կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-04-23 23:46
Առանց Կատեգորիա

Քրդերի դիրքորոշումը կարող է շրջադարձային լինել

Քրդերի դիրքորոշումը կարող է շրջադարձային լինել

Հայ ժողովրդի ճակատագրում այնքան բացասական դեր կատարած քրդերը ներկայումս հնարավորություն ունեն փոքր-ինչ քավելու իրենց մեղքը համայն հայության առջ¨: Դրա համար քրդական քաղաքական պատասխանատուներից պահանջվում է համարձակություն, արժանապատվություն ¨ սեփական ծանրագույն սխալները ընդունելու, շտկելու իմաստնություն:

Հայտնի է, որ սկսած Բեռլինի կոնգրեսից` փոխվեց օսմանյան իշխանությունների վերաբերմունքը քրդերի հանդեպ: Թուրքական կառավարող վերնախավը քրդական ցեղերի շրջանում բորբոքում էր մոլեռանդ հակահայկական տրամադրություններ: Սուլթան Աբդուլ Համիդը, որը կայսրության ժողովուրդներին իրար դեմ հանելու, գրգռելու մեծ վարպետ էր, հայերին ու քրդերին միմյանց դեմ դուրս բերելով, դրանով մեկ կրակոցով երկու նպատակակետ էր խոցում:

Հիրավի, քրդական մոլեռանդ ոգին ու վայրագությունները ուղղելով արեւմտահայության դեմ` սուլթանական կառավարությունը ջլատում, թուլացնում էր օսմանյան կայսրության` թեեւ արտաքուստ հպատակ, սակայն ապստամբելու ընդունակ երկու ժողովուրդներին:

Համիդը 1890թ. թուրքական 4-րդ բանակի հրամանատար Զեքի փաշային հանձնարարեց ստեղծել «համիդիե» զորագնդերը: Ճշմարիտ է այն դիտարկումը, որ այդ գնդերը, ըստ էության, կազմակերպվեցին ներքին թշնամիների` քրիստոնյաների կամ ավելի ստույգ` հայերի դեմ պայքարելու համար: Արեւմտահայությունը ամբողջովին մատնվեց քրդական թափառող ցեղերի ու ավազակախմբերի քմահաճույքին եւ կամայականությանը:

Ի դեպ, ժամանակի հայ ազգային-քաղաքական գործիչներից շատերը, գնահատելով ու մեծ կարեւորություն տալով օսմանյան կայսրության տարածքում ճնշված մյուս ժողովուրդների հետ համերաշխվելու խնդրին, ձգտում էին քայլեր կատարել թուրքական բռնապետության դեմ ուղղված հայ-ասորական եւ հայ-քրդական դաշինքներ ստեղծելու ուղղությամբ:

Հայ-քրդական համագործակցության խնդրի կարեւորությամբ եւ հրատապությամբ մեծապես մտահոգվել է արեւմտահայ ազգային-հասարակական նշանավոր գործիչներից Մկրտիչ Խրիմյանը` արեւմտահայերի երբեմնի պատրիարքն ու ապագա ամենայն հայոց կաթողիկոսը:

Սակայն, ցավոք, իրադարձությունները զարգացան բոլորովին այլ ուղղությամբ: Քրդական ցեղերը գրեթե ամբողջությամբ ներքաշվեցին հակահայկական հիստերիայի մեջ եւ ակտիվ մասնակցություն ունեցան արեւմտահայությանը տեղահանելու եւ ոչնչացնելու  գործում: Թուրքական բոլոր կարգի իշխանությունները քրդերին հավաստիացրել էին, որ նրանք անպատիժ կմնան հայերի դեմ ուղղված ցանկացած վայրագություն իրականացնելիս: Ահա այդ պատճառով է, որ քրդերը սանձարձակ քայլերի դիմեցին հայկական բնակավայրերը թալանելու եւ հայերին բնաջնջելու գործընթացում:

Իհարկե, հետո նրանք հասկացան իրենց թույլ տված ծանրագույն սխալի ողջ հետեւանքները, քանի որ արեւմտահայությանը բնաջնջելուց հետո թուրքական իշխանություններն անցան քրդերի ոչնչացման ծրագրի իրագործմանը:

Ցեղասպանությունից իննուկես տասնամյակ անց քրդերը բարոյական առումով կարող են թոթափել մեղքի իրենց ծանր բեռը: Այդ անելու համար նրանք կարող են համարձակ վկայություն տալ Հայոց ցեղասպանության իրողության վերաբերյալ, ինչպես դա, օրինակ, արեց Շվեդյայի խորհրդարանի պատգամավոր, ազգությամբ քուրդ Գուլան Ավսին: Նա շվեդական խորհրդարանի ամբիոնից պարզ ու աներկբա հայտարարեց. «Ես քուրդ եմ, Վանից եմ: Իմ պապերը մասնակցել են ջարդերին, դա է իմ ժառանգությունը, ես չեմ կարող հերքել»: Այսպես` միանշանակ` առանց խուսանավումների եւ դիվանագիտական այլեւայլությունների:

Նման մատծողությամբ քուրդ գործիչներ կան նաեւ Թուրքիայի խորհրդարանում, որոնք առիթը բաց չեն թողնում Հայոց ցեղասպանության թեման բարձրացնելու համար: Սակայն առանձին անհատ գործիչներից զատ, քրդերը պարտավոր են համընդհանուր, մասսայական վկայություն տալ, թե ինչ է կատարվել իրենց դրացի հայերի հետ հեռավոր 1915 թվականին:

Այդ դեպքում թուրքերը կգամվեն պատմության դատաստանին եւ ստիպված կլինեն հաշտվել իրենց ծանր, արյունոտ ու մահահոտ անցյալի հետ: Քանզի հայ-թուրքական կոնֆլիկտի հանգուցալուծմանը միջամտում է երրորդ կողմը, որը ո՛չ միայն ականատես, այլեւ մասնակից է վերոնշյալ իրողություններին: Պատմության ամենաողբերգական էջի` Հայոց ցեղասպանության իրողության վերաբերյալ երրորդ կողմի` քրդերի ազնիվ դիրքորոշումը կարող է շրջադարձային լինել հայոց Մեծ եղեռնի համաշխարհային ճանաչման եւ դատապարտման գործում:

Դրանով իսկ քրդերը բարոյական առումով կթոթափեն գործած մեղքը եւ նեցուկ կլինեն պատմականորեն իրենց դրացի հայ ժողովրդին:

 

Արմեն ԿԱՐԱՊԵՏՅԱՆ