Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Տարբեր գնահատականներով՝ Հայաստանում առկա է 25-100 հազ. տոննա ուրանի պաշար, որը երկրաբանահետախուզական աշխատանքներից հետո կարող է կրկնապատկվել։ Բայց էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանն ասում է, որ երկրաբանահետախուզական առաջին աշխատանքները դրական արդյունքներ չեն տվել։
Օրերս էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանը, ըստ «ԱրմԻնֆոյի», ասել է, որ հայ-ռուսական պետական հանքարդյունաբերության ընկերության կողմից անցած տարի ուրանի պաշարների հայտնաբերման ուղղությամբ կատարված երկրաբանահետախուզական աշխատանքների արդյունքում պարզվել է, որ ուրանի պաշարները բավարար չեն կոմերցիոն արդյունահանման համար։
«Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հանրապետությունում ուրանի պաշարները կոմերցիոն հետաքրքրություն չեն ներկայացնում»,- ասել էր նախարարի տեղակալը՝ միևնույն ժամանակ նշելով, որ այդ ուղղությամբ աշխատանքները շարունակվում են։ Փոխնախարարի այս հայտարարությունն ուշագրավ է, եթե հաշվի առնենք, որ նախնական գնահատումներով, որոնք իրականացվել են անցած դարի 70-ական թթ., Հայաստանում ուրանի պաշարները կազմում են շուրջ 50 հազ. տոննա։ Սակայն մասնագետների կարծիքով՝ այդ պաշարները վերջնական երկրաբանահետախուզական աշխատանքներից հետո կարող են կրկնապատկվել։
Օրինակ՝ դեռևս 2007թ. «Ռոսատոմի» ղեկավար Սերգեյ Կիրիենկոն ասել էր, որ Սյունիքի մարզում ուրանի պաշարները կազմում են շուրջ 30 հազ. տոննա, և Հայաստանը կարող է ոչ միայն այն արդյունահանել սեփական կարիքների համար, այլև արտահանել։ Հետագայում բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանն ասել էր, որ Հայաստանում ուրանի պաշարները կարող են տատանվել 25-100 հազ. տոննայի սահմաններում։
Հայաստանում կոմերցիոն արդյունահանման համար առկա բավարար ուրանի մասին վկայում է այն, որ Հայաստանը 2008թ. փետրվարին ցանկություն էր հայտնել միանալ Ռուսաստանի և Ղազախստանի կողմից 2007թ. հիմնված «Ուրանի հարստացման միջազգային կենտրոնին» (Անգարսկում) և պատրաստ էր ձեռք բերել բաժնետոմսեր։ Չունենալով պաշարների վերաբերյալ տվյալներ՝ կառավարությունը դժվար թե գնար նման քայլի։ Հայտարարվում էր նույնիսկ, որ Միջազգային կենտրոնում հարստացված հայկական ուրանն օգտագործվելու է սեփական կարիքների համար՝ Մեծամորի ատոմակայանում, բացի այդ՝ կարող է արտահանվել։ Հայաստանում առկա ուրանի լուրջ պաշարների մասին հրապարակումներ է արել նաև ռուսական Горный журнал գիտական հանդեսը 2007թ.։
«Էկոլուրը», հղում անելով այդ հրապարակմանը, նշում է, որ համաձայն հայ և ռուս մասնագետների տվյալների` հանրապետությունում հայտնաբերվել են ուրանի 34 հանքավայրեր և երևակումներ: Կանխատեսվող ռեսուրսները Փխրուտի հանքավայրում կազմում են մոտ 20 հազ. տոննա` ուրանի 0,2% միջին պարունակությամբ: Ուրանի միջին պարունակությունն Անդիի հանքավայրում կազմում է 0,34%, կանխատեսումային ռեսուրսները կազմում են 5-10 հազ. տոննա: Ամուլսարի երևակումների 5 տարածքներում գնահատվել է մոտավորապես 76 տոննա ուրան, իսկ հաշվի առնելով ուրանի առկայությունը Թորիումի երևակման տարածքում` նրա պաշարները կարող են գնահատվել մինչև 100 տոննա:
Վայքում ուրանի երևակումների կանխատեսվող պաշարները գնահատվում են 20-30 հազ. տոննայի սահմաններում: Վեդիի երևակումների խումբը, ըստ կանխատեսումների, պարունակում է 10-15 հազ. տոննա ուրան: Ուրանի անտառային երևակման կանխատեսվող պաշարները գնահատվում են 30-40 հազ. տոննա: Նշենք, որ անցած տարվա ապրիլի համեմատ միջազգային շուկայում ուրանի գինն աճել է շուրջ 50%-ով՝ երեկվա դրությամբ կազմելով $126 հազ.` 1 տոննայի համար, իսկ փետրվարին 1 տոննա ուրանի գինը հասել էր $161 հազ.-ի։ Ի դեպ, ուրանի գնի պատմական առավելագույնը արձանագրվել է 2007թ.՝ 1 տոննան՝ $300 հազ.։