո՞ւ են գիտությանը հատկացվող գումարներն անբավարար:

Օրինակ` կրթաթոշակներ են հատկացվում ուսանողներին դրսում որակյալ կրթություն ստանալու համար, սակայն չեն ապահովվում նրանց` Հայաստան վերադառնալու եւ գիտական գործունեությամբ զբաղվելու պայմանները: Էլ չենք խոսում աշխատավարձերի մասին. փաստ է, որ այսօր ուսուցիչներն ավելի բարձր աշխատավարձ են ստանում, քան գիտնականները:

Եվ այս դեպքում մեղադրել երիտասարդ գիտնականին, որ չի զոհել իր մասնագիտական առաջընթացի ու արժանապատիվ ապրելու հնարավորությունը ու չի մնացել հայրենիքում` տեղում դոփելու համար, արդարացի չէ:

Վերջերս Facebook-ում բացվեց «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» խումբը, որի անդամները կառավարությունից պահանջում են գիտության ֆինանսավորման աճ՝ ՀՆԱ-ի ներկայիս 0.2 տոկոսից մինչեւ 2-3 տոկոս:

ԱԺ պատգամավոր, տնտեսական գիտությունների թեկնածու Արա Նռանյանի խոսքերով` պարզապես անհնար է գիտության զարգացումը պետության տնտեսական վիճակից զատելը. «Այսօր երբ տնտեսությունը քանդվում է, չկա արդյունաբերություն, գիտության այս վիճակը օրինաչափ է: Գիտության ոլորտում ներդրումներ անելով պետք է այն կապենք տնտեսության զարգացմանը: Եվ չկորցնենք այդ կապը»: Ա. Նռանյանի խոսքերով` ներկայումս կարող են զարգացնել մետալուրգիան ու հանքարդյունաբերությունը, այնինչ` այսօր այդ ոլորտի մասին խոսելիս պատկերացնում են միայն «հանքը կտրելն ու վագոններով Եվրոպա ուղարկելը»:

Ի պատասխան ֆեյսբուքյան խմբի պահանջների` ՀՀ վարչապետի ֆեյսբուքյան օգնականը գրել է, թե գիտության ոլորտի ֆինանսավորումը, գիտնականների աշխատավարձերն ու ասպիրանտների կրթաթոշակները չեն կարող կտրուկ բարձրացվել` պետական բյուջեի սահմանափակության պատճառով: «Այդ իսկ պատճառով մենք ձեզ հետ պետք է կարողանանք ուղիներ գտնել տնտեսության մասնավոր հատվածի, շահագրգիռ ընկերությունների կողմից գիտական հետազոտությունների ֆինանսավորումը խրախուսելու համար»:

Կառավարությունից անկախ էլ երիտասարդ գիտնականների մի մասը կարողանում է իր գլխի ճարը տեսնել: Քիչ չեն դրամաշնորհային տարբեր ծրագրերը, որոնք, առաջին հայացքից թվում է, թե միայն կառավարության հոգսն են թեթեւացնում, սակայն դրանք էլ հենց լավագույն միջոցն են դառնում մեծ պոտենցիալ ունեցող երիտասարդերին իրենց կողմը քաշելու համար:

Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը նույնպես Facebook-ում արձագանքել է խմբին եւ գրել է. «ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովին արդեն առաջարկել եմ վերլուծել ոլորտի խնդիրները եւ մինչեւ 2012 թ. բյուջեի քննարկումը կառավարությանը կներկայացնենք առաջարկներ»:

Հույս ունենանք, որ ԱԺ-ի առաջարկությունները մի բան կփոխեն:

Աստղիկ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ